Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հայոց արծիվներ» հ/կ-ի երեկվա երթին ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի «սերժապաշտ» հայտարարություններին, Գյումրու ՀՀՇ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանն ասաց, որ սեփական աչքերով է տեսել, թե ինչպես են Գյումրու կենտրոնական` Վարդանանց հրապարակից մայրաքաղաք տանելու համար «արծիվներ» հավաքագրել ու միկրովատոբուսներ նստեցրել:
«Ես առանձնապես չէի ուզում անդրադառնալ այս թեմային, բայց քանի որ մեր աչքով տեսած իրողություններ կան, հարկ կհամարեի հասարակությանը տեղյակ պահել: «Հայոց արծիվներ»-ի սպասվելիք հանրահավաքի մասին գիտեինք մի քանի օր առաջ, և ինչպես իշխանական մյուս միջոցառումների, այնպես էլ սրա ժամանակ, Գյումրիի կենտրոնական հրապարակից մի քանի միկրոավտոբուսներով` պլան-հանձնարարությամբ 300 հոգի գլխաքանակ ապահովեցին: Մասնակիցներին վիրավորած չլինելու համար, կասեմ միայն թվաքանակը: Սա էն դեպքն է, երբ, ինչպես միշտ, պետական կառույցներով, հիմնարկներով, պահանջված թվաքանակը պետք է ապահովվի Երևան տեղափոխելու համար: Առավոտ 11-ին ես ինքս եմ եղել Գյումրու հրապարակում ու էդ խեղճերի անորոշ, վախվորած, մրսած, դեմքերին նայելով արդեն կարելի էր հասկանալ, թե ինչ չափի արծիվներ էին ու էդ սառած վիճակում ինչ տեսակի քոչարի պիտի պարեին, սիրտ ու հավես ունե՞ին պարելու»,- ասաց Մուրադ Գրիգորյանը:
Իսկ թե ու՞մ քավորությամբ են արծիվներ հավաքագրել Գյումրիից, մեր զրուցակիցը մի քանի բառով բնութագրեց. «Տեղի չինովնիկների, տեղի ինքնամատույց ջոջերի»: «Տեղի ջոջերը բնական է պետք է հաճոյանային էդ հանձնարությունը տվողին, թե չէ Գյումրիում քանի՞ հոգի գիտեն, թե փոխնախարար Գեբելսը ով է, ով չէ, Գյումրիում արդեն Գեբելս են անվանում, թե ինչու, չգիտեմ, էդ Գեբելսին քանի՞ հոգի են Գյումրիում ճանաչում, մատների վրա կարելի է հաշվել»,- ասում է գյումրեցի ՀՀՇ-ականը: Մուրադ Գրիգորյանը, անդրադառնալով սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը, ի տարբերություն շատերի, որոնք փախան, առանց փախչելու, յուրաքանչյուրիս հոգսերը ուսերին` առաջ է գնում, ասաց. «Նույն փոխնախարար ջոջը երևի թե չգիտի, կամ մոռացել է, կամ չի ուզում ու չի համարձակվում խոստովանել, որ մեր առաջնորդը տեսախցիկներից, թիկունքներից հայացք փախցնող չէ, թիկունքներից ծիկրակող չէ, մի քիչ էլ որ հիշողությունս հետ բերեմ զարմանալի զուգադիպությամբ, հանրապետության համար զարմանալի ճակատագրական և անախորժ դեպքեր են եղել իրենց և էդ չփախնող առաջնորդը կամ հանրապետությունում չի եղել, կամ գործուղման է եղել կամ օդանավակայանում է եղել էդ պահին, էնպես որ փախնելու մասին լավ կլինի հենց իրենք լռեն»:
ՀՀՇ կառույցի ղեկավարի ասելով, հայոց գլխավոր արծվի խոսքն ու ոճը հիշեցնում է գեբելսյան քարոզարշավը, քանի որ կուռք է ստեղծել ու փառաբանում է: «Արծիվ են, բազե են, կաքավ են կամ վաղը գուցե ագռավ կդառնան, բոլոր դեպքերում իրենք են, մի հանրահավաքին անունը բազե կդնեն, մյուսին նույն թվաքանակին ու նույն կոնտինգենտին արծիվ կանվանեն, գուցե հա՞վ կդառնան շուտով»-հեգնում է ՀՀՇ առաջնորդը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ