Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժողովրդավարություն՝ չի նշանակում ժողովրդին վարել

Մարտ 03,2012 13:24

«Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում»

(Գարեգին Նժդեհ)

Ամանորին շատ խոսվեց ու գրվեց այն մասին, թե աշխարհի տարբեր երկրներում ինչպես են դիմավորում Նոր տարին: Հետաքրքիր են տարբեր ժողովուրդների՝ դարերով պահպանված գեղեցիկ, ինքնատիպ սովորությունները: Իսկ հայկական Ամանորի հերոսների ու ավանդույթների մասին իմանալու համար, թերեւս, հարկ կլինի Ազգագրության ինստիտուտ գնալ, քանի որ առօրյա կյանքում դրանք չեն պահպանվել: Ոչինչ չի պահպանվել: Եվ ահա՝ Ամանորի հետ կապված՝ մենք աշխարհին չենք հետաքրքրում:

Իսկ, առհասարակ, հետաքրքրո՞ւմ ենք մենք աշխարհին: Իհարկե, հետաքրքրում ենք: Միայն՝ ո՛չ մեր կորցրածով, այլ մեր պահպանածով. այն ամենով, ինչ դեռեւս ունենք: Հենց որ էլ ոչինչ չենք ունենա, բոլոր առումներով աշխարհին կհետաքրքրենք այնքան, որքան Ամանորի մեր ծիսակատարություններով:

Իսկ ի՞նչ ունենք մենք:

Մենք ունենք մի երկիր, որի աշխարհագրական դիրքը, թեեւ խնդրահարույց, բայց կարող է եւ շահեկան լինել: Ունենք հարուստ պատմություն, որտեղ այսօր կարող ենք ցանկացած իրավիճակի նախադեպը գտնել՝ փորձ ու դաս առնելու համար: Ունենք մի երկիր, որը պահելու համար իրականում լուծում պահանջող քիչ հարցեր կան: Փոքրիկ ու հրապուրիչ մի երկիր, որտեղ իրենց դրսեւորումն են ստանում տարվա բոլոր եղանակները: Ունենք մեծ ներուժի տեր, տաղանդավոր, ստեղծարար ազգաբնակչություն, որին միայն մի փոքր հնարավորություն տուր, եւ անհնարինը հնարավոր կդարձնի:

Մասնագետների հաշվումներով՝ բարգավաճելու օբյեկտիվ հնարավորության տեսանկյունից՝ Հայաստանը 150 անգամ Թուրքմենստանի նկատմամբ ունի առավելություն, 20-25 անգամ՝ Ռուսաստանի ու Բելառուսի (Եթե միայն մենք սիրեինք մեր հայրենիքն այնքան, ինչքան որ սիրում ենք պարծենալ նրանով): Ուրեմն ի՞նչն է մեզ խանգարում օգտագործել մեր ունեցած հնարավորությունը: Ժողովուրդը վստահաբար պնդում է՝ իշխանությունները: Ժողովուրդը լվանում է ձեռքերը եւ իրեն ամենեւին մեղավոր չի համարում երկրում տիրող իրավիճակի համար: Եվ դա միայն մի բան է նշանակում. մեր երկրում բացակայում է ժողովրդավարությունը: Հայաստանի բնակչությունը ոչ մի պարագայում, ոչ մի ձեւաչափով մասնակցություն չունի անձամբ իրեն վերաբերող հարցերի քննությանն ու որոշումների ընդունմանը. ոչ իրական ու օբյեկտիվ հարցումների, ոչ պատգամավորների միջոցով, ոչ էլ որեւէ այլ կերպ: Դրան գումարած՝ ժողովրդավարության նմանակմամբ անցկացված ընտրությունները, եւ խնդրեմ՝ ժողովուրդը լիակատար ազատ է իրավիճակի պատասխանատվությունից: Այն ամբողջությամբ ընկնում է իշխանությունների վրա:

Իրականում, սակայն, երկրի առջեւ դրված անելիքների միայն տասը տոկոսն է պետության բաժինը: Եթե այդ փոքրաթիվ, բայց կարեւոր խնդիրներին պետությունը կարողանա ճիշտ լուծում տալ, մնացած 90 տոկոսը ժողովուրդն, անկասկած, ինքը կլուծի: Արդյունքում, նախ՝ ժողովուրդը միջոցից կվերածվի գործոնի, պահանջատերից՝ պատասխանատուի եւ վերջապես, որ շատ կարեւոր է՝ մեր ժողովուրդը կսովորի որոշում կայացնել: Եթե մի երկրի ժողովուրդ սովոր չէ որոշում կայացնելու, նա, միեւնույն է, մի օր անպայման կկայացնի իր որոշումը՝ պատասխանատուներին պատասխանատվության կանչելով: Հենց դրանից խուսափելու համար է, որ պետությունը ներկայացնում է իրականության դարձերեսը: Ինչ լավ է ամեն ինչ: Չկա խնդիր, չկա եւ այն լուծելու անհրաժեշտություն:

Լավ, վիճակն այսպիսին է: Իսկ ի՞նչ է պետք անել: Առաջին հերթին պետությանը բաժին ընկած հարցերը պետք է հայտարարվեն ու դրվեն օրակարգում: Օրակարգում հարց դնելու նախադեպը մենք արդեն ունենք: Խոսքս կոռուպցիայի մասին է: Բավական եղավ ընդամենը խնդիրը հայտարարել, եւ պարզ դարձավ, որ այն ոչ միայն կա, այլեւ լուծում չի գտնում: Պատճառն այն է, որ վերոնշյալ 10 տոկոս խնդիրները պահանջում են համալիր լուծում:

Նախ՝ օրակարգում պետք է դրվի երկրում անպատժելիության մթնոլորտը արմատից վերացնելու խնդիրը: Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն: Այս մոտեցումը չպետք է կրի հռչակագրային բնույթ: Այդ մասին ժողովուրդը ոչ թե պետք է լսի իշխանավորից կամ կարդա այս կամ այն նախընտրական ծրագրում, այլ դա պետք է լինի պետական մարմինների խիստ որոշակի քայլերի արդյունքում ժողովրդի արած եզրակացությունը: Դրա համար պետք է տալ մարտիմեկյան դեպքերի իրական գնահատականը: Պետք է վերանա արտադրման, ներկրման ու արտահանման մոնոպոլիան: Պետությունը պիտի վերջնականապես որոշի՝ 3 միլիոնի՞ շահը, թե՞ մոնոպոլի շահը: Պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն ժամկետանց դեղեր, հիվանդածին սննդամթերք ներկրողներն ու արտադրողները: Պետք է կանխվի ներքին ցեղասպանությունը, որ ժողովուրդը չատի պետական պաշտոնյաներին: Չէ՞ որ ոչինչ այնպես չի խոցում մարդու հոգին, որքան անարդարությունը:

Հիմա մի կարեւոր խնդրի մասին: Խոսքս հայրենակցական միություններին է վերաբերում:

Մեծ եղեռնից փրկված այն հայերը, որոնք Հայաստան տեղափոխվեցին, իրենց կորցրած բնակավայրերից հոգեբանորեն չկտրվելու, իրենց ինքնության սերմն այս հողին պահ տալու համար այդ բնակավայրերի անուններով կոչեցին Հայաստանում իրենց բաժին հասած գյուղերն ու քաղաքները, ավաններն ու թաղամասերը ու համախմբվեցին նոր Այնթապի, Մալաթիայի, Արաբկիրի շուրջը: Ստեղծվեցին հայրենակցական միություններ, որոնք փրկօղակ եղան եղեռնը վերապրածների համար: Այդ միությունների շնորհիվ պահպանվեց մեր հայրենակիցների տեղային մշակույթը, խոսվածքը, սովորույթները: Այդպիսով փրկվեց նրանց հուշը, որ նույնն է, թե փրկվեցին այդ հուշը կրողները՝ նրանց մարդկային, քաղաքացիական տեսակը: Այդ հայրենակցական միությունները մեծ ու կարեւոր խնդիր ունեին լուծելու ու փաստորեն միանգամայն դրական դերակատարություն ունեցան:

Այսօր մեզանում գործող հայրենակցական միություններն իրենք են հոգեբանական խնդիրներ առաջացնում եւ այդ միություններին, մեղմ ասած, դժվար է դրական գնահատական տալը: Դրանք շոկոլադապատ վնասակար նյութի պես մի բան են, որ ներքին թունավորում են առաջացնում: Նման հանրային միավորումներն արհեստականորեն ձեւել են մեր փոքրիկ երկրի վրա: Անհրաժեշտ է վերանայել այդ միությունների գոյության ու գործունեության խնդիրը: Պետք է տալ դրանց անհրաժեշտության ապացույցը, նշանակության վերլուծությունը: Այդ միությունները, որոնք բացահայտորեն նպատակամղված են սատարելու այս կամ այն ընտրություններում այս կամ այն քաղաքական ուժին կամ գործչին, աննկատ մասնատում են մեր ժողովրդին: Նրանք ոչ այնքան նպաստում են տվյալ տարածքի, այսպես ասած՝ նույն հող ու ջրի մարդկանց միախմբելուն, նրանց տեղային մշակույթը, կենցաղային տարրերը, պատմությունը պահպանելուն, որքան սահմանազատում են լոռեցիներին վայքեցիներից, սյունիքցիներից եւ այլն: Հայրենակցական միությունները կտրատում են առանց այդ էլ հազար ու մի չափումներով պառակտված մեր ժողովրդին: Նմանատիպ միությունների ստեղծման իրական դրդապատճառը Հայաստանում ձեւավորված «քվե բերողի» ինստիտուտում գերազանց առաջադիմություն ցուցաբերելն է: Որքան մեծ է հայրենակցական միությունը, այնքան մեծ է նրա ղեկավարի՝ որպես «քվե բերողի» քաղաքական կշիռը: Բայց հայրենակցական միությունների ամենասեւ գործը մեզանում այն է, որ նրանք հակակշռում են ազգային միասնության գաղափարին: Այս «տարածքային կտրատվածությանը» գումարվում են բազմաթիվ այլ թիմային, կրոնական տարանջատումներ, որոնցից ազատվելու հրատապության մասին խորհելիս երիցս մարգարեական է հնչում Չարենցի ուղերձը՝ «Ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ի դեպ, հենց այս ուղերձն են որպես իրենց գործունեության բնաբան ընտրում նշված տարանջատիչները:

Մեզանում տարակուսելի միտում ունեն նաեւ շարան-շարան, առանց իրական գաղափարական հենքի ստեղծված կուսակցությունները: Պետականության կայացման համար անհրաժեշտ է նաեւ ձերբազատվել այդ թիմային, կուսակցական փոքրություններից: «Կուսակցամոլը թշնամին է իր ժողովրդի, բարեկամը՝ իր ժողովրդի թշնամիների»: Նժդեհյան այս ոսկե կանոնի լավագույն օրինակը բոլշեւիզմն էր, երբ պետականորեն ազդարարվեց մեծ տեռորի մեկնարկը ու ամբողջ երկիրը վերածվեց տեռորիստական կառույցի: «Կոմսյուգը» կուսակցական խանդավառությամբ իր ժողովրդի սերուցքին կորստյան մատնելու քվոտաներ էր պահանջում Մոսկվայից: Ազգուրաց, մոլեռանդ կուսակցամոլներն այդ տարիներին Խորհրդային միության տարածքում 50 մլն անմեղ զոհ տվեցին՝ շատ ավելի, քան ֆաշիզմը:

Այսօր մեզանում մահվան քվոտային փոխարինելու է եկել «քաղաքակիրթ» քվեն: Ցավոք սրտի, քվե բերողների ձեռքերը հասնում են նաեւ կրթական հաստատություններին՝ տնօրենների միջոցով ծնողական համայնքի վրա ճնշում գործադրելու միտումով:

Քանի որ հիշեցինք Նժդեհին, խոսենք նաեւ մի ցավոտ հարցի մասին: Մեր անկախ երկիրն արդեն քանի տարի է՝ հանդուրժում է Նժդեհի անվան Սպանդարյան հրապարակի գոյությունը: Մեծ ազատասերն իր երազած անկախ հայրենիքում էլ գտնվում է կոմունիստական ճնշման տակ: Նժդեհի անվան հրապարակում Սուրեն Սպանդարյանի արձանի ներկայությունն, ըստ իս, կոմունիստների սրտով էլ չպիտի լինի: Գոնե նրանք ձեռնարկեին նվիրյալ կոմունիստի արձանի օտարումը Նժդեհի անվան հրապարակից: Խոսքը կոմունիստական անցյալը ջնջելու մասին չէ, այլ մեր երկրի գաղափարական փնթիության:

Օրակարգում պետք է դնել արտագաղթի հարցը: Այն պետք է ոչ թե կասեցնել, այլ պետք է չնպաստել դրան: Մեր պետությունն ու կառավարությունը բարձրաձայն ու միանգամայն հստակ պետք է հայտարարեն, թե ուր է գնում Հայաստանը: Ինչպիսին պետք է լինի երկիրը, ինչպիսին պետք է լինի քաղաքացին: Իմ համոզմամբ, անկախ այդ հայտարարության բովանդակությունից, այն մեծ չափով կկանխի արտագաղթը, քանի որ մարդիկ ավելի շատ լքում են Հայաստանը ոչ այն պատճառով, որ համաձայն չեն երկրի դիրքորոշման հետ, այլ այն պատճառով, որ ոչ մի կերպ չեն հասկանում այս երկրի դիրքորոշումը: Այս բոլոր հարցերը օրակարգում դնելն ու դրանց համալիր լուծում տալը բխում է հենց պետական պաշտոնյաների շահերից: Խնդիրը միայն այն չէ, որ իրենք էլ են այս երկրում ապրում, իսկ վատ երկրում լավ ապրելն այնքան էլ հարմար բան չէ: Խնդիրը շատ ավելի պարզունակ է՝ վաղը նորից ընտրություններ են լինելու, ու նրանք վաղը նորից գնալու են ժողովրդի դուռը՝ քվեի հետեւից: Ու կգա, հաստատ կգա մի օր, որ ժողովրդին թերագնահատող իշխանավորին չեն օգնի ոչ հայրենակցական միությունները, ոչ կուսակցությունները:

Այն անօգուտ ջանքերը, որ զուր վատնվում են, կիսով չափ կարելի է ուղղել այս խնդիրներին եւ ունենալ ժողովրդի անկեղծ վստահությունն ու աջակցությունը: Այդ դեպքում ժողովուրդն առանց կողմնակի միջամտությունների կտա իր քվեն իշխանավորին, որն էլ հանգիստ խղճով երկրի կեցության համար անհրաժեշտ խնդիրների 90 տոկոսը կբարդի ժողովրդի վրա, ու ժողովուրդն այդ բեռն ավելի թեթեւ ու սիրով կտանի, քան իր հանապազօրյա հացը մի կերպ փախցնելու բեռը: Դրան անմիջապես կհետեւի երկրում տիրող իրավիճակի նկատմամբ ժողովրդի պատասխանատվությունը: Եվ հենց սա է ժողովրդավարությունը:

Այդ դեպքում, հաստատ, մեր ժողովուրդը կհարգի իր ներկան ու չի պարծենա իր անցյալով: Իր անցյալով պարծենում է չբավարարված ժողովուրդը: Բավարարված ժողովուրդը պարզապես ճանաչում է իր անցյալը՝ իր պատմությունն ու նրա տված դասերը, իր անցյալի ավանդույթները, ծիսակատարություններն ու խորհրդանիշները: Այդպիսի ժողովուրդն աշխարհի ունեցածն իր ձեռքով չի փաթաթում իր վզին ու չի նմանակում աշխարհին:

Եվ միայն այդպիսի ժողովուրդ ունեցող երկիրն է, որ լավ իմաստով հետաքրքրում է աշխարհին:

ՌԱԶՄԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031