Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժոխքի դարպասների պահակը»՝ իր կուռք Սերժ Սարգսյանի եւ Վ. Գասպարյանի մասին (Տեսանյութ)

Մարտ 04,2012 22:24

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Այսօր «Հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանը, մինչ կպարեր իր քոչարին, համաձայնեց երթի ժամանակ Aravot.am-ին բացատրել, թե ինչու է ինքը պատրաստ նախագահ Սերժ Սարգսյանի համար թեկուզ դժոխքի դարպասների պահակ աշխատել. «Որովհետեւ նա միայն օրհնանքի է արժանի: Նա անհատականություն է: Սերժ Սարգսյանը, առանց աչքը թարթելու, առանց կողք նայելու, առանց հետ նայելու, առանց փախչելու, ինչպես շատերը փախան, այսօր եւ շարունակ յուրաքանչյուրիս հոգսերը իր ուսերին վերցրած՝ առաջ է գնում»:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար «Հայոց արծիվը» մի քանի անգամ նշել է, որ երկրպագում է Սերժ Սարգսյանին, վերջերս նա իր կուռքերի շարքում ավելացրեց նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, իսկ այսօր այդ շարքում կարծես թե դասվեց նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որոնց մեծարեցին Ազատության հրապարակում: Սակայն պարոն Ասրյանի մեկնաբանությամբ, կոնկրետ ոստիկանապետին ու քաղաքապետին մեծարելով՝ պարզապես իր շնորհակալությունն է հայտնել՝ այսօրվա միջոցառումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, իսկ Սերժ Սարգսյանն ուրիշ հարց է. «Իմ խոսքերը՝ ուղղված հայոց նախագահ Սերժ Սարգսյանին միշտ էլ սրտաբուխ են, որովհետեւ այդ խոսքերը ճշմարտությունն են: Նկատի ունեմ հայոց նախագահ Սերժ Սարգսյանի դերակատարությունը մեր անկախ պետության կերտման, սահմանների պաշտպանության, բանակաշինության, հաղթանակի եւ այսօր արդեն մեր պետության զարգացման գործընթացներում»:

Պատահական չէ, որ Խաչիկ Ասրյանն Ազատութան հրապարակում իր ելույթում անդրադարձավ ՀԱԿ-ի հանրահավաքին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի  խոսքերին, որոնք խոցել էին նրան: Լեւոն Տեր-Պետրոսյանը ոտնահարել էր հայոց արծվի «սրբությունը»՝ նրան ասելով «խորտակվող նավ»: Այս առնչությամբ պարոն Ասրյանն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը ինձ ոչ թե բարկացրել են, ուղղակի եւս մեկ անգամ ինձ թույլ տվեց, որ  ես արտահայտվեմ ու ասեմ ճշմարտությունը: Այսինքն, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ կառույցով 18 կուսակցություններով ընդամենը 3-4 հազար մարդկանց համախմբում է Ազատության հրապարակում եւ նա հայտարարում է, որ այն ուժերը, ովքեր կանգնում են հայոց նախագահի կողքին՝ կործանված են, ես պարզապես շատ համեստ ձեւով՝ ընդամենը հայոց արծիվներով այսօր հրապարակում 13 հազարից ավելի հայոց արծիվների անդամներով, համախոհներով ցույց տվեցի Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ողջ ընդդիմադիր դաշտին, որ Սերժ Սարգսյանը ոչ թե խորտակվող նավ է, այլ Սերժ Սարգսյանը արեւածագն է: Խորտակվող նավը Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ նրան շրջապատած քաղաքական ուժերը»:

«Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանը քոչարի պարել նախատեսել էր դեռեւս անցյալ տարի՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3 տարին շնորհավորելու համար: Այս տարի նրա պաշտոնավարման 4 տարին նշելու տոնին միացավ նաեւ այլ առիթ՝ «Հայոց արծիվների» տարեդարձը, ուստի մեր հարցին՝ այս քոչարին նվիրվում է միայն Սերժ Սարգսյանի՞ն, իր պատվի՞ն է՝ պարոն Ասրյանը պատասխանեց. «Այսօր տեղի է ունենում «Հայոց արծիվներ» հայրենասիրական շարժման 2-րդ համագումարը: Երթը նվիրված է հայոց պետականություն-ազգային բանակ, հայոց նախագահ խորագրին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031