Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջինը

Մարտ 05,2012 21:02

Գարուն է…

Գարնան  կենարար շնչից արբած, ժպտերես, երջանիկ քայլում են մարդիկ… Իսկ ինչ-որ տեղ հեռվում լուռ հանգչում է հզոր արծիվը…

Այս գարունն ինձ չի հրապուրում իր շնչով, չի  ոգևորում:

Անտարբեր եմ նույնիսկ…անձրևի նկատմամբ: Ուղեղումս հեքիաթներ են` անիրական ու… ծիծաղելի: Այսօր, ուզում եմ պատմել իմ հեքիաթը. Հզոր թևերով արծվի մասին…

Ապրում էր իմ արծիվը`թվացյալ ուրախ, անհոգ: Իր եղբայրների հետ թռչում էր մինչև սպիտակ ամպերը, վերևից պաշտպանում հայոց անդորրը: Նա սիրում էր ներքևի մնացողներին…

Բայց ավաղ ներքևում… ներքևում…

Բարի գարուն մաղթեցիր ժողովրդիդ, ու չարը անձայն հայտնվեց կողքիդ… հիմա ամեն գարուն  անցանկալի հյուրի նման գալիս է կորուստիդ ցավը նորոգելու, հիմա տարվա ամեն մի եղանակ գալիս է «Քեզ հետ ու առանց Քեզ»-ի գիտակցումով:

Գարուն է, Վազգեն… Գարունն էլի դու ես բերում ու գարնան շնչում անվանդ ոգեղենիկ խորհուրդն է…

Բազում օրերի նման գարնան այս օրը հավաքում ես քեզ մոտ բոլորին, բոլոր նրանց, ովքեր արժանապատվության աստվածահաճո կռիվը սկսեցին քեզ հետ, նրանց, ովքեր զգում են անբացատրելի դրախտային լռությունը, Եռաբլուրի խորհուրդ…

Ծաղիկնե՞ր էիր սիրում, այսօր քոնն են բոլոր ծաղիկները, բոլոր երախտիքներն ուղղված են կորստիդ ցավը սրտում անթեղած առյուծածին մորդ…

Գիտեմ, գիտեմ, որ ամեն ինչ տեսնում ես, հավատում եմ Հոգուտ հավերժությանը, որն ուղեկցում է մեզ ամենուր: Զգում եմ շունչդ Սպարապետ, զգում եմ ու հավատում, որ դեռ առաջնորդելու ես` հաղթանակած հասնելու Գողգոթայի ճանապարհի վերջնագծին:

Գիտե՜ս, Վազգեն, անունդ դողալով են տալիս անգամ նրանք, ովքեր քո բառերով ուրիշ երգեր են երգում:

Վազգե՛ն, երգերդ էլ չեն երգում, ընկերներդ էլ չեն երգում: Հաստատ նրանք էլ են հավատում, թե մի օր էլի դու ես երգելու, քեզ հետ են երգելու: Ես հավատում եմ, հավատում եմ քեզ և սպասում, թե մի օր «21-րդ դարը» մերն է լինելու:

Ես երիտասարդ եմ և իմն է երկիրն ու հայրենիքը: Սպարապետն ինձ նվիրեց ուրիշ` հպարտ, հաղթանակած Հայաստան:

Ես ուժեղ եմ ու անբարդույթ, իմ հայրենիքը ես ոչ ոքի չեմ տա… Հաղթանակած կգամ Եռաբլուր ու կասեմ.

-Բարեվ, Սպարապետ, «21-րդ դարը» մերն է, լսու՞մ ես Սպարապե՛տ… Կլսեմ Եռաբլուրի անբացատրելի խորհուրդը ու ոչ ոքի չեմ տա Հայաստանի Հանրապետության Առաջին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, հզոր արծվի երազած «21-րդ դարը»…

Թեհմինա Վարդանյան

 

                                                    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031