Լրահոս
Օրվա լրահոսը

Նավապետ Սերժ Սարգսյանը տանում է Տեր-Պետրոսյանի «գռուզը» (Տեսանյութ)

Մարտ 05,2012 19:58

«Դժվար կլինի հակափաստարկով հանդես գալ Տեր-Պետրոսյանի ասածին, ուղղակի պետք է տեսնել` այդ խորտակվող նավի եղած գռուզը որտեղի՞ց էր գոյացել: Դա ոչ 4 տարվա, ոչ 8 տարվա ծանր բեռ է, այս 20 տարիների ընթացքում հավաքված բեռ է»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատությունը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի` «խորտակվող եւ խորտակված նավի» հետ: Ըստ Ռուբեն Հակոբյանի, «Նավապետը` Սերժ Սարգսյանը, իր հետեւից տանում է այդ 20 տարվա իրար հետեւից կուտակված, ոչ այնքան որակյալ բեռը, որը իսկապես կարող է կործանել այդ նավը: Եթե այս պրիզմայով նայենք ու ասենք, թե ինչպես է այս բեռը գոյացել, սա ավելի ազնիվ կլինի ու կասենք, որ իսկապես շատ ծանր է այս բեռը եւ դժվար կլինի պահել, որ նավը կարողանա հետագայում լողա»:

ԵԿՄ-ի` Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարության հետ կապված առաջին նախագահն իր ելույթում ասել էր, որ այդ կազմակերպությունն ինքնակամ հրաժարվեց «երկիրը պահելու» սուրբ առաքելությունից`այն փոխարինելով «Սարգսյանին պահելու» առաքելությամբ: Այս առնչությամբ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ 95-ից սկսած` չի եղել մի ընտրություն, որ իշխանությունը ԵԿՄ-ին օգտագործած չլինի. «Եթե հնարավորություն է եղել, որ ընդդիմությունը օգտագործի, ինչպես 2008-ին էր, նաեւ ընդդիմությունը չէր խուսափում օգտագործել երկրապահին: Երկիրը պահողներին բերում էին, որպեսզի երկիրը կազմաքանդեին: Այն պահից, երբ զենքը, զինված մարդու տրամադրությունը մտավ տեղամաս, մենք այդ օրվանից չունեցանք ընտրություն, այս 17 տարի շարունակ դրա շունչը զգացվում է: Դժվար է իսկապես հակափաստարկ բերել Տեր-Պետրոսյանի ձեւակերպումներին, բայց եկեք տեսնենք այդ  ո՞վ առաջին անգամ կանչեց երկրապահին, բերեց ընտրատեղամաս եւ ո՞վ այդ ծանր, անորակ, վտանգավոր բեռները սկզբից հավաքեց լցրեց նավ, որ այսօր իսկապես տանում է դեպի կործանում»:

Մենք փորձեցինք ճշտել` այսինքն` ժամանակին նույն ԵԿՄ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն էր պահում` պարոն Հակոբյանը պատասխանեց. «95-ից սկսած թե իշխանությունը, թե վերջին դեպքերում ընդդիմությունը միշտ փորձել է երկրապահին ներքաշել քաղաքական գործընթացներում, որը պետության ողնաշարին հարվածելու ամենակարճ ճանապարհն էր, երբ զենքով մարդուն բերում-մտցնում ես տեղամաս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031