Իջեւանի գյուղերից մեկում պարարվեստ դասավանդող աղջկան, որը Եհովայի վկա է՝ հեռախոսով հարցրի, թե արդյոք պարապմունքների ժամանակ երեխաների մեջ չի սերմանո՞ւմ այդ կրոնական ուսմունքը: Աղջիկը դա ժխտեց: Սկզբում նա չէր ցանկանում զրուցել, ասելով, որ լրագրողները Եհովայի վկաների նկատմամբ նախատրամադրված են; Երբ հավաստիացրի հակառակը, ինձ հրավիրեց Իջեւանում կիրակի օրը կայանալիք իրենց հավաքին:
Սպանդարյան փողոցի սեփական տներից մեկի մի սենյակում հավաքված էին շուրջ 35 հոգի: Հիմնականում կանայք էին` տարբեր տարիքի, նաեւ մի քանի տղամարդ: Ժողովի ավարտին երեց Տիգրան Վեզիրյանին հարցրի, թե ինչո՞ւ են հավաքի մասնակից տղամարդիկ քիչ: Նրա խոսքերով` առաջին դարում էլ,երբ քրիստոնեությունը նոր էր տարածվում, հավաքներին հիմնականում կանայք եւ երեխաներն էին հաճախում, այն ժամանակ քրիստոնեությունն անվանում էին «կանանց եւ երեխաների կրոն»:
Ժողովում ամբիոնի մոտ իրար փոխարինող երեցները` Տիգրան Վեզիրյանը, Սիրակ Շահինյանը, Գագիկ Ասլանյանը հատվածներ էին կատարում Աստվածաշնչից եւ Եհովայի վկաների «Դիտարան» հանդեսից , մեկնաբանում տեքստերը եւ հարցեր ուղղում ժողովի մասնակիցներին: Երեցները հանրամատչելի լեզվով, պատկերավոր համեմատություններով ներկաներին ասում էին, թե ով միանա աստծո երջանիկ ժողովրդին, նա էլ կարժանանա Եհովայի սիրուն եւ հավիտենական արքայությանը: Երեց Տ. Վեզիրյանը հայտարարեց, որ այս գործում չեզոք մարդ չի կարելի լինել, քանզի Նոյյան տապանի մեջ տեղ գտան միայն նրանք, ովքեր Աստծո հետ էին: Աստվածաշնչից մեջբերում կատարվեց աշխարհի վերջի մասին հիշատակությունը, որ «մնացած ժամկետը քչացել է»:
Քարոզիչներն ունկնդիրներին դիմում էին «եղբայր» կամ «քույր» բառերով, հարցեր ուղղում , պատասխանները լսելով դրվատում էին նրանց, ինչպես դասատուն աշակերտին: Երեցները դեմքով ճանաչում էին հավաքի մասնակիցներին, նրանց դիմում էին անուն-ազգանուններով: Ժողովի ընթացքում երգեցին Եհովա աստծո իմաստությունը գովաբանող երգ, որի բառերը պարզունակ էին: Կողքիս նստած միջին տարիքի ակնոցավոր կինը կարծելով , որ իր հավատակիցներից եմ եւ տեսնելով, որ երգարան չունեմ, մոտեցավ եւ հորդորեց միանալ: Ես էլ իմ նվազ ձայնով միացա:
Կարդացեք նաև
Հավաքին 6-7 երեխա կար, որից ամենափոքրը 3-4 տարեկան տղա էր: Նա ակնհայտորեն ձանձրանում էր, նեղսրտում: Դեռատի, մոտ 20 տարեկան կինը (հավանաբար մայրը), երեխային հանգստացնելու համար ականջին անընդհատ ինչ-որ բան էր շշնջում: Սակայն հորդորները չօգնեցին, եւ կինը ստիպված տղային երկու անգամ դուրս տարավ: 9-10 տարեկան երկու այլ տղաներ, երեցի հրահանգով այլոց հետ Աստվածաշնչից հատվածներ կարդացին: Որքանո՞վ է նպատակահարմար երեխաներին կրոնական հավաքի բերելը, նրանք կարո՞ղ են հասկանալ կրոնական բարդ հարցերը: Երեց Տիգրան Վեզիրյանը հարցիս ի պատասխան մեջբերեց Աստվածաշնչի այն հատվածը, ուր նշված է երեխաների մեջ հավատն ամրապնդելու անհրաժեշտությունը:
Հոգեւոր արարողությունից հետո Տիգրան Վեզիրյանին հարցրի, թե նա, բացի հոգեւոր գործունեությունից, ինչո՞վ է զբաղվում: Անթերի կոստյումով եւ փողկապով մոտ 35 տարեկան երիտասարդն ասաց, որ Երեւանի մի հիմնարկում ինքը ինժեներ է, նաեւ` պահակ: Եհովայի վկաների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ նա ասաց, որ միջոցները ստացվում են կամավոր հանգանակությունների միջոցով:
«Եհովականների» բանակում չծառայելու վերաբերյալ հարցիս էլ ի պատասխան մեջբերեց Սուրբ գրքից մի հատված,որտեղ ազգերին կոչ է արվում պատերազմել չսովորել: Նրան հիշեցրի նույն գրքից հետեւյալ ասույթը. «Ակն ընդ ական, ատամ ընդ ատաման»: Երեցի խոսքերով, իմ մեջբերածն ավելի ուշ ժամանակներում է ասված, ուստի առաջին ասույթն ավելի «զորեղ է»: Երեց Վեզիրյանը հայտնեց,որ Հայաստանի անկախանալուց հետո բանակում ծառայելուց հրաժարվելու համար 300-350 Եհովայի վկա է ազատազրկվել, 2002թ. ՀՀ-ում ընդունվել է այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքը, սակայն հիմա բանտերում 69 Եհովայի վկա կա, վերջերս էլ Եհովայի վկա Վահան Բայաթյանը Եվրոդատարանում, Հայաստանի Հանրապետության դեմ դատում շահել է: Տ. Վեզիրյանին հարցրի` Ադրբեջանն անընդհատ զինվում է, Իլհամ Ալիեւը պատերազմով Հայաստանին սպառնում է, եթե հայերս զենք չվերցնենք, ո՞նց է լինելու: Նա իմ հարցը համարեց հիպոթետիկ: Սակայն սահմանագոտում ապրող լրագրողիս եւ բոլոր ողջամիտ մարդկանց համար ակնհայտ է, որ պատերազմի վտանգն իրական է:
Եհովայի վկաները ինչո՞ւ են դեմ արյան փոխներարկմանը, այս հարցիս ի պատասխան Տ.Վեզիրյանը Աստվածաշնչից մեջբերեց այն հատվածը, ուր կոչ է արվում միս եւ արյուն չուտել: Եհովակաները համարում են, որ արյան փոխներարկումը նշանակում է արյուն ուտել: Երեց Տիգրանը ինձ բացատրում էր, որ արյուն ներարկելը վտանգավոր է, քանզի այդ կերպ հիվանդ դոնորից արյուն ստացողին ՁԻԱՀ եւ հեպատիտ C են փոխանցվում, եւ որ աղի լուծույթ ներարկելու դեպքում էլ կորցրած արյունը լիարժեք վերականգնվում է: Պարզաբանումը թողնենք արյունաբան բժիշկներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ