Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի որեւէ նախագահի օրոք ՌԴ քաղաքական գիծը չի փոխվելու

Մարտ 05,2012 22:05

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի մատուցմամբ` մտայնություն կա, թե գերտերությունների ղեկավարներն իրենց երկրների հարաբերություններն այլ պետությունների հետ կապում են  առանձին քաղաքական գործիչների հետ: «Նրանք կարող  են, ենթադրաբար, նախապատվությունը տալ որեւէ քաղաքական ուժի, բայց անձնական հովանավորչություն որեւէ մեկ անձի հանդեպ չեն կարող ցուցաբերել, որովհետեւ այս պարագայում աշխատում են այդ երկրների, բայց  ոչ երբեք անձերի շահերը»,- Վլադիմիր Պուտինին`ՌԴ նախագահ ընտրվելու առիթով շնորհավորական ուղերձներ հղելու շտապողականություն դրսեւորելու ֆոնին ասաց Անուշ Սեդրակյանը:

Ըստ նրա` ՌԴ վարած արտաքին քաղաքական գիծը ՌԴ որեւէ  նախագահ ի զորու չէ արմատապես փոխել: «Այո, Ռուսաստանը ցանկանում է եւ ցանկացած նախագահի օրոք ցանկանալու է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում, մասնավորապես` Հայաստանում, եւ այս իմաստով հիմնական քաղաքական եւ դիվանագիտական խաղի բեռը դարձյալ ընկնում է Հայաստանի իշխանությունների եւ,  ինչու  չէ` նաեւ ընդդիմության ուսերին, որովհետեւ մեր տիպի փոքր երկրները քաղաքական առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռությունը ի զորու են պահելու միայն շատ նուրբ դիվանագիտական խաղի միջոցով: Եվ մենք պետք է Ռուսաստանի` տարածաշրջանում ներկա լինելու ցանկությունը առավելագույնս օգտագործենք  հօգուտ մեզ` Հայաստանի շահերի»,- ասաց քաղաքական գործիչը:

Նրա դիտարկմամբ, ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի ընտրությամբ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում էական փոփոխություններ չեն լինի: «Ինչ վերաբերում է հեռանկարին, ապա ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ նոր պրոցեսներ հնարավոր է, որ լինեն, բայց ոչ այնքան այս ընտրությունների հետ կապված, այլ այն բանի, որ տարածաշրջանն է ակտիվանում. անհանգստություն կա Իրանի մասով, Աբխազիայի: Իսկ տարածաշրջանում յուրաքանչյուր փոփոխություն անխուսափելիորեն պետք է անդրադառնա եւ փոփոխություններ բերի նաեւ Ղարաբաղի հարցում: Բայց, ինձ թվում է, որ այստեղ էլի խնդիր կա. Ղարաբաղն էլ  պետք է կարողանա վարել որոշակի ճկուն քաղաքականություն` պաշտպանելով իր դիվանագիտական շահերը»,– ասաց Անուշ Սեդրակյանը:

Վերջինս կարիք հայտնեց, թե ներքաղաքական իրավիճակը հետընտրական Ռուսաստանում  չի սրվի այն աստիճան, որ այնտեղ «հեղաշրջում կամ խոշոր  խժդժություն լինի». «Այնուամենայնիվ, այս ներքաղաքական սրված վիճակը բավականին սթափ  կպահի ՌԴ իշխանություններին եւ կստիպի, որ իրենք փոխեն իրենց ներքին քաղաքականությունը, բայցեւ չեմ կարծում, թե դրանից մեծապես կփոխվի արտաքին քաղաքականությունը: Արտաքին քաղաքականությունն, այնուամենայնիվ, հաստատուն կմնա, որը պահպանվելու է ցանկացած նախագահի փոփոխության դեպքում»:

Ինչ վերաբերում է Պուտինի վերընտրության ազդեցությանը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների, առավել եւս առաջիկա երկու` ԱԺ եւ նախագահական ընտրությունների համատեքստում, ապա քաղաքագետի համոզմամբ` դա որեւէ ազդեցություն չի ունենալու. «Կարող է աննշան մարտավարական հարցեր լուծվեն, բայց ընդհանուր առմամբ Հայայստանի ներքաղաքական  խնդիրները եւ պահանջները ձեւավորվում են ոչ թե դրսում, այլ ներսում»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031