Իջեւանի ավագանու վերջին նիստը տեղի ունեցավ մարտի 2-ին: Այն կրկին չկայացավ, քանի որ ավագանու 13 անդամից ներկա էին 6-ը: Վարուժան Ներսիսյանի հարազատ կամ կողմնակից ավագանու 7 անդամները բոյկոտել էին նիստը: Դրանից առաջ, փետրվարի 28-ի նիստին ավագանու վերոհիշյալ 7 անդամներից 6-ը ներկայանալով` դեմ էին քվեարկել օրակարգին (որի «մեխը» համայնքի 2012թ. բյուջեի նախահաշվի հաստատումն էր):
Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանիներ-Վարդան Ղալումյան հակադրությունը ստացել է նաեւ քարոզչական երանգներ: Փետրվարի 28-ին «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունն ավագանու այդ օրվա նիստի մասին իր ռեպորտաժում մի քանի անգամ փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանի անունը նշել է սխալ` «Սուրիկ»: Նույն տեսանյութում ավագանու անդամ Վահե Ղալումյանի մասին շեշտվել է, որ նա ՀԱԿ անդամ է: ՀԱԿ անդամ լինելը կամ չլինելն ի՞նչ կապ ունի Իջեւանի ավագանու հետ: Վահե Ղալումյանը մեզ ասաց, որ ինքն անկուսակցական է, ընկերներ ունի տարբեր կուսակցություններում: Իջեւանցիների խոսքերով` «Իջեւան ստուդիան» փաստացի Վարուժան Ներսիսյանի սեփականությունն է, թեեւ գրանցված է նրա եղբոր կնոջ անունով:
Համացանցում (https://rutube.ru/)) վերջերս հայտնվել է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի նախընտրական ելույթներից մեկը: Չարամիտ մոնտաժի հետեւանքով դրա բովանդակությունը ամբողջովին խեղաթյուրված է: Հայտնի չէ, թե ովքեր եւ ինչ նպատակով են կատարել այդ ապօրինությունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ