Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ

Մարտ 04,2012 00:51

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանմեկերորդ

ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ

Եվ քանի որ Ջավախյանը ծագումով շնողցի ու ալավերդցի է, շարքային ու միամիտ ընթերցողը հեշտուհանգիստ կարող է հավատալ, որ այրումցի էս Հասանն իրոք մի ամբողջ կով է պարտք եղել Ջավախյանի հարազատ պապ Աշոտին, մինչդեռ ձեր խոնարհ ծառան ի վիճակի չի հավատալ Ջավախյանի պատմվածքի էս ավելացված մանրամասներին՝ ոչ միայն էն պատճառով, որ ձեր խոնարհ ծառան էդ պատմության իսկական ու իրական տարբերակն անձամբ է Չաղ Ֆելոյից լսել, այլեւ էն պատճառով, որ ձեր խոնարհ ծառան ինքն էլ է արձակագիր ու գրող եւ շատ լավ գիտի, որ արձակագիր Լեւոն Ջավախյանի էս բոլոր բստրածները գրական ու գրողական տեսանկյունից միանգամայն ընդունելի ու թույլատրելի են, եւ գրողական տեսանկյունից թույլատրելի է նաեւ, որ հակառակորդ ազգի ներկայացուցիչներից մեկնումեկը դրական ու մարդկային հատկանիշներով օժտվի ու ներկայացվի՝ մինչեւ իսկ պատերազմական ու կոնֆլիկտային իրավիճակներում, եւ, եթե հիշում եք, ռազմաճակատային թշնամուն նաեւ Ստեփան Զորյանն է մարդկային գծերով ներկայացրել իր «Ջրհորի մոտ» պատմվածքում, բայց համաձայնվեք, որ մանավանդ հայի համար գերմանացին միանգամայն ժամանակավոր թշնամի էր, եւ հիմնականում էդ է պատճառը, որ Զորյանի էդ պատմվածքը մշտապես զետեղված է մեր գրականության դասագրքերում ու քրեստոմատիաներում՝ որպես խաղաղությանն ու մարդկայնությանը ձոնված բացառիկ նմուշ, մինչդեռ Ջավախյանի խնդրո առարկա պատմվածքը երբեւէ դպրոցական դասագիրք չի թափանցի, որովհետեւ միջին վիճակագրական թուրքն ու ադրբեջանցին մեր մշտական թշնամյաց ցուցակը միանձնյա են գլխավորում, ավելի ճիշտ՝ մեր մշտական թշնամյաց ցուցակն առայժմ էդ երկուսն են համալրում, եւ բոլոր նախադրյալները կան, որ առնվազն առաջիկա հազարամյակում միջին վիճակագրական թուրքն ու ադրբեջանցին հայի համար լինելու են այն, ինչ հիմա՝ էս պահին կան. այսինքն, առաջիկա հազարամյակում ոչ մի շանս չկա, որ Ջավախյանի խնդրո առարկա պատմվածքը դպրոցական դասագիրք թափանցի, եւ էս բանն ինձնից լավ ինքը՝ արձակագիր Լեւոն Ջավախյանն է հասկանում, եւ խոսքն, իհարկե, հայկական դպրոցների դասագրքերին է վերաբերում, որովհետեւ միանգամայն հնարավոր է, որ թուրքերն ու մանավանդ ադրբեջանցիք աշխարհաքաղաքական իրավիճակը ճիշտ ու սթափ գնահատելով՝ վերցնեն ու Ջավախյանի էդ «Քիրվան» պատմվածքը փառավորապես զետեղեն իրենց դպրոցական դասագրքերի մեջ, եւ շատ հնարավոր է՝ հենց էդպես էլ անեն, որովհետեւ Ջավախյանի էդ «Քիրվան» պատմվածքում ադրբեջանցի Հասանը միանգամայն մարդկային ու միանգամայն դրական գծերով է օժտված ու համեմված, եւ չնայած Չաղ Ֆելոյի տարբերակում էլ էր էդ ադրբեջանցին միանգամայն դրական ներկայանում, եւ չնայած Չաղ Ֆելոն էդ պատմությունն աջուձախ բոլորին պատմում էր, ես հիմա հիշողությունս միացնելով ու լարելով՝ ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել, որ որեւէ մեկը Չաղին մեղադրած լինի՝ էդ պատմությունն աջուձախ պատմելու ու տիրաժավորելու համար, մինչդեռ էդ նույն պատմության գրավոր տարբերակի համար մերոնք Ջավախյանին ոչ միայն չներեցին, այլեւ շարունակում են չներել, եւ եթե հաշվի առնենք նաեւ, որ Չաղի բանավոր տարբերակն անհամեմատ շատ ունկնդիր ուներ, քան Ջավախյանի էդ պատմվածքը երկու լեզվով տպագրած թերթը՝ ընթերցող, պիտի եւս մի անգամ խոստովանենք, որ հայ ընթերցողներն ու մանավանդ հայ չընթերցողները գրավոր ու մանավանդ տպագիր խոսքին անհամեմատ լուրջ են վերաբերվում, քան՝ բանավորին, եւ Ջավախյանի դեպքում եւս մի անգամ համոզվեցինք նաեւ, որ հայ ընթերցողներն ու մանավանդ չընթերցողները ռուսերեն գրավոր ու տպագիր խոսքին առավել լուրջ են վերաբերվում, քան՝ հայերեն գրավոր ու տպագիր խոսքին, եւ չնայած «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր թերթի աշխատողներին բազմիցս խնդրել է իր թերթի էջերում էդ «Ազատամտություն» թերթի անունը չգրել՝ ոչ դրական եւ ոչ էլ բացասական իմաստով, ես ահա գրում եմ, ընդ որում՝ ոչ դրական ու ոչ էլ բացասական իմաստով, եւ ստիպված եմ լինելու եւս մի քանի անգամ գրել՝ ոչ միայն էն պատճառով, որ Ջավախյանի էդ պատմվածքը հենց էդ թերթն էր երկու լեզվով տպագրել, այլեւ էն պատճառով, որ ավելի քան համոզված եմ՝ մինչեւ էս հատվածս «Առավոտում» տպագրվի, էդ «Ազատամտությունն» այլեւս գոյություն չի ունենա, ընդ որում՝ իշխանություններն անձամբ կկասեցնեն էդ թերթի հրատարակությունը, եւ անկախ Հայաստանի պատմության մեջ դա առաջին դեպքը կլինի՝ երբ իշխանությունն իշխանամետ թերթ է փակում, եւ էս չարագուշակությունս միանգամայն հիմնավոր է, ինչպես նաեւ՝ անխուսափելի, որովհետեւ էս թերթն ու իր խմբագիրն իշխանություններին ոչ միայն ընդդիմությունից են պաշտպանում, այլեւ՝ իշխանությունից, եւ, բնական է, էս վերջինս դժվար թե երկար հանդուրժի էս յուրահատուկ ու աննախադեպ թերթի էս յուրահատուկ ու աննախադեպ ազատամտությունը, իսկ ինչ վերաբերում է Ջավախյանի էդ «Քիրվա» պատմվածքը նախ հայերեն, ապա եւ ռուսերեն տարբերակով տպագրելուն, էս դեպքում էլ է, իհարկե, «Ազատամտությունը» յուրահատուկ ազատամտություն ու համարձակություն հանդես բերել, որովհետեւ Հայաստանում ոչ միայն թուրքի ու ադրբեջանցու մասին դրական շեշտադրումներով գրելն է համարձակություն պահանջում, այլեւ՝ տպագրելը. այսինքն, էդ «Ազատամտություն» թերթի Արտյոմ Խաչատրյան անունով ու Պազոլինի մականունով գլխավոր խմբագիրն իր խմբագրած թերթում Ջավախյանի էդ պատմվածքը հայերեն ու մանավանդ ռուսերեն տպագրելով՝ իսկապես համարձակություն է հանդես բերել, որովհետեւ թուրքերի ու մանավանդ ադրբեջանցիների մասին կարծիքը մեզանում ոչ միայն վերջնականապես ձեւավորված ու կարծրացած է, այլեւ շարունակում է ավելի ու ավելի կարծրանալ, եւ մինչեւ Ջավախյանի էդ պատմվածքի ու ադրբեջանավրացական իր էդ մրցանակի մասին էս պատմությունս ավարտեմ ու տպագրեմ, թուրքերի ու մանավանդ ադրբեջանցիների մասին հայերիս կարծիքն առավել ամբողջացած ու առավել կարծրացած կլինի, եւ արդեն հայ ընթերցող ու չընթերցող հասարակությունը ոչ միայն Ջավախյանին ու Պազոլինիին կմեղադրի, այլեւ ձեր խոնարհ ծառային՝ արձակագիր ու արծաթավաճառ Լեւոն Ջավախյանի գրական ու գրողական մոտեցումներին ըմբռնումով վերաբերվելու համար, եւ դրանից ոչ ձեր խոնարհ ծառան կշահի, ոչ Ջավախյանը, ոչ Պազոլինին, ոչ Ֆելինին եւ ոչ էլ որեւէ ուրիշ մեկը, եւ ընդամենը թուրքերի ու մանավանդ ադրբեջանցիների մասին մեր ամբողջական կարծիքն առավել կամբողջանա, եւ չնայած էսքան սրտացավորեն եմ խոսում ու գրում մեր ազգային գաղափարախոսության ամբողջականության ու կարծրության մասին, այդուհանդերձ, շատ լավ գիտեմ ու հրաշալի հասկանում եմ, որ թուրքերն ու մանավանդ ադրբեջանցիներն էլ մեր արեւով առանձնապես չեն երդվում ու իրենք էլ մեր մասին ավարտուն ու վերջնական կարծիք ունեն, ու էս ասածս ավելի շատ ադրբեջանցիներին է վերաբերում, եւ եթե թուրք Փամուկը հայերիս մասին դրական արտահայտվելով ու Նոբելյանն ստանալով՝ էսօրվա դրությամբ արտասահմաններում ազատորեն ֆռֆռում է, ադրբեջանցու դեպքում դժվար թե էդպես լիներ, եւ եթե որեւէ ադրբեջանցի գրող որեւէ հայի դրական կերպար ստեղծի, երեւի տեղնուտեղը կսպանեն, ընդ որում՝ առանց դատի ու դատաստանի, էլ չեմ ասում՝ ինչ կլիներ, եթե էդ ադրբեջանցի գրողն իր հայ կերպարին դրականորեն ներկայացնելուց հետո հայերից ու վրացիներից հազարդոլարանոց մրցանակ ստանար, եւ հիմա էդ պատկերացնելով ու էդ մասին մտածելով՝ սկսում եմ հասկանալ ու համոզվել, որ, այնուամենայնիվ, հայերս ադրբեջանցիներից անհամեմատ ներողամիտ ու հանդուրժող ենք, եւ ադրբեջանական ազգային մտածողությունն էլ էսօրվա դրությամբ ավելի կարծրացած է, քան՝ հայկականը, որովհետեւ Ջավախյանն էդ «Քիրվա» պատմվածքում էդ ադրբեջանցի Հասանի մասին դրական արտահայտվելուց ու Թիֆլիսում էդ հազարդոլարանոց մրցանակը կորզելուց հետո վերադառնալով Երեւան՝ ընդամենը մի քանի գրավոր կշտամբանքի արժանացավ, եւ կշտամբանքները հիմնականում բանավոր էին՝ հիմնականում իր դաշնակցական ընկերների կողմից, դրան էլ գումարած՝ թերթերից մեկի գրավոր մի քանի կշտամբանքները, որոնցից մեկը Ջավախյանի վրա լավ էլ ազդել էր, որովհետեւ էդ թերթի էդ հրապարակման մեջ էդ թերթի լրագրողը սեւով սպիտակի վրա հայտարարել էր, որ Լեւոն Ջավախյանով պարտավոր են լրջագույնս զբաղվել մեր ազգային անվտանգության մարմինները, որովհետեւ Ջավախյանի էդ «Քիրվան» չափազանց լուրջ հարված է մեր ազգային ու պետական անվտանգությանը, եւ, ինչպես տեսնում եք, էդ թերթն ու էդ լրագրողը չափազանց լուրջ են վերաբերվել Ջավախյանի էդ «Քիրվային» ու Հասանին, եւ ցավալին այն է, որ էս պահին արդեն կասեցված է եւ լույս չի տեսնում «Ազատամտություն» թերթը, որն անկասկած Ջավախյանին կպաշտպաներ էդ, ուրեմն, գրավոր ու բանավոր հարձակումներից, ու էս պահին երեւի ձեր մտքով էլ անցավ, որ էս առթիվ Ջավախյանին լիասիրտ ու միանգամայն անշահախնդրորեն պիտի պաշտպաներ Աշոտ Բլեյանը, բայց էսօրվա դրությամբ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության տեսլականն էնքան է ապատեսլականացել, որ արդեն նույնիսկ Բլեյանն է էդ թեմայից վազն անցել ու ձեռ քաշել, եւ եթե ավելի անկեղծ լինեմ, պիտի ասեմ նաեւ, որ երկու ժողովուրդների բարեկամության էդ թեման անձամբ Ջավախյանին էլ առանձնապես չի հուզում. պարզապես Չաղ Ֆելոյի էդ պատմությունն էնքան գայթակղիչ էր, որ Ջավախյանը չէր կարող էդ պատմությունը պատմվածքի ու գեղարվեստական գրականության չվերածել, եւ երբ հիմա էս ամենի մասին շարունակում եմ գրել, «Ազատամտությունն» արդեն փակված է, այլապես էդ թերթը Ջավախյանին կպաշտպաներ բանավոր ու գրավոր հարվածներից, բայց արդեն մի քանի շաբաթ է՝ էդ թերթը գոյություն չունի, եւ էդ թերթի փակվելը ոչ Ջավախյանի պատմվածքի հետ կապ ունի, ոչ էլ՝ իմ կանխագուշակության, որովհետեւ երբ ես էդ թերթի փակվելը կանխագուշակեցի, արդեն էդ թերթի փակման մասին ռեալ խոսակցություններ կային, եւ էդ թերթի փակումն անխուսափելի էր, որովհետեւ էդ «Ազատամտությունն» էն աստիճանի էր ազատամտացել, որ աջուձախ ու անխտիր բոլորի դեմ գրում էր՝ բացառությամբ, թերեւս, Սերժ Սարգսյանի, եւ էդ թերթը Սերժ Սարգսյանին ոչ միայն ընդդիմությունից էր պաշտպանում, այլեւ տարատեսակ ու տարանուն իշխանավորներից ու իշխանամետներից, ու էդ առումով էդ թերթը մեզանում միանգամայն նորություն էր, եւ էդ թերթի փակվելու առթիվ չարախնդալու իրավունք որեւէ մեկս չունի, որովհետեւ մեզանում ցանկացած թերթի ու լրատվամիջոցի փակվելը չափազանց չարագուշակ նախադեպ է այլ թերթերի ու լրատվամիջոցների համար, եւ ահա արդեն մի քանի շաբաթ է՝ հայ հասարակությունն ու հայ ընթերցողը զրկված են «Ազատամտությունից», եւ առաջին հերթին Ջավախյանն է զրկված, որովհետեւ եթե էդ թերթն էս պահին գոյություն ունենար, Ջավախյանին բոլորեքյան կպաշտպաներ էս բոլորեքյան հարվածներից, եւ պարտավոր էր պաշտպանել, որովհետեւ էդ թերթն էր էդ պատմվածքը հայերեն ու ռուսերեն տպագրել եւ, փաստորեն, Ջավախյանին կրակը գցել, չնայած, մեր մեջ ասած, Ջավախյանն առանձնապես դժգոհ չի իր պատմվածքի շուրջ ծավալված էս աղմուկից. ավելին. Ջավախյանը Թիֆլիս մեկնելով եւ կովկասյան ժողովուրդների բարեկամությունը մարմնավորող էդ մրցանակն ու էդ մրցանակը մարմնավորող հազար դոլարն ստանալով՝ արդեն վերադարձել Երեւան եւ աջուձախ հարցազրույցներ է տալիս՝ անկեղծորեն խոստովանելով, որ շատ տխուր իրողություն է, երբ հայ գրողը ոչ թե Հայաստանի գրողների միությունից է մրցանակ ստանում, այլ՝ միանգամայն օտար ու անծանոթ կազմակերպությունից, եւ Ջավախյանն իսկապես էդպես արտահայտվելու իրավունք ունի, որովհետեւ մի քանի գրքերի հեղինակ լինելով՝ միանգամայն արժանի էր մեր հայաստանյան մրցանակներից յուրաքանչյուրին, բայց, այսուհանդերձ, Ջավախյանը բանավոր զրույցների ժամանակ իր մասին ավելի անկեղծ է արտահայտվում, քան՝ էդ հարցազրույցներում, եւ բանավոր զրույցներում իր հանդեպ իր հիացմունքը չթաքցնելով՝ հետեւյալ անվիճելի միտքն է արտահայտում. եթե ինքն ընդամենը մի անգամ թարգմանվելով՝ միանգամից օտարների կողմից նկատվեց ու մրցանակի արժանացավ, պատկերացրեք՝ էսօրվա օրով ինչքան մրցանակներ կունենար, եթե ուրիշների պես տասնյակ լեզուներով թարգմանված ու տպագրված լիներ, եւ չնայած էս միտքն առաջինը Լիպոն հայտնեց, Լիպոյից էդ միտքը նվեր ստանալով՝ հիմա Ջավախյանն ինքն է Լիպոյի էդ միտքն աջուձախ տարածում, եւ, իսկապես, եթե Ջավախյանի արձակի էդ առաջին ու միակ թարգմանությունն էդքան ուշադրության ու մրցանակի արժանացավ, միանգամայն տրամաբանական է, որ հետայսու թարգմանվելու դեպքում էլ Ջավախյանն ուշադրության ու զանազան այլ մրցանակների կարժանանա, մանավանդ՝ եթե անգլերեն ու միջազգային նշանակության այլ լեզուներով թարգմանվի ու հրատարակվի, եւ չնայած ռուսերենն էլ պակաս միջազգային լեզու չի, այդուհանդերձ, անգլերենի հետ չի կարող համեմատվել՝ մանավանդ գրական կոմունիկացիաների եւ հատկապես Նոբելյան մրցանակի ներկայացման տեսանկյունից, եւ անգլերեն թարգմանվելու ու հրատարակվելու դեպքում մարդիկ եւ ներառյալ իր ընկեր Լիպոն դժվար թե շարունակեն Ջավախյանի Նոբելյանի թեման կատակի տալ, եւ էս վերջին միտքն արդեն անձամբ Ջավախյանի մտքում է ծագել, եւ դա միանգամայն բնական է, որովհետեւ անձամբ ի՛ր արձակն է առաջին անգամ թարգմանվելով՝ էդաստիճան ուշադրության ու մրցանակի արժանացել, եւ եթե ոմանք կարծում են թե՝ ինքն իր ադրբեջանցի հերոսին մարդկային գծերով օժտելու համար է էդ ուշադրությանն ու էդ մրցանակին արժանացել, էդպես կարծողներն ու էդպես մտածողները մի քիչ ավելի լավ մտածելու դեպքում պիտի հիշեն, որ Օրհան Փամուկն էլ զուտ գրական ու գեղարվեստական արժանիքների համար չի իր Նոբելյանն ստացել, եւ բոլորը գիտեն, որ Փամուկն իր Նոբելյանի ճանապարհին եւ մանավանդ Նոբելյանն ստանալուց հետո Թուրքիայում շատերի զայրույթն ու կատաղությունը շարժեց՝ ինչպես որ մեզանում Ջավախյանն իր «Քիրվայով» որոշ լրագրողների, լրատվամիջոցների, դաշնակցականների եւ նույնիսկ որոշ հակադաշնակցականների զայրույթը հարուցեց, եւ չնայած լուսահոգի Չաղ Ֆելոն անձամբ էր դաշնակցական, Չաղին ոչ կյանքի օրոք եւ ոչ էլ հետմահու որեւէ մեկը չմեղադրեց էդ նույն պատմությունն աջուձախ պատմելու համար. ավելին. երբ Չաղը «Պապլավոկում» բոլորին իր գլխին հավաքած՝ էդ պատմությունն էր պատմում, բոլորը հաճույքով լսում էին, եւ անձամբ ձեր խոնարհ ծառան էլ էր հաճույքով լսում, ընդ որում՝ ձեր խոնարհ ծառան բազմիցս է էդ պատմությունը Չաղ Ֆելոյի կատարմամբ լսել, եւ միշտ էլ իր էդ պատմությունը մեծ հաճույքով եմ ունկնդրել, որովհետեւ լուսահոգին ոչ միայն չտեսնված պատմող, այլեւ պատմողական իմպրովիզացիայի անզուգական վարպետ էր, եւ միեւնույն պատմությունը պատմելիս՝ ամեն անգամ նորանոր էպիզոդներ ու նորանոր մանրամասներ էր բստրելով ավելացնում, եւ չնայած Չաղի պատմածով էլ էր էդ ադրբեջանցի փախստականը միանգամայն դրական ներկայանում, ոչ ոք եւ նույնիսկ դաշնակցականներն ու մինչեւ անգամ Խաթլամաջյան Սեյրանը Չաղին թշնամասիրության մեջ չէին մեղադրում, եւ էդ օրերին ֆիզիկոս Սաֆարյան Չաղ Ֆելիքսը ոչ միայն դաշնակցության երեւելի ու երեւացող անդամներից էր, այլեւ՝ հայոց առաջին ու միակ Նախախորհրդարանի առաջին ու հիմնադիր նախագահը, բայց, չնայած դրան, Սաֆարյան Ֆելոն առանց երկնչելու ու միանգամայն անկաշկանդ էր ինչ-որ մեկից լսած էդ իրական պատմությունը պատմում, եւ ոչ ոք Չաղին թրքասիրության ու ադրբեջանասիրության մեջ չէր մեղադրում՝ ոչ թե էն պատճառով, որ էդ պահի դրությամբ Չաղը հայրենի ընդդիմության շարժիչ ուժն էր, այլ էն պատճառով, որ լուսահոգին հայրենի ընդդիմության շարժիչ ուժը լինելով՝ իր էդ պատմությունն ընդամենը բանավոր էր պատմում ու վերապատմում, ի տարբերություն Ջավախյանի, որն էդ պատմությունը ոչ միայն գրավոր ու տպատառ հայերենով հրատարակեց, այլեւ՝ գրավոր ու տպատառ ռուսերենով, եւ դրանից հետո եւս մի անգամ համոզվեցինք, որ հայերս ինչքան որ հանդուրժող ենք բանավոր խոսքի նկատմամբ, մի հազար էդքան անհանդուրժող ենք մեր գրավոր խոսքի հանդեպ, ու հավանաբար էդ է պատճառը, որ մեր բանավոր խոսքը մեր գրավոր խոսքից անհամեմատ ազատ ու անկաշկանդ է, ու նաեւ էդ է պատճառը, որ մեր լեզուն ավելի հաճախ մեր բանավորի շնորհիվ է փոփոխվում ու զարգանում, քան՝ մեր գրավոր գրականության, եւ բանավորի հանդեպ մեր էդ համատարած ու մասսայական հանդուրժողականությունն է պատճառը, որ մեր անեկդոտներն անհամեմատ սրամիտ ու ազատամիտ են, քան՝ մեր գրողների գրած պատմություններն ու գրքերը, եւ մեր բանավորի ազատության, ազատամտության, սրամտության, սանձարձակության ու պատկերավորության շնորհիվ մեր էպոսը ոչ միայն ուրիշների էպոսներին է գերազանցում, այլեւ մեր իսկ գրողների ստեղծած գրականությանը, եւ Չաղ Ֆելոյի ու Ջավախյանի օրինակներն էլ են ապացույց, որ մենք մեր բանավորի առումով անհամեմատ հանդուրժող ենք, քան՝ մեր գրավորի, եւ եթե Սաֆարյան Չաղ Ֆելոյի էդ ադրբեջանցի փախստականի մասին պատմությունն էդքան ուշադիր ու էդքան հափշտակված լսում էինք, պատճառը ոչ թե Չաղի ընդդիմադիր հեղինակությունն էր, այլ վերստին՝ մեր բանավորի հանդեպ մեր անկեղծ ու անթաքույց սերը, մանավանդ որ, էդ պահի դրությամբ, Ֆելոն ոչ թե սովորական ընդդիմություն էր, այլ՝ ընդդիմության ընդդիմություն, որովհետեւ, էդ պահի դրությամբ, օրինական ու պաշտոնական ընդդիմությունը «Ղարաբաղ» կոմիտեն էր, իսկ Սաֆարյան Ֆելիքսն ու իր Նախախորհրդարանը «Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ էին ընդդիմություն, բայց, էս ամենից զատ ու էս ամենից բացի, Սաֆարյան Ֆելիքսն անզուգական ու չտեսնված պատմող էր, եւ մասիսաբնակ ադրբեջանցու մասին էդ պատմությունը Չաղի բազմաբովանդակ ռեպերտուարի պատառիկներից ընդամենը մեկն էր, եւ «Ղարաբաղ» կոմիտեին ընդդիմադիր հայոց ազգային Նախախորհրդարանի հիմնադիր նախագահ Սաֆարյան Ֆելիքսի բոլոր պատմություններն էին չտեսնված ու անկրկնելի, եւ դրանք բառի բուն իմաստով էին անկրկնելի, որովհետեւ ընդդիմադիր ֆիզիկոս Սաֆարյան Ֆելոն նույնիսկ միեւնույն պատմությունը պատմելիս չէր կրկնվում եւ միշտ տարբեր էր՝ բոլորից ու նաեւ իրենից, եւ միեւնույն պատմության հիմնական կմախքն ու սյուժեն պահելով՝ ամեն անգամ էդ սյուժեն նորանոր դրվագներով ու մանրամասներով էր հարստացնում, եւ, եթե կուզեք իմանալ, իրականում ոչ թե ես ու Ջավախյանը պիտի գրող ու արձակագիր դառած լինեինք, այլ հենց ինքը՝ ընդդիմադիր ֆիզիկոս Սաֆարյան Չաղ Ֆելոն, եւ եթե գրող դառած լիներ, ինքը, ի տարբերություն ինձ, Ջավախյանի ու մյուս գրողների, ոչ թե ուրիշների պատմածները գրի կառներ ու գրի կվերածեր, այլ՝ իր իսկ պատմությունները, բայց, ի դժբախտություն հայ ընթերցողի, հայոց առաջին ու վերջին Նախախորհրդարանի հիմնադիր նախագահ Սաֆարյան Ֆելիքսն ազատ ժամերին ոչ թե գրելով ու գրականությամբ էր զբաղվում, այլ հիմնականում՝ ասացողությամբ, եւ երբեմն-երբեմն էլ՝ ֆիզիկայով, եւ կյանքի վերջին շրջանում՝ նաեւ քաղաքականությամբ, իսկ ավելի ճշգրիտ՝ ընդդիմադիր քաղաքականությամբ, եւ եթե ճակատագրի քմահաճույքով ոչ թե Չաղ Ֆելոն գրող դարձավ, այլ՝ Ջավախյանն ու ես, գոնե պիտի բարի լինենք՝ Չաղի էդ բազմաբովանդակ բանահյուսությունը գրի ու գրականության վերածել, եւ Ջավախյանը, փաստորեն, հենց էդ էլ անում է, բայց, արի ու տես, ընթերցող եւ մանավանդ չընթերցող հասարակայնությունը գրողներին ընդհանրապես եւ Ջավախյանին մասնավորապես արգելում է գրել էն բաները՝ որ թույլ էր տրվում պատմել հայոց առաջին ու վերջին Նախախորհրդարանի առաջին ու վերջին նախագահ, մասնագիտությամբ ֆիզիկոս, կոչումով ասացող եւ էությամբ ընդդիմադիր Սաֆարյան Ֆելիքսին, որովհետեւ հայոց առաջին ու միակ Նախախորհրդարանի հիմնադիր նախագահ Սաֆարյան Ֆելիքսը չտեսնված պատմող ու բացառիկ քաղցրախոս էր, եւ հեչ պատահական չէր, որ շաքարից ու շաքարի ավելցուկից էր տանջվում ու տառապում եւ հենց էդ ավելցուկի պատճառով էլ հեռացավ կյանքից ու մեզանից, եւ իր բացակայության պայմաններում հայոց առաջին Նախախորհրդարանը որբանալով՝ ցրիվ եկավ ու վերացավ երկրի երեսից, եւ իր բացակայության պայմաններում շատ ու շատ պատմություններ որբացան՝ անտերության մատնվելով ու լավագույն դեպքում Ջավախյանի, իմ եւ ուրիշների խնամքին հանձնվելով:

 

ՎԵՐՋ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳՐՔԻ

Շարունակությունը հաջորդ շաբաթ՝ «Առավոտի» կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031