Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդվում է 18 կուսակցությունների կուռ դաշինքի առասպելը, որ ստեղծել էր Կոնգրեսն իր համար»

Մարտ 06,2012 12:04

Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի կազմման գործընթացը բավական հետաքրքրական զարգացումներ է արձանագրում: Հայտնի է դարձել, որ չորս կուսակցություններ՝ Վաղարշակ Հարությունյանի Ազգային վերածնունդը, Գառնիկ Մարգարյանի Հայրենիք ու պատիվը, Սոս Գիմիշյանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը, եւ Հայ կամավորականների համախմբումը, հայտարարել են Կոնգրեսի համամասնական ցուցակում տեղից հրաժարվելու մասին:

Անուններն ինքնին ամենեւին էլ չեն ենթադրում քաղաքական կյանքի հսկաներ, ավելին` այդ կուսակցությունների լինել-չլինելը կարող է որեւէ էական նշանակություն չունենալ Կոնգրեսի համար: Սակայն այս պարագայում խնդիրը դա չէ, այլ այն, որ փաստացի քանդվում է 18 կուսակցությունների կուռ դաշինքի առասպելը, որ ստեղծել էր Կոնգրեսն իր համար, ներկայանալով իբրեւ ընդդիմադիր լայն համախմբում: Պարզվում է, որ ընդամենը խորհրդարանական համամասնական ցուցակի շուրջ առաջացած թնջուկը բավարար է, որ 18-ից չորսը հրաժարվեն Կոնգրեսից: Այսինքն` նույնիսկ իշխանության ճամբարում ցուցակների կազմման գործընթացը այդպիսի աղմկոտ հունով չի գնացել, երբ ի վերջո ոչինչ չկարողանալով պայմանավորվել, Կոնգրեսը ստիպված եղավ ապավինել միայն Տեր-Պետրոսյանին: Թեեւ իրականում դա գուցե բավական լավ իմիտացիոն մարտավարական հնարք էր, այսինքն` ի սկզբանե ամեն ինչ էլ որոշում էր Տեր-Պետրոսյանը, պարզապես նախ պետք էր ստեղծել տպավորություն, որ որոշումը թողնված է ընդհանուրին, կոլեկտիվին, որ հետո այդ իմիտացիոն գործընթացի վրա կառուցվեր, այսպես ասած, կոնգրեսական քաղբյուրոյի մակարդակով «ազգովի խնդրանքի» մի մանրակերտ, երբ բոլորը կխնդրեն Լեւոն Տեր-Պետրոսյանին անձամբ որոշել ինչն ինչոց է եւ ազատել Կոնգրեսն ավելորդ լարվածությունից:

Իրականում կարծես թե հենց այդպես էլ եղավ, բայց այդ ամենը ոչ թե լարվածությունից է ազատում Կոնգրեսը, այլ հակառակը՝ էլ ավելի վառ կերպով դրսեւորում է, թե որքան լուրջ խնդիրներ կան Կոնգրեսի ներսում: Եվ փաստացի արձանագրվում է, որ Հայաստանում ժողովրդավարության ֆորպոստի հավակնություններ ունեցող Կոնգրեսն իրականում վերածվել է ամենաամբողջատիրական քաղաքական համակարգերից մեկի եւ ունակ չէ համարժեքորեն արձագանքել հասարակության քաղաքական պահանջներին, ժամանակի մարտահրավերներին: Սա ցավալի արձանագրում է, որովհետեւ որպես գաղափար, Կոնգրեսը իսկապես կարող էր լինել աննախադեպ երեւույթ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, այն կարող էր դառնալ պետության փոքրիկ մոդել բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք դժգոհ էին իշխող համակարգից, որոնք դժգոհ էին կառավարման ներկայիս մոդելից: Բայց, գաղափարական առումով ստեղծվելով որպես քաղաքացիական, հասարակական-քաղաքական առաջադիմական համակարգ, Հայ ազգային կոնգրեսը արագորեն վերածվեց Հայաստանի համար դասական քաղաքական կառույցի, իր բոլոր արատներով, իր բոլոր ավանդույթներով, իր մեխանիկական անկատարությամբ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031