Այս տարվա հունվարին շաքարավազի գինը նվազել է 0,3 %-ով: Փետրվարին էլ էժանացել են ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, կենդանական բուսական յուղը, միրգն ու բանջարեղենը: Այսօր Հենարան մամուլի ակումբում նման տվյալներ հրապարակեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա ներկայացրեց 2012-ի հունվար-փետրվար ամիսներին սպառողական շուկայում արձանագրված գնաճն ու գնանկումը: Պարոն Մարտիրոսյանի տվյալներով, հունվարին, անցյալ տարվա դեկտեմբերի համեմամատ 3,6 % գնաճ է նկատվել, 2012-ի փետրվարին էլ՝ 0,9 % գնանկում:
Գուրգեն Մարտիրոսյանը հունվարին գների բարձրացումը պայմանավորեց որոշ գյուղմթերքների թանկացմամբ, վստահեցնելով. «Հունվար ամսվա գնաճն ու փետրվարի գնանկումը Հայաստանի շուկայի համար օրինաչափ են»: Անդրադառնալով ալյուրի թանկացմանը, վիճակագիրը նշեց, որ այս տարվա հունվարին բարձր տեսակի ալյուրը 0,3 %-ով թանկացել է, իսկ փետրվարին էլ 4,4 %-ով, հացի գինն էլ հունվարին բարձրացել է 0,1 %-ով: Հունվար-փետրվարի թանկացել է խոզի, ոչխարի միսը, նրբերշիկը, ոչ պարենային ապրանքներից էլ բենզինը, դիզվառելիքը:
Այս տարվա 2 ամիսների վիճակագրությունը համեմատելով նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ՝ Գուրգեն Մարտիրոսյանը փաստեց, որ մասնավորապես՝ 2007-ին, որը նույնպես նախընտրական տարի էր, 0,7 տոկոս գնանկում է արձանագրվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ