Մարտի 3-ին Վանաձորում տեղի ունեցած համագումարի ժամանակ ՄԻԱԿ–ը հայտարարել է առաջիկա ընտրություններում ՀՀԿ–ին սատարելու մասին։
Ավելին, ՄԻԱԿ հիմնադիր քարտուղար, Սերժ Սարգսյանի օգնական Լեւոն Մարտիրոսյանն իր ելույթում հրապարակել է կուսակցության ընդունած հայտարարությունը, համաձայն որի՝ ՄԻԱԿ–ն արդեն ունի թեկնածուներ համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակով, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ, սակայն նրանց մասին կհրապարակվի կուսակցության ղեկավար մարմինների առաջիկա նիստերում։ Երեկ այս թեմայով զրուցել ենք ՄԻԱԿ քարտուղար Նաիրա Կարապետյանի հետ։
– Նաիրա, ի՞նչ է նշանակում այն, որ ՄԻԱԿՆ–ն արդեն թեկնածուներ ունի համամասնական ընտրակարգով ՀՀԿ ցուցակով։ Կարո՞ղ եք մանրամասնել՝ ովքե՞ր են նրանք։
Կարդացեք նաև
– Հաղորդագրությունում, որը ձեզ ուղարկվել է, դրա մեջ ամեն ինչ կա, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել։ Այն, ինչ ասել է Լեւոն Մարտիրոսյանը, դա ոչ նշանակում է կոնկրետ անուններ, ոչ կոնկրետ թիվ, ոչ էլ կոնկրետ
որոշում։
– Բայց շատ կոնկրետ հայտարարվում է, որ համամասնական ցուցակում արդեն թեկնածուներ ունեք։ Մինչդեռ ՀՀԿ-ից հայտարարում են, որ իրենք դեռ ցուցակը չեն կազմել։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Մեր կողմից կան մարդկանց անուններ, որոնք առաջարկվել է ներառել ՀՀԿ համամասնական ցուցակում։ Թե ովքեր կներառվեն, ովքեր չեն ներառվի, չգիտենք։
– Դուք կարո՞ղ եք հայտարարությունը նայել…
– Դա միգուցե մամուլի հաղորդագրություն կազմողի սխալ շարադրությունն է։ Ես գիտեմ, որ մենք առաջարկել ենք անուններ։
– Իսկ ո՞ւմ եք առաջարկել ներառել ցուցակում։
– Մեր քարտուղարության եւ խորհրդի անդամներին։
– Այնտեղ քսան անուն կա։ Օրինակ՝ Լեւոն Մարտիրոսյանին, Սամվել Ֆարմանյանին, Արա Հովսեփյանին, այո՞։
– Ես անուններ չգիտեմ, բայցգիտեմ, որ ներկայացված անունները եղել են քարտուղարության եւ խորհրդի կազմից:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայկական ժամանակ»