Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ՝ հաստատվում են մեծամասնական ընտրակարգով առաջադրվել ցանկացող թեկնածուները։ Բոլոր նրանք, ովքեր թաքուն հույս ունեին, թե այս անգամ ԱԺ-ն փոքր-ինչ այլ կազմ կունենա, ամեն օր հիասթափություն են ապրում ու հարցնում՝ բա ասում էիք` գործարար պատգամավորներ չե՞ն լինի։
Ասողը իշխանությունն էր, ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ն։ Սակայն ՀՀԿ-ում այնքան էլ միամիտ չէին, որ լեզվի այդպիսի կոպիտ սայթաքում թույլ տային։ Նրանք հատուկ շեշտել են՝ ՀՀԿ համամասնական ցուցակում։ Իսկ մեծամասնականի համար իրենք պատասխանատու չեն. ազատ երկիր է, յուրաքանչյուր ոք էլ իրավունք ունի առաջադրվել մեծամասնական ընտրակարգով։
Լավ, իսկ ինչո՞ւ է իշխանությունը նման խոստում տվել, որ հետո էլ իրեն մեղադրեն խոստումը չկատարելու մեջ։ Բանն այն է, որ միջազգային կառույցները չեն դադարում հայտարարել, որ Հայաստանում բոլոր խնդիրների հիմքը բիզնեսի եւ իշխանության սերտաճումն է։ Եվ, որ հարկավոր է դրանք տարանջատել։ Իշխանությունն էլ իբր ականջալուր է այդ խորհրդին եւ փորձում է շտկել վիճակը՝ գործարար-պատգամավորներին հեռու պահելով իրենց ցուցակից (բայց ոչ Ազգային ժողովից)։ Ընդհանրապես՝ «բիզնեսի եւ իշխանության» սերտաճման վտանգների մասին նոր չէ, որ խոսվում է։ Եթե համառոտ ներկայացնենք խնդիրը, ապա հիմնական վտանգը հետեւյալն է. բիզնես ունեցող պաշտոնատար անձը, ունենալով վարչական լծակներ, կարող է դրանք օգտագործել սեփական շահերը սպասարկելու կամ մրցակիցներին խանգարելու համար։ Այսպիսով՝ բիզնեսն ու սեփականությունը պետական պաշտոնյային թույլ չեն տալիս անկողմնակալ ու անշահախնդիր գործել։ Սակայն, որքան էլ զարմանալի լինի, մեր դեպքում բիզնեսի եւ իշխանության տարանջատման հարցում պատգամավորներին մեղադրելը անիմաստ բան է։ Որովհետեւ… Հայաստանում պատգամավորը նման լծակներ չունի։ Իհարկե, պատգամավորների դեպքում ենթադրվում է, որ նրանք սեփական բիզնես շահերը հետապնդելով՝ խորհրդարանում կարող են անցկացնել օրենքներ կամ տապալել օրենքներ՝ առանց հաշվի առնելու հանրային շահերը։ Սակայն հայաստանյան իրականությունը ցույց է տվել, որ մեր գործարար պատգամավորները նման բան երբեք չեն արել ու դժվար էլ անեն։ Իշխանություններին դեմ գնալը (այն էլ` միասնաբար) մեր գործարար պատգամավորներին հատուկ չէ։ Նաեւ ասում են, որ մանդատը նրանց անհրաժեշտ է «պաշտպանվելու» համար. այսինքն՝ գործարարը պատգամավոր է դառնում, որպեսզի պաշտպանի իր անձի եւ բիզնեսի անձեռնմխելիությունը։ Սա էլ է չափազանցված։ Փորձը ցույց է տվել, որ երբ իշխանությունը ցանկանում է որեւէ մեկին պատժել, մանդատն էլ չի փրկում։ Եվ մյուս կողմից, կան խոշոր գործարարներ, որոնք մանդատ չունենալով հանդերձ՝ լա՜վ էլ պաշտպանված են զգում իրենց։ Ստացվում է, որ ԱԺ մանդատը հայաստանցի գործարարին ոչինչ չի տալիս։ Միակ առավելությունը, թերեւս, «պրեստիժն» է։ Այլ կերպ ասած, ԱԺ-ն դարձել է «էլիտար ակումբի» պես մի վայր, որի անդամ դառնալով՝ գործարարն ինքնահաստատվում է իր եւ գործընկերների աչքում։ Սակայն միայն այս բարոյահոգեբանական գործոնը կարո՞ղ էր ստիպել, որ գործարարը՝ սեփական բիզնեսը թողնելով, առաջադրվի, միլիոններ ծախսի, թուքումուր ուտի, հաճախ` նաեւ հանցագործությունների գնա։ Դժվար թե։ Գործարարը ԱԺ մտնում է ոչ թե սեփական կամքով, այլ նրան ստիպում են։ Ընդ որում, պարտադիր չէ, որ կոնկրետ ինչ-որ մեկը ստիպի։ Ստիպում է ձեւավորված իրականությունը։ Գործարարները պետք են՝ մեծամասնական ընտրությունների միջոցով իշխանությունն ավելի հաստատուն դարձնելու, իշխանության մեծամասնությունն ապահովելու համար։ Նրանց կարծիքը չեն էլ հարցնում, եւ նրանք չեն էլ կարող ձեռքները լվանալ քաղաքականությունից եւ մի կողմ քաշվել։ Չեզոք կեցվածքը համարվում է ապստամբություն։
Եվ հանգում ենք աբսուրդ թվացող դառը իրականությանը. իշխանությունը ոչ թե ձգտում է իրեն տարանջատել բիզնեսից (թեպետ այդ մասին օրնիբուն հայտարարվում է), այլ՝ ամեն ինչ անում է այդ կապն անխզելի դարձնելու համար։ Գործարարներն էլ Հայաստանի ամենախոցելի եւ ինքնուրույնությունից զուրկ մարդիկ են։ Ընդ որում, որքան խոշոր գործարար է, այնքան խոցելի է եւ թույլ։
Կարդացեք նաև
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
«168 ժամ»