Վաղը Բելգրադում մեկնարկում է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով այսօր վաղ առավոտյան մրցավայր մեկնեց Հայաստանի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադայանի ղեկավարությամբ:
Եվրոպական մրցագորգում մեր երկիրը ներկայացնելու են Միհրան Ջաբուրյանը՝ 55 կգ քաշային կարգ, Արթուր Առաքելյանը՝ 60, Դավիթ Սաֆարյանը՝ 66, Մուսա Մուրթազալիեւը՝ 74, Հաջիմուրադ Նուրմագոմեդովը՝ 84, Անդրանիկ Գալստյանը՝ 96 եւ գերծանր քաշային Ռուսլան Բասիեւը: Վերջինը թիմին միանալու էր Բելգրադում:
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ օրերս կազմակերպված հանդիպման ժամանակ Արայիկ Բաղդադյանը տեղեկացրեց, որ թեեւ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային կարգավիճակ չունի, բաից ինքը դրան կարեւոր նշանակություն է տալիս: Իսկ լրագրողների հարցին, թե Եվրոպայի առաջնությունից ի՞նչ ակնկալիքներ կան, գլխավոր մարզիչը պատասխանեց. «Եթե խոսքը մեդալների մասին է, եկեք չշտապենք: Բոլոր տղաներն էլ իրենց վարպետության աստիճանով ի վիճակի են մրցանակային տեղեր զբաղեցնել: Բայց բոլոր հարցերի պատասխանը կտա մրցագորգը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ