Քաջարան գյուղի բնակիչ Լյովա Արզումանյանը 90%-ով է գոհ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից ՀՀ վարչապետին ուղղված նամակից: «Ես կուզենայի, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նաեւ շեշտադրվեր` հանքի շահագործումից գյուղի տեղահանման հարց առաջանում է, թե չէ, որովհետեւ կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի եզրակցությունում գրված է` գյուղի տեղահանման հարց է առաջ քաշվում»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Լյովա Արզումանյանը:
Հիշեցնենք, որ Օմբուցմեն Կարեն Անդրեասյանը ՀՀ կառավարությունից խնդրում է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշումը, որով Սյունիքի մարզի 6 համայնքների` այդ թվում Քաջարան գյուղի 181,7 հա հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ` դրանք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տալու համար:
«Ես կցանկանայի, որ կառավարությունը ուշադրություն դարձնի ոչ թե տեղահանմանը, այլ ուշադրություն դարձնի գյուղի զարգացմանը, բարեփոխումներ կատարելուն գյուղացիների կյանքում: Քաջարանը սահմանամերձ գյուղ է, իսկ սահմանամերձ բոլոր տարածքները պետք է զարգացնենք, ավելի ապահովենք, մանավանդ որ մենք գտվում ենք սառեցված պատերազմական վիճակում»,-ասաց Լյովա Արզումանյանը` նշելով, որ գյուղում հնարավոր է հաջողությամբ զարգացնել մեղվաբուծությունը, անասնապահությունը, դեղագործությունը տեղանքի հարուստ բուսականության շնորհիվ, աճեցնել հացահատիկային կուլտուրաներ:
ԷկոԼուր