«ՀՀԿ-ն իշխանության մաս կազմող քաղաքական թիմ է եւ ընդամենը ժողովրդին ներկայացնում է իր կատարած աշխատանքը», հայտարարել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը, օրենք խախտելով, քարոզչական այցեր կատարում մարզեր:
«ՉԻ»- Եթե ճիշտ հասկացանք՝ ՀՀ կառավարությունում տեղյակ չեն ժամանակակից գիտության այնպիսի զարմանահրաշ գյուտի մասին, ինչպիսին է հեռուստատեսությունը, եւ ստիպված՝ մարզերի բնակիչներին անձամբ են ներկայացնում կատարված աշխատանքը: Ենթադրենք՝ կառավարության նիստում որոշում են պայքարել թափառող շների դեմ, ու անմիջապես դուրս են գալիս շենքից, ՀՀԿ դրոշները խփում ավտոբուսների վրա, գնում-հասնում Եղիպատրուշ գյուղ ու ժողովրդին հավաքում գյուղամեջ, թե «բա իմացա՞ք, եկել ենք զեկուցելու, որ որոշել ենք պայքարել թափառող շների դեմ»: Ի՞նչ քարոզարշավ, ի՞նչ բան, մարդիկ հաշվետու են ժողովրդի առջեւ եւ ընդամենը կատարած աշխատանքն են ներկայացնում: Եվ այդպես՝ բոլոր մարզերում, գյուղ առ գյուղ: Ի դեպ, պետության հաշվին: Բայց՝ ՀՀԿ դրոշներով ու զինանշաններով:
Ի դեպ, եթե սա քարոզարշավ չէ, այլ սովորական աշխատանք, ինչո՞ւ են շաբաթ-կիրակի օրերին անում:
«Չորրորդ ինքնիշխանություն»