Համոզված է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը
«Օրինաց երկիր» կուսակցության հերթական 10-րդ համագումարին ներկա էին երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Կարինե Հակոբյանը, մի շարք երկրների դեսպաններ:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի զեկույցից առաջ հրավիրվածները եւ կուսակցականները դիտեցին ՕԵԿ-ի անցած ուղուն նվիրված ֆիլմ, ՕԵԿ-ականները երգեցին իրենց կուսակցության օրհներգը, իսկ ՀՀ օրհներգը հնչեց Արթուր Բաղդասարյանի զեկույցից հետո միայն: ՕԵԿ նախագահի խոսքը մի քանի անգամ ընդմիջվեց ծափահարություններով: Կուսակցության նախագահը զեկույցը սկսեց ոչ թե ընդունված ստանդարտ խոսքերով, այլ մի տեսակ զրույցի պես՝ կարծես ինքն իր մասին էր խոսում. «Ես իրավունք չունեմ ձեզ հիասթափեցնելու, իրավունք չունեմ վարանելու, իրավունք չունեմ ձախողելու: Մի ժամանակ ես համոզված էի, որ քաղաքականությունը կապ չունի մարդու անձնական ապրումների հետ, եւ ուժեղ մարդը տիրապետում է իր զգացմունքներին: Այժմ ես հասկացել եմ, որ մարդու ուժը նաեւ զգացմունքների մեջ է: Ես ճանաչել եմ դժվարություններ ու ձախողումներ եւ գիտեմ ինչպես հաղթահարել դրանք: Ես գիտեմ, թե ինչ է վախն ու կասկածը, եւ քաջությունը հենց դրանց հաղթահարման մեջ է: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր չեն վստահում քաղաքականությանը, քանզի բազմիցս խաբել են նրանց: «Օրինաց երկիրը» երբեք չի խաբել իր քաղաքացիներին, «Օրինաց երկիրը», սակայն, հաճախ հասկացված չի եղել, մենք ուզում ենք լինել ավելի լսելի, հետեւաբար՝ ավելի հասկացված: Մենք ցանկանում ենք, որ մեր գաղափարները, մարդկային մեր տեսակը հասկացված լինի»: Իր խոսքում անդրադառնալով 2008 թվականի նախագահական ընտրություններին եւ դրանից հետո ստեղծված իրավիճակին՝ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «Եվ իրոք այսօր մենք կարող ենք ասել, որ նախագահական ընտրություններից հետո ես շատ բան ունեմ տալու, ստանալու եւ վճարելու»։
Կարդացեք նաև
Հայտարարեց, որ «Օրինաց երկիրը» ունի 150 հազար անդամ, շեշտվեց նաեւ, որ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում կուսակցությունը աջակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Տնտեսական, սոցիալական եւ քաղաքական որոշ վերլուծություններից հետո ՕԵԿ նախագահը մի տեսակ կոչով դիմեց, իր ասելով՝ «մեր բարեկամներին». «Ես ուզում են նաեւ դիմել մեր բարեկամներին։ Ես ակնկալում եմ, որ մեր բարեկամները մեզ կաջակցեն իրենց բարի խոսքով ու բարի հայացքով։ Մենք ոչ մեկի հացը չենք խլում, մենք մեր հաղթանակն ենք ուզում տանել։ Բոլորի համար էլ կա հնարավորություն»:
Չնայած սպասվում էր, որ համագումարի արդյունքում ի վերջո կհրապարակվի կուսակցության համամասնական ցուցակը, սակայն դա տեղի չունեցավ:
Համագումարը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրեց կուսակցության հիմնադիր եւ անփոփոխ նախագահ Արթուր Բաղդասարյանին, իսկ վերջինս էլ իր կուսակցության համամասնական ցուցակի մասին միայն կարճ ասաց. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորական ցուցակներում կլինեն մեծ թվով երիտասարդ մարդիկ, ովքեր պատրաստ են պայքարել փոփոխությունների համար, ունեն առաջադեմ մտածողություն»։
Զեկույցի վերջում դիմելով համագումարի հյուրերից ԵՄ եւ այլ երկրների դեսպաններին՝ ՕԵԿ նախագահն ասաց. «Եվ ցավն այն է, որ այսօր խոսում են ազատ մամուլի մասին… ես դիմում եմ այստեղ նստած ԵՄ անդամ եւ այլ երկրների դեսպաններին, որոնց այս բարձր ամբիոնից ես տեսնում եմ: Բա ասեք՝ ազատ մամուլը ո՞րն է, ազատ մամուլը զրպարտա՞նք է: Ազատ եւ պատասխանատու մամուլ պետք է ունենանք, եւ «Օրինաց երկիրը» սրա համար պայքարելու է»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը:
«Մենք գտնում ենք որ այսօր քաղաքական խաղերի, քաղաքական հաճույքի ժամանակը չէ, սա նոր սկզբի ժամանակ է, եւ այժմ դիմում ենք ձեզ՝ մի կողմ դնելու հիասթափության կամ անօրինականության որեւէ զգացում, միանալու մեր քաղաքական թիմին դրամատիկ, սակայն պատասխանատու այս փուլում»: ՕԵԿ նախագահը համոզված է, որ տնտեսական կյանքում բարեփոխումների հետագա խորացումը հնարավորություն կտա առաջընթաց եւ զարգացում երաշխավորելու. «Վերլուծելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացները՝ կարող ենք վստահորեն ասել, որ վերջին տարիներին Հայաստանը վճռականորեն որդեգրել է մեր պետական ու հասարակական կյանքում ակտիվ բարեփոխումներ իրականացնելու ռազմավարությունը»:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահը նաեւ պնդեց, որ առանց նորարարության, առանց վճռականության, այս տեմպերով «արագ դրական ելքերի հասնել չենք կարող»:
Խոսելով ՕԵԿ-ի եւ հանրապետության նախագահի միջեւ հաստատված «առողջ, կառուցողական» համագործակցության մասին՝ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «Մեր չորս տարիների համատեղ աշխատանքը ինձ հիմք է տալիս պնդելու, որ մեր երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ