Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյան. Ես բախտավոր մարդ եմ, ու նախընտրում եմ անհանգիստ ապրել

Մարտ 05,2012 15:42

Այսօր «Սլաք» ակումբում սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին խոսեցին նրա գրչակից ընկերները՝ գրող, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը եւ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը:

«Վազգեն Սարգսյանի հետ ծանոթացա Հայաստանի գրողների միությունում: Մեր սիրելի հավաքատեղին Գրողների միության սրճարանն էր, ես այնտեղ բացահայտեցի մի խանդավառ երիտասարդի, ով սպարապետ դարձավ իր ազգի համար: Եվ հիմա կապ չունի՝ երկրային, թե երկնային կյանքով է ապրում: Մենք պարտավոր ենք հիշել ու փառաբանել նրա անունը»,- նշեց տիկին Շառոյանը:

Կարինե Խոդիկյանի խոսքով էլ. «Մեզանից ամեն մեկը մտածել է,թե ինչպե՞ս է հանկարծ մեզ համար հարազատ մարդը դառնում առասպել: Ես հպարտ եմ, որ այդպիսի ծանոթներ ունեմ ու ամենաառաջինը Վազգեն Սարգսյանն է: Նրանից առաջին տպավորությունս սա էր՝ այդքան մաքուր, պարզ աչքեր երբեւիցե չէի տեսել, ու կարծում եմ՝ էլ երբեք չեմ տեսնի: Նա մեկ նախադասությամբ, մեկ կարճ բառով կարողանում էր գորդյան հանգույցը բացել: Սպարապետը հրաշալի գրիչ ուներ, իր գրվածքներում երեւում էր հասուն գրողի ձիրքը: Նա ասում էր այն, ինչ պետք է ասեր, նա պինդ գրող էր: Մի պահ եղավ, որ նա բոբոյի նմանվեց՝ չսափրված գալիս էր եւ հավաքում զինվորների խմբեր, տանում իր հետԲոլորս հիշում էինք նրա տղամարդկային արցունքները պատերազմի ժամանակ»:

Լրագրողների այն հարցին, թե բարոյական պարտք չե՞ն համարում անդրադառնալ սպարապետին՝ նրա մասին գիրք հրատարակելով, տիկին Խոդիկյանը պատասխանեց. «Ես մեծ ու հզոր գրիչ պետք է ունենամ, որ նման քայլի դիմեմ, ավաղ, գրիչս չի զորում»:

Ռիտա Շառոյանն էլ ասաց. «Դա եկեք թողնենք ավելի տաղանդավոր գրողների: Մեր նոր սերունդը պետք է հասկանա, որ մեր կողքին ապրել է մի լեգենդ, մի հզոր մարդ: Նրա թողած ժառանգությունը պետք է սերտենք, յուրացնենք, մենք անցյալով սովորություն ունենք հպարտանալու: Նա զոհվեց հայ ազգի համար, բայց հայ սրիկայի գնդակից եւ ոչ թե թշնամու: Սա դաժան էջ է»:

Այն հարցին, թե որպես գրող, սպարապետ ու մարդ ինչպիսի՞ն էր Վազգեն Սարգսյանը, Խոդիկյանն ասաց. «Նա փխրուն հոգի ուներ, զգայուն էր, ժպտերես, ուժեղ, սուր թիրախային հրապարակախոս, անզիջում գրող էր, պինդ գրիչ ուներ: Ուղղամիտ մարդ էր….» :Դրամատուրգը կարդաց սպարապետի հետեւյալ տողերը. «Ես կարոտում եմ Արարատի մոծակներին, իմ ֆուտբոլի դաշտը, եղբորս որդուն, բայց կորուստս սարսափելի է՝ հարյուրավոր ընկերներ եմ կորցրել, լավ մարդկանց, հավատ եմ կորցրել, համբերություն, սակայն չեմ փոշմանել, ես բախտավոր մարդ եմ ու նախընտրում եմ անհանգիստ ապրել»:

 Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031