ԿԸՀ՝ լրագրողների հավատարմագրման կարգը դուրս է որեւէ տրամաբանությունից, զրույցում ընդգծեց «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը
– Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական գործընթացները թույլ կտա լուսաբանել եւ կհավատարմագրի այն լրագրողներին, որոնք՝
– դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չեն ճանաչվել,
Կարդացեք նաև
– դիտավորյալ հանցագործության համար չեն դատապարտվել,
– դատվածությունը օրենքով սահմանված կարգով մարված է կամ հանված է,
– ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին չեն տարածել այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը (ինչը հաստատվել է դատարանի վճռով): ԿԸՀ–ի այս նորարարությունը ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Ես գտնում եմ, որ ընդհանրապես ամեն լրատվամիջոց ինքն է որոշում, թե որ լրագրողը պետք է լուսաբանի այս կամ այն գործընթացը, այդ թվում՝
ընտրական գործընթացները. որեւէ սահմանափակում այդ լրատվամիջոցի համար՝ լրագրողին գործուղել այս կամ այն հանձնարարությունը կատարելու համար, անընդունելի է։ Բացի այս, այն լրագրողները, որոնք դատական որոշմամբ մեղադրվել են զրպարտության կամ վիրավորանքի համար, թույլատրել մասնակցել ընտրական գործընթացների լուսաբանմանը՝ դա նույնպես լրագրողների իրավունքների ակնհայտ, անընդունելի սահմանափակում է։
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիր է սրանով լուծում ԿԸՀ–ն։
– Երեւի ուզում է որեւէ կերպ օգտագործել այն դատական պրակտիկան, որը կիրառվել է Հայաստանում 2010 թվականի երկրորդ կեսին՝ կապված զրպարտության եւ վիրավորանքի հետ։ Բոլորին ակնհայտ է, որ նպատակներից մեկն էր հենց այդպիսի օրենք եւ հենց այդպիսի օրենքի կիրառում ունենալ։
Այն, ինչ Հայաստանում տեղի է ունեցել վերջին ամիսներին այս թեմայի շրջանակներում, դա խոսքի ազատության սահմանափակումն է։ Եվ քանի որ դա մեծ մասամբ արդյունք չտվեց, երեւի ցանկանում են իշխանական որոշ օղակներ դա օգտագործել գոնե այս նախընտրական փուլում՝ ընտրությունների լուսաբանման հետ կապված, քանի որ հիմնականում այն լրագրողները, որոնք խնդիրներ ունեցել են դատական գործերի առումով՝ կապված զրպարտության եւ վիրավորանքի հոդվածների հետ, նրանք լրագրողներն են, որոնք հակված են քննադատորեն գնահատել Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումները՝ նաեւ քաղաքական դաշտի կտրվածքով։ Երեւի նպատակը այդ լրագրողներին մեկուսացնելն է նախընտրական եւ ընտրական բոլոր գործընթացների լուսաբանումից։ Ես միայն սա կարող եմ տեսնել որպես պատճառ, որովհետեւ այլ տրամաբանական բացատրություն, որեւէ այլ քաղաքակիրթ երկրի միջագգային փորձ, որտեղ այդպիսի սահմանափակում կա, ես չգիտեմ։
Գոհար ՎԻԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»