Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծախվում են 30 արծաթով ու ժամանակին չմեռնելով` մեռնում են արվեստում»

Մարտ 04,2012 15:39

Aravot.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում հայ արվեստագետների` այս կամ կուսակցության նախընտրական քարոզարաշավի գլխավոր դերակատարը դառնալուն: «Ողջ մարդկային պատմության ընթացքում մշակույթով, արվեստով զբաղվող մարդն ունի այդպիսի գայթակղություն. իր էությունը, արվեստը ստեղծելու և իրականացնելու համար միջոցների պակասը լրացնել իշխանությունների աջակցությամբ: Սովորաբար դա վերջանում է նրանով, որ վերջանում է ինքնարվեստը, երբ մարդը սկսում է վաճառվել, իր մոգական ուժը անհետանում է: Ես գիտակցում եմ, որ կան փայլուն օրինակներ, եթե չլինեին Հռոմի պապերի աջակցությունը Միքելանջելոն «Սիքստինյան կապելլան» չէր ստեղծի, եթե չլիներ «Մեդիչի և ՍՖորթսա» արքայատների աջակցությունը, Լեոնարդոն չէր ունենա ժամանակ ստեղծել այն արվեստը, որը ստեղծել է և այլն, և այլն: Կարող է մինչև Մանթաշով քաշել էդ գիծը, բայց դա չի փոխում իրավիճակը, արվեստը դա ներքին ազատության վիճակ է»:

Մեր զրուցակցի ասելով, մարդկության ողջ պատմության ընթացքում ծախու արվեստագետներին տրվող վարձը միշտ նույնն է մնացել` 30 արծաթ, երբեմն գումարի կուրսի փոփոխությամբ, որը երբեք օգուտ չի բերում, դրանից ոչ մեկը չի երջանկանում ու չի հարստանում, սակայն փոխարենը վարկաբեկվում է թե արվեստը և թե արվեստագետը: «Շատ մեծ սխալ է մեր արվեստագետներին, մշակույթով զբաղվող մարդկանց համարել հեղինակ, իրենք ընդամենը գործիք են, գրիչ են, վրձին են, ստեղնաշար են, որի վրա նվագում է այն գերբնական ուժը, որը եթե ուզում է , նվագում է, դու ես քո գործիքը, իսկ եթե դու գործիքը կեղտոտում ես, վարկաբեկվում ես: Գյումրիից եկավ այն թթու խոսքը. մի տառ են փոխում մտավորական բառի մեջ և ամեն ինչ իր տեղն է կանգնում: Դուք այդ տառը գիտեք, ես չեմ ուզում կրկնել, բայց դա նշանակում է , որ նրանք դավաճանել են նախ արվեստը, երկրորդը՝ իրենք իրենց, և բնականաբար ճանապարհին դավաճանել են և ազգը, որովհետև եթե բանվորը աշխատում է, արտադրում է , որ ինչոր մեկը արվեստով զբաղվի, դա նշանակում է , որ ժողովուրդը, հատկապես հայ ժողովուրդը, որը սիրում է արվեստը. ցանկացած տաքսիստ, կամ զոդող Շիրազ կկարդա անգիր, նա տալիս է քեզ հնարավորություն խոսելու, երգելու մի պայմանով` ազնիվ լինես»:

Տիգրան Խզմալյանն իր ասելիքը ընդհանրացրեց Փարաջանովի «Սայաթ-Նովա» ֆիլմից մի խորհրդանշանական պատկեր մեջբերելով: «Ծերացած ՍայաթՆովան մտնում է տաճար` վերևը կավագործը տեղադրում է կարասներ, կարասները տաճարների գմբեթների տակ դրվում էին երկու պատճառով, առաջինը, որպեսզի հնչեղություն ապահովվի, երկրորդը, որովհետև դա յուրահատուկ մթնոլորտ և ջերմաստիճան է ապահովում, որ քարե կտուրների սալիկները չճաքեն և դա ստուգում է ճաք կա՞ կարասի մեջ, թե՞ ոչ: Այդ պահին տեսնելով երգչին` կավագործը վերևից ճչում է` երգի, իսկ ՍայաթՆովան մի քանի ձայնով սկսում է երգել «Աշխարհումս», իսկ բանվորը լսում է և տեսնում է , որ ճաք չկա: Այսինքն օգտագործում է երգչի ձայնը որպես չափանիշ և երբ որ տեսնում է, որ իր գործը լավ է արել, ասում է ` մեռի , այսինքն դու այլևս պետք չես, դու կատարեցիր քո գործը: Ես փշաքաղվում եմ, երբ մտածում եմ, թե ինչ ֆանտաստիկ խորհուրդ դրեց Փարաջանովը դրա մեջ, այ դրա համար է` ՍայաթՆովան պետք և մինչև հիմա պետք է: 200- 250 տարի անց մարդիկ ինչու են երգում, որովհետև ճիշտ է, շիտակ է, ազնիվ է , կեղծ չէ` երեք լեզվով մարդիկ շարունակում են ՍայաթՆովա երգել: Նա երգեց և քանի դեռ պետք էր` ապրում էր, երգեց ու մեռավ, այլևս պետք չէր: Մեր արվեստագետներից շատերի խնդիրը այն է, իրենք ժամանակին չմեռան, իրենք մեռան արվեստում և շարունակում են կրել այն դափնիները, որոնց իրենք այլևս արժանի չեն, ոչ միայն ապրել է պետք, այլ նաև գեղեցիկ, ճիշտ մեռնել»,– եզրափակեց Տիգրան Խզմալյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031