Ինչպես Զառան է նշում, սկզբնական շրջանում Դավիթին «բանի» տեղ չէր դնում. ուրիշը կար սրտում, չէր կարողանում մոռանալ. «Հետո էլ չէի պատկերացնի, որ նրա նման տղան իմ ընկերը կլինի: Ինքը իմ ճաշակով չէր»: Զառայի շփումը Դավիթի հետ զուտ գործնական էր, այնինչ տղան մտքում ուրիշ տարբերակներ էր պլանավորում:
Աշխատանքային անձնակազմով գնացել էին Աշտարակի ձոր, այդտեղ էլ` սար ու ձորի մեջ Դավիթն ասաց Զառային. «Սար ու ձոր չեմ ընկնում, կարճ ասած սիրում եմ քեզ»: Զառան պատասխան չտվեց , համոզված չէր իր զգացմունքների մեջ: Ժամանակի ընթացքում Դավիթի ուշադրությունն ու մեծ սերը ամեն ինչ հարթեց: Սիրահարվեց ու անգամ սիրեց Դավիթին:
Կա մի դեպք, որ Զառան երբեք չի մոռանա, դեռ մի քանի ամիս էր, ինչ ընկերություն էին անում: Դավիթը իր ընկերների հետ հանգստանում էր իրենց առանձնատանը, որը քաղաքից բավական հեռու էր: Հեռախոսով զրուցում էին, ու Զառան ասաց, որ շատ է կարոտել, ու ստացավ նույն պատասխանը. «Ասում էի. «ուզում եմ գաս», բայց միևնույն ժամանակ գիտակցում էի, որ անհնար էր. մի քանի օրով էին գնացել»: Մի քանի ժամ հետո, կրկին զանգում է Դավիթը ու ասում, որ իր ընկերներից`Նորայրը, գալու էր, որ ձայնասկավառակ փոխանցեր Զառան. «Էլի զանգեց, ասեց, Նորոն ներքևում է, իջիր: Դուրս եկա տանից, ու ոչ մի Նորո չգտա, փոխարենը տեսա նրան` ժպիտը դեմքին կանգնած»: Իսկ Դավիթը եկել էր միայն նրա համար, որ Զառան ասել էր` կարոտել է:
Նա հիմա ծառայում է: Զառան, երբ իմացավ Դավիթի բանակ գնալու մասին, ասաց. «Ես քեզ չեմ սպասելու, ես էդքան համբերություն չունեմ»: Գնաց տուն, երկար մտածեց, ու զգաց, որ սխալ էր այդպիսի պատասխան տալը: «Ժամանակի ընթացքում սկսեցի ավելի ու ավելի սիրել և հասկացա, որ լավ էլ կսպասեմ: Ու ինչքան ժամանակը մոտենում էր, որ պիտի գնար, ես այդքան վախենում էի. առջևում կային 2 շատ երկար թվացող տարիներ»: Դավիթը բանակ գնալուց առաջ խոստացել էր, որ միշտ իր հետ է լինելու, Զառայի կողքին: Մինչ գնալը պայմանագիր կնքեց Beeline ընկերության հետ, որ նկարահանվի գովազդում: Ծառայությունից մեկ ամիս հետո, ամբողջ քաղաքում իր նկարներն էր, հեռուստաեթերով գովազդը. «Ամեն տեղ գնալուց ինքն էլ աչքիս առաջ, ու հիշում էի իրա խոսքերը. «միշտ հետդ եմ լինելու»:
Մեկ օր Դավիթը հաղորդագրություն ուղարկեց Զառային. «Շատ եմ քեզ սիրում, ու առանց քեզ մեկ րոպե չեմ կարող ապրել: Երազում եմ, որ նույն էլ դու ասես»: Մի քանի օր առաջ Զառան ասաց, որ ամեն ինչ փոխադարձ է, ու որ Դավիթի երազանքը կատարվել է: Երկուսն էլ ապրում են երազելով, երազանք կա. միշտ լինել միասին և ունենալ բալիկներ:
Չկա այնպիսի մի պատճառ, որ Զառան և Դավիթը վիճեն: Ինչպես աղջիկն է նշում. «Հպարտանալու առիթ ունենք»: Զառան «Առավոտ երիտասարդականի» միջոցով ևս մեկ անգամ ասում է Դավիթին, որ շատ ավելի շատ է սկսել իրեն սիրել, քան ինքը պատկերացնում է. «Դավոս ես քեզ շաաատ եմ սիրում»:
Մելանյա Հարությունյան