Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կարող է իրավիճակը փոխել

Մարտ 06,2012 13:11

Պետրոս Մակեյանը՝ ՀԱԿ-ի դաշինքից հրաժարվածների եւ «իրավիճակի փոփոխության» իր պատկերացումների մասին

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող երեք կուսակցություն՝ Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու պատիվը», Սոս Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը», պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդը» եւ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, որը ՀԱԿ-ի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, հրաժարվել են ՀԱԿ-ի նախընտրական դաշինքից: Aravot.am-ի հետ զրույցում իրենց «հրաժարականի» պատճառներից խոսելով՝ Սամվել Հարությունյանը նշել էր «ռազմավարական եւ մարտավարական լուրջ տարաձայնությունները»՝ հավելելով, որ մանրամասներին կանդրադառնա կայանալիք մամուլի ասուլիսում: Երեկ ՀԱԿ կենտրոնական գրասենյակից «Առավոտին» այդպես էլ չհաջողվեց վերջին «հրաժարականների» առիթով մեկնաբանություններ ստանալ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում միայն առաջին դեմքով ներկայացված լինելու որոշման մասին հայտարարել էր «Հանրապետություն» կուսակցությունը: ՀԱԿ-ի մաս կազմող մեկ այլ՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին խնդրեցինք փոքր-ինչ բացել փակագծերը, քանի որ վերջինս նույնպես մասնակցում է ՀԱԿ քաղխորհրդի նիստերին եւ թերեւս լավատեղյակ է, թե ինչ «լուրջ տարաձայնությունների» մասին է խոսքը:

– Անկեղծ ասած՝ ես այդքան էլ լուրջ տարաձայնություններ չեմ տեսել: Տարաձայնությունները եղել են փոխզիջումով ընդունված ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի համամասնության շուրջ: Այսինքն՝ երբ սկսվեցին քննարկումները, թե ի՞նչ համամասնությամբ պետք է լինի կուսակցական հենքը, ինչքան՝ անկուսակցականների եւ քաղբանտարկյալների, այդ ժամանակ ծագել են տարաձայնություններ: Մարտավարական տարաձայնություններ քաղխորհրդում ես չեմ զգացել: Իհարկե, քննարկում եղել է մարտավարության հետ կապված, որ ընդհանուր գործընթացներն այս փուլում պետք է գնան իրավիճակը փոխելուն, ոչ թե դասական առումով՝ ընտրության եւ մանդատների խնդրի շուրջ, որին մեր կուսակցությունն էլ համաձայն է: Մեր կուսակցությունն ամեն անգամ եւ հիմա էլ պնդում ու համոզված է, որ իրավիճակը փոխելու խնդիր պետք է լուծենք, եւ այս ընտրությունները պետք է սովորական, դասական հայաստանյան խորհրդարանական ընտրություններից տարբերվեն: Դրա հնարավորությունը կա:

– Ովքե՞ր են դեմ իրավիճակ փոխելու տարբերակին եւ կողմ՝ մանդատներ ստանալուն:

– Կարծում եմ՝ ՀԱԿ-ում ոչ մի ուժ էլ դեմ չէ իրավիճակ փոխելուն: Պարզապես մի մասը գտնում է, որ դա պետք է դառնա ՀԱԿ-ի այս պահի հիմնական գործելաոճ՝ կոնկրետ քայլերով, մյուս մասն էլ գտնում է, որ պետք է պահը ճիշտ ընտրվի: Պահի խնդիրն է: Օրինակ՝ մենք համոզված ենք, որ մարտի 1-ի հանրահավաքով հնարավոր չէ սկսել այն ակտիվ գործողությունները, որովհետեւ առաջին հանրահավաքում սխալ է նման խնդիր դնել: Բայց ուժեր, մարդիկ կան, որ մտածում են՝ կարելի է մեկ շաբաթ անց նորից հանրահավաք անել: Ես կարծում եմ՝ դա իրատեսական չէ, պետք է զուգահեռ տարվի գործընթացը՝ ցուցակի հետ կապված, ե՛ւ նախընտրական այլ տեխնիկական խնդիրներ իրականացվեն, ե՛ւ հասարակությանն ակտիվացնել:

– Ի վերջո, ընտրացուցակի ձեւավորման հետ կապված խնդիրներն ի՞նչ պատճառով լուծում չստացան, որ որոշում կայացվեց այդ մենաշնորհն առաջին նախագահին հանձնել:

– Վերջին մեկուկես-երկու ամիսը ես եմ մասնակցել ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստերին, կարող եմ ասել, որ հստակ երեւում էր՝ քննարկվող սկզբունքների համամասնության շուրջ այլեւս կոնսենսուսի գալ հնարավոր չէր: Մի մասը գտնում էր, որ կուսակցական հենքը պետք է դոմինանտ լինի, մյուս մասը գտնում էր, որ դոմինանտ պետք է լինի անկուսակցականների եւ քաղբանտարկյալների համամասնությունը: Մեր կուսակցությունն առաջարկեց փոխզիջման գալ: Մի քանի կուսակցություններ միացան մեր առաջարկին, բայց երեւաց, որ կողմերը չեն գնում փոխզիջման, կոնսենսուսը չէր ստացվում: Քաղխորհրդից զատ՝ այլ լիազոր մարմին ՀԱԿ-ում չկա, այդ իսկ պատճառով քաղխորհուրդը որոշեց ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կազմելու լիազորությունը հանձնել ՀԱԿ առաջնորդին:

– Այս չորս տարիների համառ պայքարից հետո ընտրացուցակի շուրջ առաջացած խնդիրներն արդյոք չե՞ն մանրացնում եւ ստվերում ՀԱԿ-ի գործուներությունը:

– Քաղխորհրդում չի քննարկվել կոնկրետ կուսակցությունների եւ անհատներ տեղերի հարց: Եթե քննարկումներ գնային՝ կոնկրետ կուսակցություններին ինչքան տեղ տալ, ում՝ ումից ետ ու առաջ գրել, ձեր հարցադրումը տեղին կլիներ: Բայց այս պարագայում քննարկումները եղել են սկզբունքների եւ համամասնությունների շուրջ: Իսկ դա նորմալ երեւույթ է: Այս պարագայում որեւէ վտանգ եւ բացասական բան չեմ տեսնում:

– ՀԱԿ-ի 18 քաղաքական միավորներից հինգը կրավորական կեցվածք են ընդունում այն ընտրություններից առաջ, որոնցով ակնկալվում է Հայաստանում իրավիճակ փոխել կամ դրա համար նախադրյալներ ստեղծել: Սա չի՞ ազդի առաջիկա քաղաքական ակտիվության վրա:

– ՀԱԿ-ի հռչակագրում նշված է, որ յուրաքանչյուր կուսակցություն կարող է ընտրություններին առանձին էլ մասնակցել կամ իր նախընտրած ձեւաչափով: Ձեր նշած բոլոր կուսակցությունները հայտարարել են, որ ՀԱԿ-ի կազմում մասնակցելու են բոլոր գործընթացներին: Հարցի ենթատեքստը հասկանալի է՝ կարող է նույն ակտիվությամբ չմասնակցեն, ինչպես կմասնակցեին, եթե լինեին ցուցակում: Տեսնում եմ խնդիրը, բայց երբ զարգացումները գնան ոչ դասական ընտրությունների սցենարով, կարծում եմ՝ այդ ժամանակ խնդիրը կլուծվի, բոլորն էլ կմասնակցեն համապատասխան ներդրումով:

– Քանի որ Ձեր ղեկավարած կուսակցությունը եւ Դուք էլ ՀԱԿ-ում մշտապես աչքի եք ընկել ընդդիմադիր կեցվածքով, հնարավոր համարո՞ւմ եք, որ «Ժողովրդավարական հայրենիքն» էլ առաջիկայի համար ընտրի կրավորական կեցվածք:

– Մեր կուսակցությունում քննարկվել են ՀԱԿ-ին ներկայացվելիք կուսակցական ցուցակի տարբեր ձեւաչափեր: Որոշում չի ընդունվել: Մեր կուսակցության որոշումը, կարծում եմ, կլինի, երբ տեսնենք զարգացումների այն սցենարը, որը կբերի իրավիճակի փոփոխության: Մեր մոտեցումն այսպիսին է՝ ՀԱԿ-ում ամեն ինչ պետք է արվի, որպեսզի իրավիճակ փոխել հնարավոր լինի: «Իրավիճակ փոխելը» խնդրում եմ ճիշտ ընկալեք. տեսականում, այո, հնարավոր է, որ վաղն էլ իրավիճակն այնպես փոխվի, որ նույնիսկ նախագահին հրաժարական պարտադրվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031