Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարդ կա՝ կանաչ քաղաքն է սիրում, մարդ էլ կա՝ կանաչը քաղաքից ստացվող

Մարտ 04,2012 14:14

Մաշտոցի զբոսայգին բարեկարգելու և կանաչապատելու պատրվակով կանաչ տարածքները շինհրապարակի վերածելու դեմ հասարակական ընդվզման արդյունքում հետաքրքիր բացահայտումներ են տեղի ունենում:

Նախ պարզվեց, որ զբոսայգում կառուցվող շինությունները ոչ միայն Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակատերերին են հատկացվելու, այլ նաև Մաշտոցի պուրակում գտնվող սրճարանին և այլոց:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Երևանի քաղաքապետարանից ստացել և հրապարակայնացրել է Մաշտոցի զբոսայգու տարածքում հողհատկացման վերաբերյալ փաստաթղթերը:

Դրանցից է նաև «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ին Երևանի քաղաքապետարանի կողմից 23.12.2005թ-ին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որից պարզվում է, որ Մաշտոցի զբոսայգու տարածքից 406,8 քմ. հողամասի վրա գտնվող բացօթյա սրճարանը «արդիականացնելու», այսինքն փակ սրճարանի վերածելու համար պայման է դրվել տարածքի բարեկարգումը և կանաչապատումը:

Փաստորեն այգու տարածքը բարեկարգելու և կանաչապատելու պայմանով, արդեն իսկ ավելի քան 400 քմ մակերեսով փակ սրճարան կառուցելու թույլտվություն է տրվել, սակայն «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ին 2012թ. փետրվար ամսին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքից պարզվում է, որ նույն այդ՝ բարեկարգման և կանաչապատման պայմանով, կառուցապատման իրավունքով ևս մեկ հեկտար հողամասի կառուցապատման առաջադրանք է տրվել, որը ներառում է այգու մնացած ամբողջ տարածքը և որն իրականացվում է, առաջացնելով հանրային բողոք:

Նշված առաջադրանքով, ի դեպ, որպես նախագծային պահանջ սահմանվել է կանաչ տարածքների ու ճեմուղիների բարեկարգումը, սակայն արի ու տես, որ շինարարությունն արվել է հենց կանաչ տարածքների ու ճեմուղիների հաշվին: Ինչ է ստացվում, կանաչ տարածքի բարեկարգում ասելով քաղաքային իշխանությունները նկատի ունեն կանաչ տարածքների բետոնապատո՞ւմը:

Ստացվում է, որ լուսանկարներում երևացող ու բուտիկների մեջ ու տակ հայտնված ծառերն ու խոտածածկը իրականում ասֆալտածառեր ու ասֆալտախոտեր են, կամ բուտիկածառեր, բայց ո´չ կանաչ տարածքներ:

Մեր քաղաքային իշխանությունների նման գործելաոճի լավագույն գնահատական կարող է լինել ԱՄՆ նախագահ Լինկոլնի կողմից պատմված այն ֆերմերի մասին պատմությունը, որն ասում է. ես ագահ չեմ, ես միայն ցանկանում եմ ստանալ իմ հողամասին սահմանակից հողամասը:

Կարծում եմ, իրենց հարգող և քաղաքը սիրող պաշտոնյաները Մաշտոցի զբոսայգին բարելարգելու համար ոչ թե այն պետք է վերածեին շինհրապարակի, կանաչ տարածքները բետոնապատեին ու կառուցապատեին, այլ պետք է պահանջեին սրճարանատերերից կատարելու իրենց ստանձնած՝ տարածքը կանաչապատելու և բարեկարգելու պարտականությունը, իսկ հակառակ դեպքում՝ լուծեին կնքված պայմանագրերը:

Հ.Գ. Կարծում եմ, նման բան կարող էին անել միայն քաղաքը սիրող պաշտոնյաները, բայց դե սեր էլ կա, սեր էլ. մարդ կա՝ կանաչ քաղաքն է սիրում, մարդ էլ կա՝ կանաչը քաղաքից ստացվող:

Կարեն Մեժլումյան

Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031