Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հենրիկ Իգիթյանի ֆենոմենը եւ «կիսատ-պռատ» մարդկանց հռետորությունը

Մարտ 05,2012 14:16

Այսօր լրանում է Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ծննդյան  80-ամյակը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում արվեստաբանի եղբայրը` Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը, «Այդ Իգիթյանը…» գրքի հեղինակ Յակոբ Զարգարյանը եւ գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը կիսվեցին Հ. Իգիթյանի մասին հիշողություններով: Յակոբ Զարգարյանը նրան ճանաչել է դեռեւս 1954 թ.-ից եւ արվեստաբանին առանձնահատուկ մարդ է համարում. «Որ ասպարեզում էլ աշխատեր` այդտեղ բարգավաճում էր լինում: Նա անսպասելի քայլեր էր անում եւ միշտ աշխատում` ջանալով ստեղծել ինչ-որ նոր բան»:

Իսկ Ռ. Էլիբեկյանը ներկայացրեց Իգիթյանի ֆենոմենը. «Նա նպատակ էր դնում իր առջեւ եւ հասնում դրան` հաղթահարելով ժամանակի բոլոր փորձությունները»:

Նշենք, որ Հ. Իգիթյանը ստեղծագործում էր սովետական իշխանության տարիներին, երբ կենտկոմը վերահսկում էր նաեւ նկարիչների գործունեությունը: Օրինակ՝ 3 անգամ հետաձգվել է Ժամանակակից արվեստի թանգարանի բացումը: Ինչպես Ռ. Էլիբեկյանն է փաստում, Հ. Իգիթյանը չընկճվեց արգելքներից եւ, վերջապես,  1972 թ.-ին հիմնեց  թանգարանը: «Նա  պաշտոնական ցուցահանդեսներ էր կազմակերպում` երիտասարդ նկարիչների մասնակցությամբ, նույնիսկ հավաքագրում էր նկարիչների արգելված գործերը եւ ցուցադրում: Նա մշակութային գործիչ էր` բառի ամենաբարձր իմաստով», հավելեց գեղանկարիչը:

Լեւոն Իգիթյանի խոսքերով`  այսօր սովորական երեւույթ է դատարկ բաների շուրջ հավաքվելը եւ կիսատ-պռատ մարդկանց հռետորությունը, մինչդեռ ժամանակին  նկարիչները գործում էին նույնիսկ ձերբակալման վտանգի տակ. «Մեր արվեստագետները սովետական ռեժիմին հաղթեցին` մոռացած իրենց դժվարությունները: Հենց ռեժիմին հակառակվելն էր միավորում մարդկանց: Հենրիկ Իգիթյանը մենակ չէր, այդ հզոր թիմն էր միավորված նրա շուրջ»:  Լ. Իգիթյանի կարծիքով` դեռեւս 1960-ականներից զարգացում ապրած հայ կերպարվեստն այժմ հավասարը չունի աշխարհում:

Նշենք, որ վաղը  Հենրիկ Իգիթյանի հիշատակին նվիրված ցուցահանդես կբացվի Ժամանակակից արվեստի թանգարանում, իսկ այսօր`  Գեղագիտության ազգային կենտրոնում:

Հավելենք, որ Հ. Իգիթյանը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, ալբոմների, արվեստաբանական հոդվածների: Պարգեւատրվել է Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու և Մխիթար Գոշի անվան մեդալներով: Վախճանվել է 2009 թ. մայիսի 11-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031