Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը դեմ է գնացել նույնիսկ օլիգարխին

Մարտ 03,2012 12:49

Երեկ Մաշտոցի պողոտայում գտնվող, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի տանիքից ծածկը հեռացվում էր, կամարներն էլ քանդվում էին: Ինչը մի շարք քաղաքացիների դժգոհությունն էր առաջացրել: Շինարարական բուռն եռուզեռից դատելով՝ շուկայի նոր սեփականատերը որոշել է շենքը ձեւափոխել եւ հարկայնությունն ավելացնել: Մինչդեռ Հուշարձանների պահպանության գործակալությունը, անդրադառնալով այս հարցին, վստահեցրել էր, որ Փակ շուկայի շենքն ունի հանրապետական նշանակություն եւ պետության կողմից գրանցված հուշարձանների ցանկում է, ուստի շենքի ցանկացած ձեւափոխում, առանց համապատասխան թույլտվության, բացառվում է:

Երեկ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արձագանքելով երեւանցիների ահազանգերին, հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության եւ հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին եւ ձեռնարկել համապատասխան քայլեր: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պարզաբանման. «Տեղում պարզվել է, որ կառույցի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում, առանց համապատասխան թույլտվության առկայության, նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն՝ առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար: Աշխատանքները դադարեցված են, եւ տարածքը վերցված է խիստ հսկողության տակ»:

 Լ. Բ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031