Առավոտյան հայտնի դարձավ, որ «Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարել՝ «Արմենիա» միջազգային օդանավակայանների կողմից սահմանված բարձր սակագների պատճառով: Հիշեցնենք, որ մինչ այս էլ «Արմավիան» բազմիցս դժգոհել է Երեւանի օդանավակայանի կողմից առաջարկվող սակագներից:
Քիչ առաջ հայտարարությամբ հանդես է եկել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, որում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր առավոտյան Արմավիա ավիաընկերությունը ժամը 06.45-ից դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը` ուղևորներին հայտարարելով, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով:
Վերոնշյալի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արմավիա ընկերությունը, լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների օգտվում է մեր ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից:
Կարդացեք նաև
Ավելին, ըստ Ռոսնավիգացիա կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով Արմավիա ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան և մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք:
Ըստ երևույթին, ավիաընկերության համար թանկ են ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում գործող սակագները:
Մեր ընկերությունը բացասական է գնահատում Արմավիա ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները և ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում:
Նաև տեղեկացնում ենք, որ մյուս բոլոր փոխադրողների կողմից իրականացվող չվերթները կատարվում են ժամանակին և անխափան»: