ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ՍԴՀԿ-ում գո՞հ են ՌԴ նախագահի ընտրությունների արդյունքներից, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը ՍԴՀԿ-ի նախընտրելի թեկնածուն էր: Ավելին, հնչակյանները ՌԴ քաղաքացի մեր հայրենակիցներին անգամ կոչ արեցին՝ ընտրել Պուտինին: «Ես կարծում եմ, որ ռուսաստանահայությանն ուղղված մեր կոչն է նաեւ որոշակի ազդեցություն թողել ընտրությունների վրա: Հուսով եմ, որ դա այդպես է: Իհարկե, ընտրությունների արդյունքը մեզ գոհացնում է, բայց վերջնական կարծիք դեռ չեմ ուզում արտահայտել: Ամսի 14-ին, երբ կամփոփվեն վերջնական արդյունքները, ավելի առարկայական կարելի է խոսել այդ ընտրությունների մասին: Բայց, արդեն իսկ տեսանելի է, որ Պուտինը ջախջախիչ հաղթանակ է տարել, քանի որ մյուս թեկնածուներն էլ շնորհավորել են եւ փաստել, որ անկախ բոլոր կարգի մանր-մունր խախտումներից, միեւնույն է, դրանք վերջնական արդյունքների վրա չէին կարող ազդել: Իսկ նման հաղթանակը, բնականաբար, կարելի է շնորհավորել»,- ասաց տիկին Սարգսյանը: «Առավոտի» կողմից նշենք, որ թեկնածուներից երեքն են շնորհավորել Պուտինին, իսկ Գենադի Զյուգանովը հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները:
Հարցին՝ չե՞ք վախենում ուշանալ, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ շնորհավորել է, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը շտապել է՝ ինչպես միշտ: Իրեն էլ որոշ երկրներ շտապեցին՝ ժամանակից շուտ շնորհավորել, հիմա նույնն ինքն է կրկնում: Ես կարծում եմ, որ էթիկան էլ է պահանջում, որ միայն վերջնական արդյունքների հրապարակումից հետո ասել, որ տվյալ երկրում նախագահն ընտրվել է թափանցիկ ընտրությունների արդյունքում: Մենք կսպասենք մի քանի օր, հետո, բնականաբար, կշնորհավորենք»:
ՌԴ ընտրությունների դեպքում, տիկին Սարգսյանին հետաքրքիր է հատկապես եվրոպական կառույցների արձագանքը. «Այս դեպքում է՞լ երկակի ստանդարտներ են կիրառելու, թե՞ ընդունելու են ընտրությունների փաստը: 2008-ի հայաստանյան նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի շտապողական գնահատականն ազդեց ընտրությունների արդյունքների վրա եւ Սերժ Սարգսյանին ժամանակից շուտ նախագահ հռչակեցին: Հուսով եմ, որ այս դեպքում, գոնե մի փոքր զուսպ եւ ավելի օբյեկտիվ գնահատական կտրվի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ