Երբեւէ տեսե՞լ եք, թե ինչպես է ժամանակակից մարտական ուղղաթիռը թռչում վտանգավոր տարածքի վրայով, որտեղից նրան նշանառության տակ են վերցրել թշնամական զենիթային համակարգերը։ Ուղդաթիռն արձակում է ջերմային թակարդներ՝ կեղծ թիրախներ, որոնք իրենց ջերմությամբ ուղղաթիռից շեղում եւ դեպի իրենց են քաշում արձակված ինքնանշանառու հրթիռները։ Այսինքն ուղղաթիռը, օգտագործելով հրթիռի գործողությունների կանխատեսելիությունը, նրա համար ստեղծում է շատ հրապուրիչ (տաք), բայց միաժամանակ բացարձակապես կեղծ այլընտրանք։
Նմանատիպ սկզբունք, փաստորեն, կիրառում են մեր իշխանությունները յուրաքանչյուր ընտրությունից առաջ՝ թե խորհրդարանական, թե նախագահական։ Օրինակների համար հեռուն գնալ պետք չէ. նույնիսկ դպրոցական վիկտորինայի մասնակիցները հեշտությամբ կնշեն իշխանությունների նախաձեռնությամբ արհեստականորեն ստեղծված կուսակցությունները կամ հասարակական կազմակերպությունները, որոնց միակ նպատակն է՝ ստեղծել ձգողականության կեղծ բեւեռներ (հաճախ մկանա-դրամական կամ դրամական-պոպուլիստական) եւ նրանց կողմը տանել ընտրողների առավելագույն քանակություն՝ շեղելով իրական այլընտրանքներից եւ սեփական երկրի ճակատագրին ակտիվորեն ու ինքնուրույն կերպով միջամտելու փորձերից։ Ցավոք, չնայած վերջին տարիների որոշակի առաջընթացին, հասարակական զարգացման մակարդակն առայժմ թույլ է տալիս նման մեքենայություններ։ Բայց եթե մեր իշխանությունները փոքր-ինչ կարդացած լինեին, ծանոթ կլինեին Ռոբերտ Շեկլիի «Պահապան թռչունը» պատմվածքին, գոնե ականջի ծայրով լսած կլինեին ոչ իզուր առաջացած լեգենդները միջնադարյան հոմունկուլուսների, Գոլեմի, Ֆրանկենշտեյնի եւ մյուս արհեստածինների մասին, որոնք ժամանակի ընթացքում դուրս են գալիս հսկողությունից, սկսում են ապրել սեփական կյանքով եւ, վերջին հաշվով, կործանում իրենց ինքնահավան ստեղծողներին։
Վահան ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ
«Երկիր»