Այսօր Aravot.am «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեց, թե հայափրկության որևէ հույս կապու՞մ է ՀԱԿ-ի հետ: «Եթե Հայաստանում անկեղծ ու ըստ էության այս համակարգին հակադրվող ընդդիմություն գոյություն ունենար, Սարդարապատ շարժումը չէր ծնվի: ՀԱԿ–ը համակարգային միակ ընդդիմությունն է այսօր, բայց միաժամանակ այսօր Հայաստանում ապագա ձևավորվող քաղաքացիական դաշտը ամբողջությամբ մերժելու է այս համակարգը: Այս իմաստով ձեր հարցին պատասխանելու համար ասեմ` ոչ, մենք ոչ մի հույս չենք կապել անցնող տարիներին, այսօր առավել ևս չենք կապում ոչ միայն ՀԱԿ–ի հետ, այլ ընդհանրապես ամբողջ դաշտը մենք մերժում ենք, որովհետև այդ դաշտի գլխավոր դիրիժորը Սերժիկ Սարգսյանն է, այնտեղ ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում նրա վերահսկողության ներքո, նրա թելադրանքով, բոլոր տեղաշարժերն անխտիր: Ավելին, ես ձեզ ասեմ, ապագա Ազգային ժողովի ցուցակը, թե ովքեր են դառնալու պատգամավորներ, այսօրվանից գտնվում է Սերժ Սարգսյանի փոքրիկ գզրոցում, կուզեմ ըսել, անկեղծ ըսեմ, անիմաստ է այդքան բան իմանալուց հետո փայփայել, առավել ևս ինչ որ դուք նշեցիք` ՀԱԿ կամ որևէ այլ ուժ: Ես կասեի այսպես, այդ դաշտում գործող ուժերը ընդդիմադիր անվան տակ ուղղակի, թե անուղղակի սնուցում են այս հակահայ, մեր ժողովրդին կեղեքող համակարգը»-, ասաց Ժիրայր Սեֆիլյանը` հույս հայտնելով, որ այդ համակարգում անուղղակի ձևով մոլորության մեջ ընկած ազնիվ մարդիկ շուտով դուրս կգան կեղտոտ դաշտից ու կմիանան նոր ձևավորվող դիմադրական-քաղաքացիական-ազգային դաշտին:
Տիգրան Խզմալյանն էլ հավելեց, որ եթե ՀԱԿ-ը համակարգային ընդդիմություն է , ապա «Սարդարապատը» հակահամակարգային ընդդիմություն է: «ՀԱԿ վերցրել ենք, դարձրել ենք ՀԱԿ-ահամակարգ», -կատակեց Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքը դարձյալ շարունակեց Տիգրան Խզմալյանը` ասելով. «Իշխանափոխությունն այլևս բավարար պայման չէ, դա անհրաժեշտ է, ինչպես որ մաթեմատիկայում կան բավարար և անհրաժեշտ պայմաններ, բավարարը դա համակարգի փոփոխությունն է: Մինչև որ չփոխվի համակարգը` սոցիալ–տնտեսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, արժեքային, մշակութային, մինչև մենք չկարողանանք փոխել համակարգը, երկիրը չի վերականգնվի և չի վերածնվի, ուստի մենք ներկայացնում ենք հակասիստեմային, հակահամակարգային ուժ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ