Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Իշխանափոխություն են պահանջում իշխանության ներսից էլ»

Մարտ 05,2012 14:36

«Ավելի լավ է կանգնել ամեն մի կրպակատիրոջ կողքին, քան շաբաթը 1 կամ 2 անգամ հայտարարել, որ գնում ենք իշխանափոխության եւ չանել դա»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը այսպես ներկայացրեց իրենց դերը քաղաքական դաշտում` ամփոփելով իրենց համագումարը: Aravot.am-ի հարցին` այդ համեմատությունը ՀԱԿ-ի՞ հետ էր, եւ հնարավո՞ր է, որ դա «Ազատ դեմոկրատների» անմիջական ազդեցությունն է` պարոն Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, ՀԱԿ-ին նկատի չունեինք: Ես երեւույթի մասին եմ խոսում,իշխանության ներսից էլ բավականին շատ անուղղակի կոչեր են լինում իշխանափոխության: Պետք չէ ուղղորդել միայն մեկ ուղղությամբ: Ես «ռեալ-պոլիտիկի» մասին էի ասում, որ մեր հասարակությունը վերջապես պետք է քաղաքական ուժերին դիտի նախեւառաջ գործնական շրջանակներում: Եթե տվյալ պահին 1 անձի իրավունքի պաշտպանությունն ավելի ռեալ է, քան ժողովրդի քաղաքական էմոցիան գողանալու համար ամպագոռգոռ հայտարարություն անելը, որ այդ ավելի ձայն բերի եւ բերում է երբեմն, մենք ընտրելու ենք այդ 1 անձի իրավունքի պաշտպանությունը: Եթե պետք է գնալ Գյումրիի ճանապարհը փակել կամ հանրահավաք անցկացնել` սառնամանիքին ԱՊՊԱ-ի համար, եթե մեր կին դեպուտատները սառնամանիքին պետք է այդ 20 աստիճան ցրտին ճանապարհը փակեին, որպեսզի կարողանային իրենց դժգոհությունն արտահայտել, ապա մենք կողմ ենք դա անելուն, քան նստենք այստեղ տաք վիճակում ու ասենք` հեսա մի շաբաթ հետո իշխանափոխություն է լինելու»:

Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ վստահեցրեց, որ իշխանափոխության կոչեր հնչել են բացի ՀԱԿ-ից, նաեւ այլ կուսակցությունների կողմից:

«Ժառանգությունը» դեռ չի որոշել, թե «Ազատ դեմոկրատների» հետ ինչ ձեւաչափով են գնալու ընտրությունների: Ռուբեն Հակոբյանի խոսքերով` «Որպեսզի տարընթերցումներ չլինեն, մտացածին սցենարներ չնեկայացվեն, իսկապես «Ազատ դեմոկրատների» հետ բավականին երկար ժամանակ լուրջ սիստեմատիկ աշխատում ենք, որպեսզի կարողանանք ձեւավորել մեկ ընդհանուր հարթություն, որի հիմքում պետք է լինեն գաղափարաքաղաքական մոտեցումները: Դա ոչ թե նախընտրական դաշինք՝ բլոկ է, եթե կուզեք ասել»: Լրագրողների դիտարկմանն ի պատասխան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր բացառել, որ ցուցակը կգլխավորի Խաչատուր Քոքոբելյանը` Ստյոպա Սաֆարյանն ասաց` «Պարոն Հովհաննիսյանը չի բացառել ոչինչ, որովհետեւ հայտնի չէ ոչինչ»:

Պարոն Հակոբյանը նաեւ նշեց,որ կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում դաշինքները ձեւավորվում են իրադրային, եւ ընտրությունններից հետո բաժանվում են: Բայց «Ժառանգությունն» «Ազատ դեմոկրատների» հետ ուզում է հիմք ունենալ, որ հասարակությունը գործ ունենա քաղաքական ամբողջական 1 միավորի հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031