Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալերգիան` դարի հիվանդություն. Օգտակար խորհուրդներ

Մարտ 03,2012 13:26


 

      Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  21-րդ դարը հայտարարել է  ալերգիայի դար, քանի որ վիճակագրական տվյալներով այն 3-րդ հազարամյակի խոլերա է:

    Ալերգիան (հուն.allos-այլ, ergon-ազդեցություն) օրգանիզմի գերզգայուն վիճակն է: Ալերգիա  առաջացնող նյութերը`  ալերգածինները, բնույթով  և  ազդեցության  տեսակով  խիստ տարբեր  են լինում`  կենսաալերգածիններ,  ծաղկափոշու, սննդային, արդյունաբերական,  ֆիզիկական  բնույթի և այլ  տեսակների:

Ըստ  ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանի`  Հայաստանում ալերգիայի ամենտարածված տարատեսակներն են փոշու տզերից, շներից եւ ծաղկափոշուց առաջացող ալերգիաները: 22-ամյա Տաթևիկի մոտ արդեն 5 տարի է, ինչ ծաղկափոշուց ալերգիա է առաջանում. «Յուրաքանչյուր գարնան սկիզբ ինձ մոտ ազդարարվում է ալերգիայով. մաշկս և աչքերս դառնում են չափազանց զգայուն, սկսվում է սաստիկ քոր, աչքերս բորբոքվում են: Այս նույն ախտանիշնրն առաջանում են նաև ամռանը, երբ երկար ժամանակով մեկնում եմ հանգստանալու քաղաքից դուրս, ուր կան բազմապիսի ծաղիկներ և  ծառեր»: Տաթևիկը նաև նշում է, որ ալերգիայի դեմ օգտագործում է մի շարք դեղամիջոցներ, որոնք սակայն օգնում են միայն ժամանակավոր:

Ըստ տիկին Բաղդասարյանի` ապացուցված փաստ է, որ ալերգիաների առավել շատ տեսակներ տարածված են զարգացած եւ ոչ թե զարգացող երկրներում։    «Օրինակ` Եվրոպայում (մասնավորապես Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում), ուր գրանցվել են անձնական հիգիենայի պահպանման ամենաբարձր ցուցանիշները, ալերգիաներն ամենամեծ տարածումն ունեն։ Զարմանալի է, բայց փաստ. որքան շատ են մարդիկ իրենց և իրենց երեխաներին զերծ պահում միկրոբների, կենդանիների, հողի և փոշու հետ շփումից, այնքան ավելի թույլ է դառնում նրանց իմունային համակարգը, ինչն էլ պատճառ է դառնում տարատեսակ ալերգիաներ ունենալուն։ Հակառակ դրան, զարգացող երկրներում, ուր բնակչությունն այնքան էլ հետեւողական չէ հիգիենայի հարցերում, ալերգիաների տարածվածության փոքր ցուցանիշ կա»,- բացատրում է ալերգոլոգը։
35-ամյա Աննան տառապում է տարատեսակ ալերգիաներից, սակայն ամենից շատ վախենում է ծաղկափոշուց առաջացած ալերգիայից. «Մի անգամ, երբ բարձրանում էինք Արա լեռն, ինձ մոտ ուժեղ ալերգիա սկսվեց, և ես խեղդվում էի, չէի կարողանում շնչել, ինձ մոտ տագնապ էր առաջացել, կարծում էի` կխեղդվեմ, քանի որ անտառի մեջտեղում էինք, և շուրջ բոլորս ծառեր ու ծաղիկներ էին: Այդ օրվանից այլևս նման փորձեր չեմ կատարում»:

Մասնագետի հավաստմամբ` ալերգիաները սրվում են հատկապես գարնան եւ աշնան ամիսներին՝ պայմանավորված բնության մեջ կատարվող մի շարք գործոններով՝ ծաղիկների փոշոտմամբ եւ այլն։   «Սակայն փոշու տզերի հանդեպ ալերգիան, օրինակ` մարդկանց մոտ կարող է նկատվել ողջ տարվա ընթացքում, եւ մանավանդ ձմռանը, քանի որ փոշու տզերը գոյատեւում են  տներում, իսկ մարդիկ ձմռան ամիսներին մեծամասամբ տանն են լինում»,- նշում է Աստղիկ Բաղդասարյանը։ Նա, որպես օգտակար խերհուրդ, նշում է մի  քանի միջոցներ ալերգիայի դեմ պայքարելու համար. Օշինդրը (պոլին)` որպես ալերգիայից ազատվելու միջոց.
«Պատրաստել օշինդրի թունդ թուրմ` եռացնելով այն 10 րոպե, ու թողնել, որ սառչի: Լավ լվացվել օճառով ու հետո ձեռքերն ու դեմքը լվանալ այդ թուրմով, սակայն չչորացնել, այլ թողնել, որպեսզի ինքն իրեն չորանա: Եղնջատենդը ձեզ երկար ժամանակ հանգիստ կթողնի:
Ալերգիայից ազատվելու ամենալավ միջոցներից մեկը համարվում է թարմ նեխուրի հյութը (1-2 թեյի գդալ՝ օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ): Փոշու, հատկապես գրքի փոշու նկատմամբ եղած ալերգիային շատ լավ օգնում է հետեւյալ բույսերի հավաքածուն` հազարաթերթիկ, արեւքուրիկ, խատուտիկի արմատներ, դաշտային ձիաձետ, եգիպտացորենի թելիկներ, երիցուկ եւ մասուրի պտուղներ: Այս խառնուրդից 4 ճաշի գդալ լցնել 1 բաժակ ջրի մեջ ու թողնել մինչեւ առավոտ: Առավոտյան դնել կրակին ու հասցնել եռման ջերմաստիճանի, բայց չեռացնել ու թողնել 4 ժամ: Այնուհետեւ խմել օրվա ընթացքում 3 անգամ բաժակի 1/3-ի չափով: Այս ընթացքում չի կարելի ալկոհոլ օգտագործել»:
Ամփոփելով՝ մասնագետը  նաեւ տեղեկացնում է, որ եթե ծնողներից մեկնումեկն ալերգիայի հակում ունի, ապա հավանականությունը, որ երեխան  եւս ալերգիկ կլինի, կազմում է 70 տոկոս։

P.S  «Ալերգիա» տերմինը 1-ին անգամ օգտագործել է մանկաբույժ Կլեմենտ Ֆոն Պիկետոնը 1906 թվականին: Նա նկատել է, որ իր հիվանդներից որոշների մոտ ախտանիշները իհայտ են գալիս արտաքին միջավայրի որոշակի նյութերի` ալերգենների հետ շփումից:

 

Ալվինա Սիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031