Այսօր` մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Երևանի բնակիչ Զավեն Պողոսյանը, վարելով «ԲՄՎ 525» մակնիշի 08 ՏՏ 666 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 86-րդ կմ-ին` դեպի Եղեգնաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և մոտ 70 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Երևանի բնակիչներ Սեդա Մակարյանը, Օֆիկ Պողոսյանը, Մխիթար Պողոսյանը և Երանուհի Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի քաղաքային հիվանդանոց:
Կարդացեք նաև
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Նրանց օգնել են նաև քաղաքացիները:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Հայկ Հովհաննիսյանը: Քննիչի հանձնարարականով մեքենան դուրս է բերվում ձորից և տեղափոխվելու է ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ քննիչ Հ. Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: