Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի «չինական լուրջ նախազգուշացումները»

Մարտ 06,2012 12:43

 

Բազմիցս գրել ենք, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանով հոսող Աղստեւ գետը փաստորեն դարձել է աղբատար հոսանք: Բազմիցս այդ հարցը քննարկվել է Տավուշի մարզխորհրդի նիստերում, մարզպետը տվել է Աղստեւը մաքուր պահելու հանձնարականներ, սակայն դրանք արդյունք չեն տվել:

Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը (www.tavush.gov.am) փետրվարի 27-ին մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միքայել Ղալումյանը տեղեկատվություն է ներկայացրել քաղաքային համայնքներում իրականացվող աղբահանության աշխատանքների վիճակի մասին: Կայքում նշված է. «Մարզպետը հանձնարարեց մշտական հսկողության տակ պահել ինչպես նշված համայնքների աղբահանության, այնպես էլ մարզկենտրոնով հոսող Աղստև գետի մաքրության ապահովման աշխատանքները»: Մարզպետի այս հանձնարարականից մի շաբաթ անց եղանք Աղստեւի ափին եւ տեսանք, որ գետի աղտոտվածության վիճակն ավելի է վատացել:

Մեր լուսանկարելու պահին էլ գետափնյա առեւտրի եւ սպասարկման օբյեկտներից շինարարական եւ այլ աղբ էին թափում Աղստեւ: Գետափնյա սրճարաներից մեկի տերը. իմանալով,որ լրագրող եմ, ասաց, որ 4 օր առաջ Իջեւանի կոմունալ ծառայության աշխատակիցները գետի ափերի մաքրման աշխատանքներ էին կատարում, սակայն օբյեկտներից շարունակում են աղտոտել, եւ մաքրված տեղը նորից աղբավայր է դառնում:

Աղստեւի մաքրությունն ապահովելու Տավուշի մարզպետի հանձնարարականները հիշեցնում են չինական «հերթական լուրջ նախազգուշացումները»: 1950-ական թվականների սկզբին ամերիկյան ռազմական ինքնաթիռները ազատ կերպով հետախուզական թռիչքներ էին կատարում կոմունիստական Չինաստանի օդային տարածքում: Չինաստանը հակաօդային պաշտպանության միջոցներ չուներ, եւ այդ երկրի արտգործնախարարությանը ԱՄՆ-ին հղում էր «1418-րդ լուրջ նախազգուշացումը»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031