Մեղրիի սահմանային անցակետից դեպի Իրանի իսլամական հանրապետություն տանող ճանապարհը վերջին անգամ անցել եմ Սբ ծննդյան տոների օրերին: Անցակետի երկու կողմում էլ լավ հիմքերի վրա են դրված մաքսային և անցագրային ստուգման աշխատանքները: Կան մասնակի թերությունններ, որոնք կարելի է ընթացքում վերացնել և սահմանը հատող հարևան երկրների քաղաքացիների և մյուս տուրիստների ճամփորդությունն առավել հաճելի դարձնել: Բերեմ մի քանի օրինակներ.
Սահմանային կետի իրանական հատվածում փակցված է Երևանում Իրանի դեսպանության ուղեցույց-հայտարարությունը, որն իր երկրի քաղաքացիներին բացատրում է Հայաստան ճամփորդելու մի շարք կանոններ՝ արտարժույթի փոխանակում, վիզայի երկարաձգում, ավտոմեքենայի ապահովագրում, հյուրանոցի կամ բնակարանի ամրագրում, տրանսպորտ, կարևոր փաստաթղթերի ստորագրում և փոխանակում և դեսպանության շուրջօրյա օգնության հեռախոսահամարներ: Ավաղ նույնը ես չտեսա մեր կողմում:
Իրանական կողմում կառուցված է մեծ սպասասրահ, դրված են նստարաններ, հեռուստացույց, գործում է բուֆետ և անգամ վարդակների սեղանիկ է նախատեսված ճամբորդների բջիջային հեռախոսների լիցքավորման համար: Տասնյակ պաստառներով բարի գալուստ է ասվում Իրան մտնող հյուրերին: Հայկական կողմում դեռ հաղթահարված չեն խորհրդային շրջանի կարծրատիպերը, բացակայում են սպասարկման հիշված պայմանները. չեն պակասում նաև անցակետում աշխատող զանազան պաշտոնյաները, որոնք շրջանցում են «Չծխել» ցուցանակը:
Անցակետի երկու կողմում շոշափելի են Ռուսաստանի և Իրանի պետությունների և նրանց ատրիբուտների ներկայությունը՝ պետական դրոշ, ղեկավարների լուսանկարներ և այլն: Հայ ոստիկաններն իմ խնդրանքին ի պատասխան շատ փորձեցին կեսգիշերվա այդ մթության մեջ մաքսատան շենքի տանիքի վրայի հայկական եռագույնն ինձ ցույց տալ, իսկ շենքի ներսում միայն Ռուսաստանի դրոշն էր և այդ երկրի նախագահի լուսանկարը:
Կարդացեք նաև
Անհասկանալի պատճառներով հայկական և պարսկական կողմի սահմանային անցակետերում չի թույլատրվում լուսանկարել: Դա մեկնաբանվում է պետական գաղտնիք չբացահայտելու անհրաժեշտությամբ: Լուսանկարելն ինձ համար ընդամենը պետք էր ընթերցողին ներկայացնեի Իրանի սահմանապահ զորքի այն սպային, որը խախտելով զինվորական օրենքը համազգեստի հետ չստիկ է հագել և կամ ռուսական սահմանապահ զորքի այն սպային, որն իր ալարկոտությամբ անտեղի հերթ է գոյացրել և նրա գլխավերևի ժամացույցն էլ վաղուց է, որ դադարել է աշխատելուց: Վստահ եմ, որ լուսանկարն երկու կողմին էլ զգաստության կհրավիրեր և կօգներ սահմանային անցակետերի աշխատանքի բարելավման:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ