Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» մակնիշի 14 ՕՕ 346 համարանիշի և «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենաները։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչև ճանապարհային ոստիկանության ժամանումը, «Մերսեդես G»–ի վրայից հանել են համարանիշները: Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին հայտնել են, որ «Մերսեդես»–ի համարանիշները եղել են 777 DՕ 77։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ վթարի մեղավորը եղել է «Մերսեդես G»–ի վարորդը։ Նա «Մերսեդես»-ով հարվածել է «Ռենջ Ռովեր»-ին, այնուհետև մոտ 200 մետր վթարված վիճակում վարել ավտոմեքենան, ապա դուրս եկել հանդիպակաց գոտի և հայտնվել մայթեզրում։ Բարեբախտաբար, մայթեզրում քաղաքացիներ չեն եղել։
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են նաև, որ շտապօգնության ավտոմեքենան 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց։ Ժամանել են Երևանի ՃՈ աշխատակիցները, նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։
Կարդացեք նաև
Ոստիկանությունը ձեռնարկում է աշխատանքներ՝ պարզելու համար հիվանդանոց տեղափոխված անձանց և վարորդների ինքնությունը։