Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց հայրենիքի դավաճանության, դրան աջակցելու, իմանալ-չհայտնելու համար Կարեն Մեհրաբյանին, Ռոմիկ Մաթեւոսյանին, Աշոտ Չտրկյանին, Կարեն Պետրոսյանին, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանններին առաջադրված մեղադրանքով դատական հերթական նիստը:
Մինչ դատական վիճաբանությունների փուլին անցնելը՝ ամբաստանյալ, օժանդակության համար մեղադրվող Աշոտ Չտրկյանը դատարանից պահանջեց ստի դետեկտոր եւ նաեւ դժգոհեց, թե բոլոր լրատվամիջոցները «լրտես են գրում, երբ իրենք են լրտեսները»: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախազգուշացրեց ամբաստանյալին՝ ակնարկելով, որ կրկնվելու դեպքում սանկցիա կկիրառվի:
Փետրվարի 27-ի մեղադրող Արամ Ամիրզադյանը պահանջել էր ամենաբարձր պատիժը՝ 15 տարվա ազատազրկում Կ.Մեհրաբյանին, իսկ ամենացածր պատիժը՝ 500 000 դրամի չափով տուգանք Դավիթ Ավետիքյանին:
Դատական նիստերն անցնում են լարված մթնորլորտում, չի լուսանկարահանվում, իսկ երբ ազգային անվտանգության գործակալներն են ցուցմունք տվել՝ նիստն անցկացվել է դռնփակ ընթացակարգով:
Կարդացեք նաև
Ըստ գործի նյութերի, Կ.Մեհրաբյանը 2011թ. սկզբներին գտնվելով Թուրքիայում՝ ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ՝ համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Վարդան անուններով անձնավորությունների կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում` ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և սարքավորումների վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ և գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների և հավաքած տեղեկատվությունը 2011թ. հուլիսի 23-ին փորձել տանել Թուրքիա, սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ կողմից, այսինքն՝ աշխատակիցների լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ:
Արթուր եւ Դավիթ Ավետիքյանների հորաքրոջ աղջկա ամուսինն էր Կարեն Մեհրաբյանը, որից եղբայրները ստացել էին համագործակցության առաջարկ՝ հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին: Նրանք էլ մեղադրվում էին հանցագործության մասին իմանալու եւ չհայտնելու համար:
Նրանց պաշտպան Էդմոն Մարուքյանը հանդես եկավ 31 էջից բաղկացած պաշտպանական ճառով: Նա միջնորդեց, որպեսզի արդարացվեն երկվորյակ եղբայրները, ինչպես նաեւ միջնորդեց դատարանին, որ կասեցնի գործի վարույթը, մինչ ՀՀ սահմանադրական դատարանը հանդես կգա իրավական դիրքորոշմամբ, մասնավորապես, կհստակեցնի «մերձավոր ազգական» եւ «հաստատապես հայտնի, նախապատրաստվող հանցագործություն» բառակապակցությունները: Պաշտպանը գտնում էր, որ Արթուրը եւ Դավիթը իբրեւ մերձավոր ազգական չէին կարող ցուցմունքներ տալ, իսկ հաստատապես հայտնի հանցագործության մասին էլ /լրտեսությունը/ չէին կարող իմանալ, քանի որ ըստ գործի նյութերի, Կ.Մեհրաբյանը խնդրել է ինչ-որ մի սպայի մասին ասել, քանի որ տեղեկացրել է, թե բարեգործական կազմակերպությանը պետք է տվյալ տեղեկատվությունը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արթուրի համար մեղադրողը միջնորդել է տուգանք, իսկ Դավիթը, որն ունի 2,5 տարեկան երեխա, պետք է 2 տարով ազատազրկվի .«Մենք չունենք ուղղիչ հիմնարկ, ինչ պիտի անի իմ պաշտպանյալը. զոն նայի՞, գողություն անի՞, ուր ենք ուղարկում նրան»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ