Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում մանկապարտեզը գործում է օրական ընդամենը 2 ժամ` առավոտյան ժամը 11-ից 13-ը: Պատճառն ըստ Դաստակերտի քաղաքապետ Նաիրի Ֆիլոսյանի` սննդի խնդիրն է, համայնքն իր բյուջեի հաշվին չի կարողանում հոգալ սննդի ծախսերը: Ներկայումս մանկապարտեզ 13 երեխա է հաճախում` առանց վարձավճարի: «Ընդհանրապես ծնողական վճար չկա, մշակույթի տան աշխատողն է այդ հարցերը լուծում: Մեկ սենյակը լավ կահավորված է, խմբասենյակում հեռուստացույց, գրենական պիտույքներ, խաղալիքներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ կան: Ունենք դպրոց հաճախելու պատրաստի երեխաներ, ովքեր տառերը գիտեն եւ գեղեցիկ գրում են»,- ասում է քաղաքապետը: Դաստակերտում 2011թ.-ին 3 ծնունդ է եղել, որը մեկով ավելի է նախորդ տարվա գրանցված ծնունդներից: Քաղաքի դպրոցում ընդամենը 51 երեխա է սովորում:
Համայնքի ղեկավարը հույս ունի, որ Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատի հետագա շահագործմամբ, որի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում, եւ մարտի 12-ին բնապահպանական լսումներ են նշանակված քաղաքում՝ կավելանա մանկապարտեզ եւ դպրոց հաճախող երեխաների թիվը, քաղաքը նորից զարգացում կապրի եւ նախկին աշխուժությունը կվերականգնվի:
Դաստակերտը հանրապետության ամենափոքր քաղաքն է, որը ժամանակին 3000 բնակչություն է ունեցել, իսկ այժմ հոգսաշատ այս բնակավայրում ընդամենը 330 բնակիչ է ապրում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ