Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան Գագոն պիտի հասկանա, որ էս քաղաքում մարդիկ ուզում են ուղղակի հանգիստ ապրել»

Մարտ 04,2012 14:41

Մամուլում վերջին շրջանում ակտիվորեն գրվեց աբովյանցի երիտասարդ գործարար Արթուր Հարությունյանի (Պալաչ մականունով) մասին: Մասնավորապես, որ վերջինս լինելով Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի սանիկը եւ երբեմնի մերձավորներից` այժմ սկսել է քավորի դեմ աշխատել: Համաձայն լուրերի` Արթուը Հարությունյանն իր առաջ խնդիր է դրել ԲՀԿ-աթափ անել Աբովյանը եւ այստեղ ապահովել ՀՀԿ-ի հաղթանակը: Ավելին` լուրեր տարածվեցին, որ Հարությունյանի գործողությունները հրահանգվում են անմիջապես Սերժ Սարգսյանի կողմից, քանի որ հենց վերջինս է խնդիր դրել, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի ԲՀԿ-ին:  Նշենք, որ 37-ամյա գործարարին են պատկանում Երեւան-Աբովյան ավտոբուսային երթուղին, Աբովյանի «Կինգ դե լյուքս» տաքսի ծառայությունը: Ընդ որում, հիմա Ծառուկյանը այդ երթուղում բազմաթիվ անվճար ավտոբուսներ է մտցրել, որպեսզի հարվածի սանիկի բիզնեսին: Hayeli.am-ը փորձել է Հարությունյանից պարզել, թե հատկապես ի՞նչն է դրդել նրան դուրս գալ Ծառուկյանի դեմ եւ սատարել ՀՀԿ-ին:
Պարոն Հարությունյան ճի՞շտ են խոսակցությունները, թե Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ բիզնեսում առաջացած տարաձայնությունների պատճառով եք դուրս եկել Ծառուկյանի դեմ:
-Մենք իրար հետ համատեղ բիզնես չենք ունեցել:
Բայց մամուլում գրվեց, որ ինչի հասել եք, Ծառուկյանի շնորհիվ եք հասել, ձեր բիզնեսներն էլ նրա շնորհիվ եք վաստակել:
-Դա էլ է սուտ. ինքը ինձ ոչ մի հարցերում չի օգնել, հիմա իրեն որ լսեք, ինքը կասի` ես եմ օգնել: Եթե մի մարդ ինձ օգնում է, թեկուզ իմ թշնամին, ես բացահայտ կասեմ՝ ինքը ինձ օգնել է, ես իրենից գոհ եմ, բայց ես ասում եմ՝ Ծառուկյանն ինձ չի օգնել:
Այդ դեպքում ի՞նչը ձեզ դրդեց, որ դուրս գաք ձեր քավորի դեմ, աշխատեք նրա դեմ, այն դեպքում, երբ Դուք նախորդ ընտրություններում, ըստ լուրերի, լինելով Ծառուկյանի թիկնապահը, աշխատել եք ԲՀԿ-ի օգտին:
-Ես Ծառուկյան Գագուլի հետ աշխատել եմ մինչեւ 2000 թիվը, էդ ժամանակ ոչ ԲՀԿ-ն էր ծնված, ոչ…մյուսը՝ ՀՀԿ-ն կար. այն ժամանակ ոչ մի կուսակցական, եսիմ ինչ չկար, ավելին` պլանների մեջ էլ չկար, որ պիտի ԲՀԿ-ն ծնվեր: 2000 թվականից մենք իրար հետ էլ չենք աշխատել, ընդամենը այդքան բան, այո, ինքը եղել է իմ հարսանիքի քավորը, իմ աղջիկ երեխուս կնունքի քավորը:
Ի դեպ, «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էիք, որ Ծառուկյանը սուրբ մեռոնն ուրացել է, կմանրամասնե՞ք:
-Ուրեմն ես իմ խոսքերին տեր եմ, նորից եմ ասում, որ ասում եմ՝ դա էդպես է, ուրեմն ես դա ասում եմ, որ ինքը կարդա ու ինքը իմանա. ես վախենալու բան չունեմ, որ իրա մարդիկ էդքան որ բաներ են գրում եւ ինձ ոչ ճիշտ վիրավորում են, թող հասկանան, որ այդպես չի: Դու քավոր ես, դու ես մեռոն ուրացել, ես չեմ ուրացել, ես փորձել եմ էդ մեռոնը պահեմ 12 տարի, բայց դու ուրացել ես:
Բայց ինչպե՞ս. ե՞րբ  է նա ուրացել, եթե Դուք եք որոշել  սատարել ոչ նրա կուսակցությանը, այլ ՀՀԿ-ին:
-Եկեք անձնականի չվերածենք, ասեմ` ուղղակի ուզում եմ պահել երկրի նախագահի քաղաքականությունը, ինձ դուր է գալիս այդ քաղաքականությունը, եւ ես փորձում եմ պահել երկրի նախագահի շահերը՝ ի դեմս ՀՀԿ-ի:
Մի տեսակ անկեղծ չի հնչում, քավոր-սանիկ հարաբերություններ ունենալ, ընդ որում Ծառուկյանի նման քավոր ունենալ եւ որոշել պաշտպանել այլ թիմի: Ի՞նչ հակասություններ են եղել եւ ե՞րբ, որ այսօր Դուք գրեթե թշնամիներ եք դարձել:
-Անձնական հարցեր են, չեմ կարող մանրամասնել, բայց դե, էն կարգի հակասություններ, որ 2000 թ. այլեւս անհնար եղավ իրար հետ աշխատել: 2000թ., երբ մենք իրար հետ չաշխատեցինք, 12 տարի ես պահել եմ այդ մեռոնը, ինքը իր կողմից չի պահել, եւ հիմա ես որոշել եմ այս կուսակցության՝ ՀՀԿ-ի շահերը պաշտպանել, ընդ որում, ես դեռ Հանրապետական չեմ, դեռ դիմում եմ գրել, որ մտնեմ: Իսկ ես ԲՀԿ չեմ էլ եղել, որ գրում են՝ ԲՀԿ-ից դուրս է եկել, մտել է ՀՀԿ. նման բաներ չկա: Ասում եմ` այն ժամանակ, որ ես ու Գագոն իրար հետ ախպերություն էինք անում, թեկուզ հետո էլ, որ ախպերություն չէինք անում, այդ ժամանակ կրկնում եմ՝ ԲՀԿ չկար դեռ:
Բայց հիմա իսկապե՞ս Դուք խնդիր եք դրել ԲՀԿ-աթափ անել Աբովյանը եւ ձեր հորդորով, ճնշումներով արդեն բազմաթիվ ԲՀԿ-ականներ են դուրս եկել այդ կուսակցությունից եւ անդամակցել  ՀՀԿ-ին:
-Իրենք ինֆորմացիա էին տարածել, որ իմ տաքսու վարորդներին ստիպել եմ դուրս գալ ԲՀԿ-ից եւ մտնել ՀՀԿ, միթոմ իմ տաքսու վարորդները չեն լսել ինձ, գործից են դուրս եկել. դա բոլորովին սուտ է, սուտ: Իմ տաքսու սերվիսի վարորդները եւ ընդհանուր իմ ֆիրմայում աշխատող մարդիկ իրենք իրենց կամքով բերել են, ովքեր ունեցել են, Բարգավաճ կուսակցության տոմսեր: Իսկ այդ տոմսերը մարդկանց ստիպողաբար են տվել, ոչ մեկ իր կամքով չի գնացել, այդ տոմսը չի վերցրել: Հիմա այդ մարդիկ իրենք են բերել, հանձնել եւ դիմում են գրել, որ մտնեն ՀՀԿ, այդ մարդկանց ոչ ոք չի ստիպում: Ես այդքան հիմար տղա չեմ, որ այդ մարդուն ստիպեմ, իմ դեմը ասի` հա, ոնց ասես, ըտենց կանեմ, հետո մտնի խցիկ եւ հակառակ թեւին ընտրի: Ես չեմ ստիպում մարդկանց, եթե մի քայլի գնում են, ինձ հարգելով են գնում, գնում են որոշ հանգամանքներից ելենելով: Իսկ իմ մոտ ընդհանրապես ոչ մի վարորդ, աշխատող դուրս չի եկել աշխատանքից: Իրենք են ընկել իմ ավտոբուսի վարորդներին գումար են առաջարկում, որ գործից դուրս գան իմ մոտ չաշխատեն, որ իմ գործը կանգն, որ ես սնանկանամ, իրենք են այդպիսի գործողություններ անում:
Ի դեպ, որոշ տեղեկություններով ՀՀԿ առաջին դեմքերն են ձեր գործողությունները հրահանգում, ՀՀԿ-ն է ձեր թիկունքին կանգնել, որ նման բաներ անեք: Ավելին, վերջին երեք օրերին ասում են՝ անձամբ  Վլադիմիր Գասպարյանն է հրահանգել, որ այն անվճար ավտոբուսները, որոնք Ծառուկյանը մտցրել է ձեզ պատկանող Աբովյան-Երեւան երթուղի, չթողնել մտնեն Երեւան:
-Ուրեմն ես ասում եմ. ես կապիկ չեմ` ես մարդ եմ, ու ապրում եմ ստեղ ու տեսնում եմ ամեն ինչ, ինձ ոչ ոք չի հովանավորում այդ ի՞նչ եմ անում, որ ինձ հովանավորեն, կարո՞ղ է ես անօրինական մի գործողություն եմ անում, որ ես խնդրում եմ, որ ինձ հովանավորեն: Կարա՞ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը ցույց տա մի հատ անօրինական գործողություն, որը ես եմ անում:
Նկատի ունեմ, Ձեզանով են դուրս եկել Ծառուկյանի դեմ:
Նման բան չկա, ես կյանքում թույլ չեմ տա մեկը ինձ շահագործի, ինձնով դուրս գա՝ էն էլ Ծառուկյանի դեմ:
Դրա դիմաց ասում են՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոն եք ակնկալում:
-Ուրեմն ես ասեմ ձեզ՝ ինձ ոչ պաշտոն է պետք, որովհետեւ ես փառք աստծու բիզնես էլ ունեմ ամեն ինչ էլ ունեմ, լավ ընտանիք էլ ունեմ: Ես ուղղակի ուզում եմ էս քաղաքի մեջ հանգիստ ապրեմ:
Այսինքն ուզում եք ասել, որ այդտեղ  հանգիստ չեք ապրո՞ւմ:
-Ինձ ըտենց հարցեր խնդրում եմ մի տվեք :
Հանրապետական կուսակցության համար աշխատելու նպատակը ո՞րն է, չէ՞ որ ժողովուրդի մեծ մասը դժգոհ է իր կյանքից, հետեւաբար իշխող Հանրապետականից:
-Ես հավանում եմ երկրի նախագահին, իր քաղաքականությունը եւ պահում եմ այդ մարդու շահերը: Վերջացավ:
Իսկ դուք հավատո՞ւմ եք ձեր ասածներին, որ Աբովյանում  կհաղթի  ՀՀԿ-ն, չէ՞ որ բոլորին է հայտնի, որ ամբողջ Կոտայքը համարվում է  Գագիկ Ծառուկյանի մարզը:
-Ի՞նչ է՝ իր սեփականությո՞ւնն է դա:
Դե բոլորն են խոսում այդ տարածքում Ծառուկյանի կշիռի եւ ազդեցության մասին:
-Իր կշիռը, ազդեցությունը… ոչ մեկ էսօր էդ մարդու դեմ քայլ չի արել, ոչ մեկ էդ մարդու դրած դեպուտատի դեմ քայլ չի արել, դրա համար էլ իրանն է համարվել: Էսօր փորձում ենք բերենք բալանսի, թող էդ մարդն էլ պայքարի իր ձայները տանի, թող ՀՀԿ-ն էլ պայքարի իր ձայները տանի: Ինչ վերաբերում է ձեր հարցին, որ ասում եք վստահ եք՝ հեղինակաբար հայտարարում եմ՝ էսօր արդեն մենք կրած ենք, որովհետեւ էս քայլերը, որը ինքը համարում է բարեգործություն, սա բարեգործություն չի, էդ անվճար ավտոբուսներից օգտվող ժողովուրդն էլ հասկանում է, որ դա բարեգործություն չի եւ շատ վատ աչքերով է նայում ամեն ինչին, իսկ պարոն Ծառուկյանը էդքան բանը չի մտածում, որ էդքան ձայն ինձ նվեր է տալիս: Հետեւաբար մենք էսօրվա դրությամբ արդեն շահել ենք, մենք արդեն կրել ենք՝ ի գիտություն իրան :
Հնարավո՞ր է դուք պատգամավորության թեկնածություն առաջադրեք որեւէ ընտրատարածքում:
-Ոչ, ոչ ես ոչ մի նման բան չունեմ, քաղաքապետի պահով էլ ինձ ոչ մեկ ոչ մի բան չի խոստացել, ու ես նման բաների վրա չեմ էլ շահագրգռվում եւ նման քայլերի գնում: Վերջիվերջո այստեղ խոսքը Արթուր Հարությունյան եւ Ծառուկյան Գագո մարդկանց մասին է:
Ի վերջո, կարելի՞ է ասել, որ ձեր անձնական հաշիվների համար այսպիսով եք փորձում Ծառուկյանի նկատմամբ վրեժխնդիր լինել:
Ինձ աշխարհի փողերը պետք չի, ինձ աշխարհի պաշտոնները պետք չի, ես ուզում եմ ընդամենը էս քաղաքի բնակիչները եւ նրանց շարքում նաեւ ես, մենք հանգիստ ապրենք էս  քաղաքում, մեր ուզածը սա է, որ մեկս մեկին հարգենք, հարգենք Ծառուկյանին, եթե ինքը մեզ հարգում է, հարգենք իր կողակիցներին, եթե իրենք մեզ հարգում են: Բայց եթե փորձեն չհարգեն, տասնապատիկ անգամ պատասխանը վատ կստանան: Պիտի Ծառուկյան Գագոն հասկանա, որ էս քաղաքում, էս երկրում մարդիկ ուզում են ուղղակի հանգիստ ապրել: Հանգիստ ապրելու համար մարդկանց ընդամենը ուրիշ բան պետք չի, պետք է հարգեն իրենց, փոխադարձ հարգանք լինի: Կապ չունի՝ մեկը լավ է ապրում, մյուսը վատ, բոլոր զարգացած երկրներում էլ դա այդպես է, ուղղակի փոխադարձ հարգանք գոնե լինի: Ես էսօր կրկնում եմ՝ ոչ պաշտոն եմ ուզում, ոչինչ, բայց թույլ էլ չեմ տա՝ պաշտոնի գա ԲՀԿ-ական: Իմ հեղինակությունը դա թուլյ կտա, վստահեցնում եմ:
Ի դեպ, հիմա դուք հանգի՞ստ եք շրջում Աբովյանում, որովհետեւ խոսակցություններ կան, որ այս դեպքերի առիթով թիկնազորով եք շրջում:
Շատ հանգիստ: Խի Ծառուկյան Գագոն ինչո՞վ է ման գալիս, կարո՞ղ եք ասել:
Այսինքն ամեն դեպքում վախենալու առիթ ունե՞ք:
Դե հիմա մարդ ենք էլի, միս ու արյուն է: Թեպետ վախենալու բան համ չունենք համ ունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031