Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը ոչ հայաստանյան, ոչ ռուսաստանյան ուժերին, Պուտինին էլ պետք չի

Մարտ 05,2012 18:14

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում անցած կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Վլադիմիր Պուտինի ընտրության փաստին, կարծիք հայտնեց, թե «Պուտինի ձեւական վերադարձով Կրեմլ» առանձնապես որեւէ բան թե’ Ռուսաստանի ներքաղաքական համակարգում, թե’ հայ-ռուսական հարաբերություններում եւ թե’ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում որեւէ փոփոխության սպասել պետք չէ: «Իհարկե, ես դա ասում եմ մոտ հեռանկարի համար: Ինչ վերաբերում է միջնաժամկետ զարգացումներին` ապա շատ բան կախված է լինելու Ռուսաստանի ներքաղաքական հնարավոր զարգացումներից, իսկ այնտեղ այդ իմաստով հնարավոր է ամեն ինչ: Ի վերջո, Ռուսաստանում քաղաքացիական դժգոհության սկզբնապատճառները ոչ մի փոփոխություն չեն կրում, դեռ մի բան էլ ավելին` ուժեղանում են, եւ ես ակնկալում եմ, որ առաջիկա ամիսները Ռուսաստանի համար բավականին բուռն կլինեն»,- հավելեց քաղաքագետը:

Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Պուտինն առաջիկայում արտաքին քաղաքականությամբ զբաղվելու համար շատ ժամանակ չի ունենալու: «Կարծում եմ` հենց այդպես էլ կլինի. արտաքին քաղաքականության ոլորտում մեծ տեղաշարժեր չեն լինի, եւ բոլոր այն պրոցեսները, որոնք կապված կլինեն թե’ Հայաստանի, թե’ Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ` ավելի շատ իներցիոն բնույթ կկրեն»,- նկատեց Ռուբեն Մեհրաբյանը:

Այս անգամ Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունների ընթացքում, ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների եւ ընդդիմության ու նաեւ դիտորդների վկայությունների, տեղի են ունեցել այնպիսի երեւույթներ ու ընտրախախտումներ, ինչպիսիք հայաստանյան ընտրողն արդեն մի քանի ընտրությունների ընթացքում ականատես է լինում`այլ բնակավայրերից ավտոբուսներով ընտրողների տեղամասից-տեղամաս տանելը, «կարուսել» կոչված քվեարկությունը: Արդյոք ՌԴ իշխանությունների այդ փորձառությունը եւս մեկ անգամ Հայաստանում կիրառելի՞ է լինելու առաջիկա ընտրությունների ժամանակ: Փորձագետն ասաց, թե դժվարանում է խոսել ուղղակի ազդեցության մասին, բայց այն, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից օրինակներ են վերցնում եւ ըստ այդմ որոշում են նաեւ իրենց համար թույլատրելիի սահմանները, նաեւ ընդօրինակում ու անգամ կապկում են ընտրական բոլոր այն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են Ռուսաստանում` փաստ է: «Այդուհանդերձ, ես մեծ տարբերություն չեմ սպասում: Հայաստանում կլինեն արտաքուստ կամ ընդհանուր առմամբ` խաղաղ ընտրություններ, բայց խորքում ամեն ինչ կմնա նույնքան կեղտոտ, որքան կար»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

 Իսկ թե ի՞նչ կփոխվի Պուտինի ընտրությամբ հայաստանյան քաղաքական դաշտում` մասնավորապես ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ակտիվացման համատեքստում` ապա քաղաքագետը կրկնեց այն, ինչ, իր ասելով, բազմիցս է ասել եւ հիմա էլ մնում է այն կարծիքին, որ «Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկին` ո’չ Հայաստանի, ո’չ էլ Ռուսաստանի քաղաքական ուժերից եւ ազդեցության խմբերից որեւէ մեկին պետք չէ, այդ թվում` Պուտինին, որովհետեւ, կարծում եմ, Պուտինը Հայաստանի հետ կապված լրացուցիչ պրոբլեմների կարիք չունի»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031