«Հանրապետական կուսակցությունը մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին ներկայանալու է ՀՀԿ-ին վայել ցուցակով»,- այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Aravot.am-ը հետաքրքրվեց` ի՞նչ ասել է ՀՀԿ-ին վայել ցուցակ հատկապես այն համատեքստում, երբ ընդդիմադիր թևից հնչում են կարծիքներ, թե ՀՀԿ-ն կներկայանա «ստերիլ» ցուցակներով, որտեղ ներգրավված չեն լինի գործարարները, փոխարենը ՀՀԿ-ն նրանց խորհրդարան կբերի մեծամասնական ընտրակարգի շնորհիվ: Հ. Սահակյանը մեր հարցին պատասխանելիս, չգիտես ինչու, հիշեց Բեն Լադենին` որպես քաղաքական մեծ հնչեղություն ունեցող գործիչ և նշեց. « Այն հիմնական գործիչները, որոնք բացասական գնահատական ունեն հայ հասարակության շրջանում` որպես գործարար, անգամ եթե իրենց բիզնեսը հանձնել են հավատարմագրված կառավարման, միևնույն է՝ չեն ընդգրկվելու մեր ցուցակներում: Սակայն մեծամասնական համակարգով առաջադրվել կարող են, քանի որ դա ՀՀ Սահմանադրությամբ է սահմանված: Մեր ցուցակների` այս սկզբունքով կազմումը լինելու է այն հիմնական առաջին քայլը, որ իշխանությունը պիտի տարանջատվի գործարարությունից, բիզնեսից: Ցուցակում ՀՀԿ-ն ներկայացված է լինելու իր քաղաքական թիմով և դիմագծով»:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին կայանալու է ՀՀԿ համագումարը, որի ընթացքում էլ արդեն պաշտոնապես կհաստատվի այն ցուցակը, որով ՀՀԿ-ն գնալու է ընտրությունների:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ