«Մեր՝ ՀԱԿ-ի նախընտրական դաշինքում չընդգրկվելը պայմանավորված է Հայ ազգային կոնգրեսի հետ ունեցած ռազմավարական եւ մարտավարական լուրջ տարաձայնություններով»,- Aravot.am-ին քիչ առաջ ասաց «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ՀԱԿ քաղխորհրդի ներկայացուցիչ Սամվել Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ 4 կուսակցություններ` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդը» եւ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Հայ կամավորների համախմբում միավորումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը՝ հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում:
Պարոն Հարությունյանն ասաց, որ վաղը կայանալիք մամուլի ասուլիսում ինքն արդեն կներկայացնի չորս միավորների պաշտոնական հայտարարությունը եւ կխոսի այլ մանրամասներից: Մինչ այդ, այլ մեկնաբանություններ չեն ցանկանում անել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ