Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գործ կա, ուրեմն պետք է արվի…»

Մարտ 04,2012 17:57

Ինձ միշտ հերաքրքրել է գյուղական կյանքը, գյուղացիների առօրյան: Լավ հասկանալու համար` ինչպես են ապրում նրանք, բավական չէ ինչ-որ մեկից ինչ-որ բան լսելը, դրա համար պետք է գոնե մի որոշ ժամանակ ապրել, նստել ու վեր կենալ նրանց հետ, շնչել նույն օդը:

Բախտի բերմամբ, ես ունեցա այդ հնարավորությունը. հորեղբայրս գործի բերումով պետք է գնար Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը, և ես խնդրեցի ընկերակցել իրեն:

Տանից դուրս եկանք լուսադեմին և վաղ առավոտյան արդեն գյուղում էինք: Առաջինը մեզ «դիմավորեց» անասունների նախիրը, որը սկսել էր իր ամենօրյա «զբոսանքը»` նախրապանի հսկողությամբ: Կովերն այնքան շատ էին, որ հորեղբորս ստիպեցին անջատել մեքենայի շարժիչը, և մոտ տասը րոպե ստիպված եղանք սպասել մինչև կվերջանար նրանց հոսքը (կարծես երևանյան խցանումների մեջ լինեինք` շրջապատված ոչ թե մեքենաներով, այլ` կովերով):

Ինչպես որ սպասում էինք, մեզ դիմավորեցին ջերմությամբ. մեծից փոքր խառնվել էին իրար, այս ու այն կողմ էին գնում, ամեն կերպ փորձում հաճոյանալ մեզ, կարծես երկնքից իջած լինեինք (միայն հորեղբորս հետ խոսելուց հետո հասկացա, որ նրանք այդպես են ընդունում բոլոր նրանց, ովքեր բացում են իրենց տան դուռը):

Դեռ չէինք հասցրել տեղավորվել, տան տիկիններն արդեն սեղան գցելու պատրաստություն էին տեսնում. մեկը ներս էր մտնում ափսեները ձեռքին, մյուսը հացն էր բերում, երրորդը` իրենց իսկ ձեռքով պատրաստած «տնական» պանիրը, պահածոները, և մի քանի րոպե հետո արդեն սեղանը պատրաստ էր: Մեզ հրավիրեցին սեղանի շուրջ, և տան մեծը` 80-ամյա Արշակ պապին, վերցրեց օղու բաժակն ու խմեց բարեկամության, հարազատության և լավ մարդկանց կենացը: Ճաշն անցավ հանգիստ մթնոլորտում:

Ճաշից հետո հորեղբայրս գնաց իր գործերով, իսկ ես, իմանալով, որ կանայք պատրաստվում են հաց թխել, խնդրեցի թույլ տան ներկա լինել թխելու գործընթացին: Նրանք, չգիտես` ինչո՞ւ, զարմացան, որ ինձ կարող է հետաքրքրել իրենց գործը, բայցև սիրով համաձայնեցին:

Հացթխամ «արարողությանը» մասնակցում էին 3 հոգի` տան մեծ տիկինը` 75-ամյա Սիրանուշ տատիկը, նրա հարսը` տիկին Գայանեն, և 18-ամյա թոռնուհին` Աշխենը: Երեքն էլ գլխներին ունեին գլխաշոր, մեջքներին` կիսամաշ գոգնոց:

Տատն ալյուրն էր մաղում, հարսը մեծ դույլերով ջուր էր բերում, թոռնուհին դասավորում էր տարաները, որոնց մեջ պետք է խմորը հունցեին: Ամեն ինչ պատրաստ էր խմորը «շաղախելու» համար: Աղջնակը փոքրիկ դույլով ջուր էր լցնում ալյուրի վրա, և տատը, ամբողջ ուժերը ներդնելով, հունցում էր խմորը: Նա կռացել էր տարայի վրա ու առանց հանգստանալու` տրորում էր այն, ու երբ նրան հարցրի. «Մի՞թե բավական չէ: Չէ՞ որ խմորն արդեն համաչափ է, և հետո` ախր հոգնեցիք է», նա այսպես պատասխանեց. «Էնքան պետք ա հունցեմ, որ խմորը փուչիկներ տա ու ձեռիս տակ ճտճտա»:

Վերջապես խմորը «ճտճտաց». եկավ այն գնդելու ժամանակը: Հատակին նախապես մեծ կտոր էին գցել` գնդերը վրան շարելու համար: Խմորը տեղափոխեցին սեղանի վրա, աղջնակը սկսեց կտրատել այն ու փոխանցել տատիկին և մայրիկին, որոնք ձեռքի արագ շարժումներով գնդում էին խմորը: Այնքան վարժ էին անում այդ ամենը. խմորը կարծես սահում էր նրանց ձեռքերի մեջ ու պատրաստի գունդը դուրս գալիս: Ես չդիմացա ու խնդրեցի, որ ինձ թույլ տան փորձել գունդ անել, սակայն փորձը, մեղմ ասած, անհաջող եղավ (չէի կարողանում այդքան արագ շարժել ձեռքերս, ուղղակի կլորացնում էի ու գնդի «տնազ» սարքում, և տեսնելով, որ ինձնից գունդ անող դուրս չի գա, նրանց օգնելու համար սկսեցի պատրաստի գնդերը հաջորդականությամբ դասավորել հատակին դրված կտորին):

Թոնրատունն, անկեղծ ասած, տրամադրող չէր. դուռը փայտից էր, որ ամեն բացել-փակելուց ճռռում էր, պատերը սևացած էին երկար տարիների մխից ու ծխից, իսկ պատի ճաքած մասերը քողարկված էին մաշված ու պատառոտված կտորներով:

Թոնրատանն արդեն կրակը «նստել» էր (ինչպես իրենք էին ասում) և կարող էին սկսել թխել: Այս դեպքում ևս գործը հստակ էր. թոռնուհին գրտնակում էր, հարս գրտնակածը տեղափոխում «մարզկա» կոչվող հարմարանքին, իսկ տատը, կռանալով կրակի վրա, լավաշը մարզկայից տեղափոխում էր թոնրի մեջ: Մի քանի վայրկյան անց թոնրից հանում էին կարմիր փուչիկներով, ախորժելի լավաշը: Այս անգամ էլ գայթակղությունը մեծ էր, և խնդրեցի, որ մի գունդ վստահեն ինձ ու թույլ տան գրտնակել. կողքից այնքան հեշտ էր այդ ամենը թվում. մեկ-երկու անգամ տանում-բերում էին ձեռքերը գրտնակի վրայով, և գունդը համաչափ բացվում էր:

Երբ առաջին փորձն արեցի, զգացի, որ ուժերս հատում են, ու ճակատիս վրայով սառը քրտինք է հոսում, ու երբ գլուխս բարձրացրի` մի փոքր շունչ քաշելու, տեսնեմ բոլորը լուռ կանգնած համբերությամբ ինձ են սպասում, թե երբ եմ վերջացնելու: Հասկացա, որ ուղղակի խանգարում եմ նրանց, մի կողմ քաշվեցի ու բավարարվեցի կողքից նրանց գործով հիանալով, պատրաստի հացերը իրար վրա շարելով ու ժամանակա առ ժամանակ նրանց համար սուրճ պատրաստելով:

Թոնրատունը մի ուրախ աղաղակներով լցվեց, երբ տան փոքրիկները քնից արթնանալուն պես շտապեցին մեզ մոտ: Նրանք վերցնում էին լավաշները, մեկը մյուսի ձեռքից խլում առավել կարմիրը ու բարձր ճիչերով վազվզում այս ու այն կողմ… Եվ ընդամենը մի քանի րոպե հետո մաքուր և հավաք թոնրատունը պատվեց չոր հացի փշրանքներով:

Մոտ 5 ժամ տևեց հաց թխելը: Դասավորեցինք թոնրատունը, վերցրինք հացն ու գնացինք տուն: Տան տղամարդիկ արդեն վերջացրել էին այդ օրվա իրենց գործերն ու հավաքվել էին տանը և սպասում էին` երբ են կանայք «կշտացնելու» իրենց սոված ստամոքսները: Ես նրանց օգնեցի սեղանը պատրաստել, ու բոլորս նստեցինք հացի: Տան մեծը վերցրեց օղու բաժակը, առողջություն մաղթեց բոլորիս, շնորհակալություն հայտնեց Աստծուն, որ այդ օրն էլ ապրեցին, ոչ մի գործ կիսատ չթողեցին ու հիմա էլ վայելում են հալալ քրտինքով վաստակած հանապազօրյա հացը: Ապա, դիմելով հորեղբորս և ինձ, ասաց, որ իրենց դռներն ու սրտերը միշտ բաց են մեր և ընդհանրապես ցանկացած հյուրի առաջ: Երեկոյան բոլորը խմբվեցին տաք վառարանի շուրջ կանոնավոր դրված ներքնակներին ու սկսեցին ջերմ զրուցել: Ես էլ, օգտվելով առիթից, տան մեծին` պապիկին, հարցրի. «Արդյոք չէ՞ք հոգնում ամեն օր նույն գործն անելուց, չէ՞ որ ֆիզակական աշխատանքը շատ է գյուղում»,- իսկ նա մի փոքր խորհրդավոր լռությունից հետո այսպես պատասխանեց. «Չէ՛, մենք երբեք չենք հոգնում (ժպտում է իմաստուն ծերունին), եթե հոգնենք` ո՞վ ա մեր փոխարեն

մեր գործն անելու: Մեզանից ամեն մեկը շատ լավ գիտի` որն ա իրա անելիքը, իր էդ օրվա գործը, ու եթե օրվա մեջ ինչ-որ բան կիսատ մնաց, ուրեմն էդ օրը մեր համար ապարդյուն ա անցել, հոգնելս ո՞րն ա (կրկին ժպտում է), եթե գործ կա, ուրեմն պետք ա արվի, ու հետո, եթե մեր գործը համեմատենք քաղաքաբնակ էն մարդկանց հետ, ովքեր զարթնում են ու պարապությունից չգիտեն` ինչ անեն, ինչով զբաղվեն, ուրեմն ավելի համոզված եղի, բալե՛ս, որ մեր գործը շատ ավելի հեշտ ու հետաքրքիր ա, քան իրանցը»:

Այս խոսքերն ամբողջ ետդարձի ճանապարհին մտքիցս դուրս չէին գալիս, ու որքան շատ էի կրկնում, այնքան ավելի է համոզվում դրանց իրավացիությամ մեջ:
 

Ռուզան Ասատրյան

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031