Եթե հայոց գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանի եւ նրա համակիրների համար գլխավոր առաջնահերթությունն իսկապես պետությունն է, ինչպես որ նրանք հայտարարում են, ապա «արծիվները» պետք է ընտրեն այն արտահայտությունները, որոնք իրենց հրապարակային ելույթներում կիրառում են ներկա եւ նախկին նախագահների նկատմամբ: Որովհետեւ պետություն սիրող մարդը պետք է հասկանա, որ դրա առաջին դեմքը, ինչպիսին էլ նա լինի, իրեն վերապահված ժամանակահատվածում խորհրդանշում է այդ պետությունը: Բնականաբար, այդ ղեկավարների գործունեությունը մեզ կարող է եւ դուր չգալ, եւ մենք իրավունք ունենք դրա մասին բարձրաձայնելու, բայց դա պետք է անել առանց չափի զգացողությունը կորցնելու: Նույն հրապարակից, որտեղ անցած կիրակի պարոն Ասրյանը բոցավառ ճառեր էր արտասանում, մոտ 18 տարի առաջ մեկ այլ բոցաշունչ հռետոր՝ Աշոտ Մանուչարյանը, արտասանեց «պոռնիկ» բառը՝ նկատի ունենալով առաջին նախագահին եւ նրա մերձավոր շրջապատին: Չեմ կարծում, թե դա լավ ավանդույթի հիմք դրեց: Տարբերությունն այն է, որ պարոն Մանուչարյանը խոսում էր այն ժամանակվա գործող նախագահի, իսկ «արծիվը»՝ նախկին ղեկավարի մասին. երկրորդը, համաձայնեք, ավելի փոքր ռիսկի հետ է կապված: Այդ՝ երկրորդ դեպքում գործող նախագահը պարտավոր է զսպել իր չափից դուրս խանդավառ կողմնակիցներին՝ վերը նշված պատճառներով, ինչպես նաեւ՝ հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ ինքն էլ վաղ թե ուշ կդառնա նախկին նախագահ: 98 թվականից հետո նման ավանդույթ չստեղծվեց, եւ այն ժամանակվա նախագահ Քոչարյանին աջակցող քարոզչությունը առավոտվանից գիշեր խոսում էր «նախորդ հանցավոր ռեժիմի մասին»: Այսօր պաշտոնական քարոզչությունը շատ ավելի զուսպ է՝ «արծիվային» պոռթկումը, հուսանք, բացառություն է: Շատ բան կախված է առաջին դեմքերից՝ նրանք են, ի վերջո, կանխորոշում բանավեճի, եթե կարելի է այդպես ասել, «հնչերանգը», ցանկության դեպքում կարող են զսպել իրենց կողքին հայտնված բոլշեւիկների հայհոյախառն հռետորաբանությունը: Սոլիդ չեմ համարում, երբ նախկին նախագահներն առանց հարգանքի են խոսում միմյանց մասին կամ հանձնարարում են հնչած որակումներին նույն ոճով պատասխան տալ իրենց կողմնակիցներին կամ էլ, ասենք, գրասենյակների ղեկավարներին:
Ընդհանրապես, երբ պետական ավանդույթները Հայաստանում փոքր-ինչ ամրապնդվեն, նախկին նախագահների դերը, կարծում եմ, կվերաիմաստավորվի: Նրանք ոչ նեղացած լռելու են, ոչ փողոցներում ընդդիմադիր պայքար են կազմակերպելու, ոչ էլ «զվարճանալու են»՝ իրար հասցեի կսմիթներ հնչեցնելով: Նրանք կխոսեն իրենց բարձունքից, տարին 2-3 անգամ, երկիրը հուզող կարեւորագույն խնդիրների մասին, կխոսեն զուսպ, ծանրակշիռ, բուն խնդրի շուրջ՝ առանց որեւէ մեկին մեղադրելու կամ վիրավորելու: Այսօր դա անիրականանալի երազանք է թվում, բայց նման մշակույթը վաղ թե ուշ կձեւավորվի՝ պարզապես որոշակի ժամանակ եւ, ինչպես ընդունված է ասել, քաղաքական կամք է պետք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ