Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղցր» հիվանդություն՝ առանց քաղցրի

Մարտ 05,2012 21:32

Աշխարհում  մահացությունների  5  տոկոսի  պատճառը  շաքարային  հիվանդությունն է:  «Շաքարային  հիվանդությունը  առաջանում է  ենթաստամոքսային  գեղձի  նորմալ   գործունեության խանգարման պատճառով: Ենթաստամոքսային  գեղձը  արտադրում  է  ինսուլին հորմոնը,  որը  կարգավորում է  օրգանիզմի  նյութափոխանակությունը: Ինսուլինի  նվազման  հետևանքով  առաջանում  է  նյութափոխանակության  խանգարում,  ինչն  էլ  հանգեցնում  է արյան  մեջ գլյուկոզայի  քանակի  բարձրացմանը»,- ասում է էնդոկրինոլոգ  Սամվել Հարությունյանը:  Նրա  խոսքով՝ շաքարային  հիվանդության  հիմնական  ախտանշաններն  են անընդհատ ծարավի  զգացումը,  ուշագնացությունը,  արագ  միզարտադրությունը և այլն:

7-ամյա  Նարեկը արդեն  մի քանի  օր է,  ինչ  հիվանդանոցում է: «Նարեկը  շատ  աշխույժ  երեխա  է,  նա  մեկ  րոպե  անգամ  չի  կարողանում  հանգիստ  նստել, իսկ վերջերս նկատել էի,  որ  ամբողջ  օրը երեխան  քնում է,  միշտ  հոգնած է,  անգամ  քայլել  չէր  ցանկանում»,-  ասում է  մայրը՝  Ինգան:  Ծնողները  անհանգստացած երեխայի  տարօրինակ պահվածքով՝ տանում են  բուժստուգման և  պարզվում  է,  որ շաքարային  հիվանդություն  ունի:

«Սկզբից  շաքարը  շատ  բարձր  էր,  հիմա  արդեն  բժիշկների  հսկողության  տակ  է,  սնվում  է  հատուկ  սննդակարգով   և  շաքարի  քանակությունը  բավականին  իջել  է>>,- ասáõÙ ¿  տիկին  Ինգան:   Բայց  Նարեկը արդեն  կարոտել  է  իրենց բակը ,  ընկերներին  և  գույնզգույն  թղթերով  կոնֆետները: «Շատ  եմ  սպասում,  թե  երբ  է  գալու երեկոյան  ժամը  11-ը.  այդ  ժամին  ինձ  միրգ  և  մի  փոքրիկ կտոր  շոկոլադ  են  տալիս,  ախր  հաց  էլ  են շատ  քիչ  տալիս,  չեմ  կշտանում»,-  գանգատվում  է  Նարեկը:

Բժշկի  խոսքով՝   շաքարային  հիվանդության  առաջացման  պատճառները  տարբեր  են.  անառողջ  սնունդը,  նստակյաց  կյանքը,  ժառանգականությունը,  սթրեսները և այլն:  28-ամյա   Սևակի  համար  շաքարային  հիվանդության  առաջացման  պատճառ  է  դարձել վախը:  «18  տարեկան  էի, ընկերներով կռիվ  էինք  արել,  ինձ ծեծել  էին,   ուժեղ  վախեցել  էի,  դրանից  հետո  իմ  մոտ  հայտնաբերվեց  շաքարախտ»,- ասում է  նա:

Տարբերվում  է  շաքարային  հիվանդության  երկու  տեսակ: «Առաջինը,  որը  անվանում  են  նաև  երիտասարդների  դիաբետ,  առաջանում  է  ենթաստամոքսային  գեղձի  էնդոկրինային  բջիջների  վնասվելու  դեպքում,  ինչի  հետևանքով  դրանք  բավարար  քանակով  ինսուլին  չեն  արտադրում:  Իսկ  բջիջները  կարող  են  վնասվել  սթրեսներից,  վիրուսային  հիվանդություններից   և  այլն:    Երկրորդ  տիպի դիաբետի  առաջացման  պատճառը սովորաբար  սխալ  սնունդն է, ինչը  բերում  է նյութափոխանության  խանգարումների»,- ասում է պարոն  Հարությունյանը:  Նրա  պարզաբանմամբ՝ առաջին տիպի  հիվանդները  մշտական ինսուլինի  կարիք ունեն,  բուժման  բացակայության  պայմաններում  հիվանդությունը  արագ  զարգանում  է, և  հիվանդը  կարող  է  մահանալ,  իսկ  երկրորդի   դեպքում՝  հիվանդությունը  դանդաղ է  զարգանում,  հիվանդը  կարող  է  նույնիսկ  ախտանշանները  չզգալ:

50-ամյա  Անդրանիկ  Զուռնաչյանը  արդեն  20  տարի է`  շաքարային  հիվանդություն  ունի: «Ես  միշտ   եղել  եմ  բժիշկների  հսկողության  տակ,  սնվել  եմ  հատուկ  սննդակարգով,  բայց  վերջերս  շատ եմ  խախտում,  ընկերական  շրջապատում  ոգելից  խմիչքներից  չեմ  կարողանոեւմ հրաժարվել, դրանց  պատճառով  շաքարս  բարձարանում է  և  արդեն  ազդել  է  տեսողությանս»,- ասում է նա:

Սամբել  Հարությունյանի  հավաստմամբ՝  շաքարային դիաբետը  այն  հիվանդությունը  չէ,  որի  դեպքում  հիվանդը  չկարողանա  աշխատել  կամ անկողնում  գամված  լինել:  «Բուժումը,  իհարկե,  կախված  է  դիաբետի  տեսակից:  Առաջին  տիպի դիաբետի  դեպքում  պարտադիր  անհրաժեշտ  է  ինսուլինի  ներարկումներ,  իսկ  երկրորդ  տիպի հիվանդները  նույնիսկ  կարող  են  բավարարվել  ճիշտ  սննդակարգով  և  բժշկի  կողմից  նշանակված  դեղերը  խմելով»:  Բժշկի  հավաստմամբ  ֆիզիկական  ակտիվ  կյանք վարելու,  ճիշտ  սննդակարգի և  նշանակված  դեղերը  խմելու  դեպքում,  ոչինչ  չի խանգարի շաքարային  դիաբետով հիվանդին  լիարժեք  կյանք  վարել:

Առողջապահության  համաշխարհային կազմակերպության  տվյալներով՝  յուրաքանչյուր  տարի  10  միլիոնով ավելանում  է շաքարային  դիաբետ  ունեցող  մարդկանց  թիվը: Սրտանոթային  և ուռուցքային  հիվանդություններից  հետո, իր  տարածվածությամբ  այն երրորդ  տեղն  է  գրավում:

Անի  Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031