Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ծուռ հայելիների թագավորություն է»

Մարտ 04,2012 22:01

Aravot.am-ը «Սարդարապաշտ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեսակի խորհրդարանական ընտրություններ է ակնկալում ` 5 հազար դրամանո՞ց, թե՞ ժողովրդի գիտակցական մակարդակն այնքան է բարձրացել, որ թեկնածուներին փողն էլ չի փրկելու: «Նախ բառը կուզեի ճշտել, երբ որ ասում եք ընտրություններ, մի բառ ավելացրեք` կեղծ ընտրություններ կամ չընտրություններ, որովհետև Հայաստանում կա ծուռ հայելիներ թագավորություն. ծուռ հայելիում փոքրը մեծ է երևում, թույլը ուժեղ է երևում, չընտրությունը ընտրություն է երևում: Նախ սկսենք այդ իրականությունը մեր ուղեղում տեղավորելուց, որ կան ծուռ հայելիներ, որովհետև ամեն ինչ ծուռ հայելիների միջով ենք նայելու, նոր սկսենք դատել՝ ինչպես է լինելու, ինչ է լինելու: Ծուռ հայելիներն ամեն ինչ ցույց են տալու այնպես, ինչպես որ միշտ ցույց են տալիս, որ ամեն ինչ եղավ, ավելի լավ եղավ, գտնվեց , գնահատվեց, եկան մարդիկ, չգիտեմ ինչ եղավ: Իսկ դրանից հետո լինելու է նոր հիասթափություն, նոր հուսահատություն, նոր ալիք արտագաղթի, և ինչքան այդպիսի ալիքներ մեր ժողովուրդը պետք է ունենա, որ վերջապես հասկանանք, որ սա ծուղակ է, որից պետք է դուրս գալ»:

Ըստ մեր զրուցակցի, այն փոսից, որտեղ հայտնվել է Հայաստանը, որևիցէ կուսակցություն չի կարող հանել, այն միայն կարող են փրկել ոչ կուսակցական շարժման շուրջ համախմբված առողջ ուժերը: Ըստ Գարեգին Չուքասզյանի, պատճառն այն է , որ Հայաստանում հնարավոր չէ ցույց տալ որևիցէ կուսակցություն, որը ստեղծված լինի գաղափարական հիմքերի վրա: «Հիմնականում պատեհապաշտ մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում քանի կուսակցություն են փոխել` այլ կուսակցությունից այլ կուսակցություն են անցնում, և սա կոչում ենք կուսակցությո՞ւն, ստեղծում ենք հերթական ծուռ հայելին, և ժողովրդին մատուցում ենք որպես կուսակցություն: Մենք պիտի գիտակցենք, որ թագավորը մերկ է, որ քաղաքական դաշտը սնանկ է Հայաստանում, և դա սպառնում է նրան, որ Հայաստանը սնանկանա, իսկ այս դեպքում, ինչպես որ բիզնեսներն են սնանկանում , երկու ելք կա՝ կամ լիկվիիդացիա, կամ էլ վերակազմակերպվում է բիզնեսը և նոր բիզնես է հայտնվում»:

Գարեգին Չուքասզյանի ներկայացմամբ, այսօր մեր ազգային նավը դեգերում է առանց որևիցէ նպատակի, և երբ որևէ քամի է հայտնվում, չգիտենք ուր ենք նավը տանում: Այս իմաստով մեր զրուցակիցը ոչինչ չի ակնկալում Ռուսաստանում տեղի ունեցող նախագահական ընտրություններից: «Քանի դեռ մենք հայաստանակենտրոն հայացքով աշխարհին չենք նայել, դրսում ինչ էլ տեղի ունենա, մեզ մեծ վնաս է` անկախ նրանից լավ է, վատ, որովհետև դրանից մեզ ոչ մի բան չի լինի»:

Սակայն, նրա ասելով, Հայաստանում պետության վերստեղծումն այնքան էլ դժվար չէ, քանի որ համապատասխան ուժեր կան ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում: Մեր զրուցակիցը որպես օրինակ մեջբերում է հարևան Վրաստանը, որտեղ 12 տարի առաջ ահավոր ճգնաժամային մթնոլորտ էր տիրում: «Ես այն մարդկանցից չեմ, որոնք շատ հիացած են Վրաստանում տեղի ունեցող ամեն ինչով, բայց կառավարման համակարգում տեղի ունեցած որոշակի փոփոխությունները ցույց են տալիս, թե երկրում ինչ արագությամբ կարելի է փոփոխությունների հասնել: Օրինակ` ասում են` մեր մենթալիտետը` արևելյան, ասիական, ինչ ասես մեր ժողովրդի մասին ասում են, իսկ ի՞նչ, վրացիները շա՞տ են մեզնից տարբերվում իրենց մենթալիտետով, դարեր շարունակ մեր հարևաններն ենք եղել, շատ մոտ ենք մենթալիտետով: 12 տարի առաջ Վրաստանում այնպիսի ընկճվածություն կար, որ անհամեմատելի էր Հայաստանում այսօր եղած ընկճվածության հետ, որովհետև այնտեղ քաղաքացիական պատերազմ էր եղել, որի հետևանքներն ավելի ծանր են: Իսկ մենք չունենք այդ բացասական ժառանգությունը, ինչ-որ Վրաստանն ուներ ընկճվածության իմաստով, և մեր առաջընթացը շատ ավելի արագ է լինելու, եթե ի նկատի ունենաք, որ մենք ունենք Սփյուռքի նման գործոն, որը վրացիները չունեն»:

Ի դեպ, բանախոսը վերջում ակնարկեց, որ երբ հանրահավաքներ հրավիրելու ու ժողովրդի հետ այս ձևով շփվելու ժամանակը գա, իրենք, ի տարբերություն որոշ ուժերի, փողոցներից տուն չեն գնա, ժողովրդին էլ տուն չեն ուղարկի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031