Լրահոս
Օրվա լրահոսը

Նորարարական մոտեցումներ

Մարտ 03,2012 12:38

ՀՀ-ԵՄ 2012-2013թթ. համագործակցության ծրագրում

Երեկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողներին է ներկայացրել Ազգային անվտանգության խորհրդի՝ նախօրեին տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկված եւ հավանության արժանացած երկու կարեւորագույն փաստաթղթերը՝ ՀՀ-ԵՄ 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը եւ ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է: Որպես ԵՄ կառույցների հետ ՀՀ համագործակցությունը համակարգող պետական հանձնաժողովի նախագահ՝ ուզում եմ նշել, որ մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ ձեռք է բերում որակական եւ բովանդակային նոր նշանակություն: Մեր երկիրը նախապատրաստվում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որը, ենթադրաբար, տեղի կունենա 2013թ. ավարտին: ՀՀ-ԵՄ 2012-2013 համագործակցության ծրագիրը 2 տարվա համար նախատեսված գործողությունների ծրագիր է, որը ներառում է 6 հիմնական խմբերի բաժանվող կոնկրետ 168 միջոցառում, որոնք ավելի են խթանելու ԵՄ-Հայաստան համագործակցությունը»:

Արթուր Բաղդասարյանն առանձնացրել է ծրագրում ներառված այն գործողությունները եւ միջոցառումները, որոնցում տեղ են գտել բավականին նորարարական մոտեցումներ: Մասնավորապես, լուրջ բարեփոխումներ են նախատեսվում քրեակատարողական հաստատությունների ոլորտում: Հայաստանում կներդրվի պրոբացիոն ծառայության համակարգ եւ կմշակվի այլընտրանքային պատիժների իրականացման ռազմավարությունը: Պրոբացիոն՝ վարչական հսկողության ծառայությունը թույլ է տալիս, որ նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցանքների համար մարդիկ ոչ թե հայտնվեն ուղղիչ աշխատանքային հաստատություններում, այլ վարչական խիստ հսկողության ներքո՝ մարդու տեղաշարժը հսկողության տակ պահելու՝ ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների շնորհիվ: «Շատ կարեւոր նորարարություն է, որը հնարավորություն կտա, որ նվազ հանցագործություններ կատարած անձինք ոչ թե զրկվեն իրենց ընտանիքից եւ ազատությունից, այլ պետության կողմից արդյունավետ եւ խիստ վարչական հսկողություն իրականացնելու պայմաններում իրենց պատիժը կրեն ազատության մեջ»,- ընդգծել է ԱԱԽ քարտուղարը:

Խոսելով դյուրացված վիզային ռեժիմի ընդունման գործընթացի մասին՝ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այն հնարավորություն կտա տարբեր սոցիալական խմբերի առավել պարզեցված ընթացակարգերով՝ առանց ավելորդ քաշքշուկների անարգել մուտք գործել ԵՄ տարածք: «Մեր երկրում մեկնարկում է խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, որը նշանակում է տնտեսական համագործակցության բոլորովին նոր մակարդակ: ԵՄ-ն Արեւելյան Գործընկերության անդամ երկրներին առաջարկում է GSP+՝ ընդհանրացված արտոնությունների համակարգը, որը հնարավորություն կտա հայկական ապրանք արտադրողներին, մեր ձեռնարկություններին առանց բյուրոկրատական քաշքշուկների եւ նաեւ շատ դեպքերում առանց մաքսային վճարների ներթափանցել մի քանի հարյուր միլիոն բնակչություն ունեցող ԵՄ շուկա, ինչը չափազանց կարեւոր է Հայաստանի համար՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների դիվերսիֆիկացման եւ ազատ առեւտրի խթանման առումով»,- ասել է նա:

Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտին: «Հայաստանում այս տարվա ընթացքում կհաստատվի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, որը հնարավորություն կտա մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը Հայաստանում էականորեն բարելավել: Այս աշխատանքում ներգրավված են ԵՄ փորձագետները, եւ այս փաստաթղթի մշակումը եւ ընդունումը հնարավորություն է տալու մեզ տարբեր մակարդակներում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության խնդիրները դնել բոլորովին նոր հարթության վրա: Խոսքը վերաբերում է ոչ միայն դատական իշխանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին, այլեւ ընդհանրապես մարդու իրավունքների իրացման հետ կապված բոլոր հնարավոր բյուրոկրատական քաշքշուկների զրոյացմանը կամ նվազագույնին հասցնելուն»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ ԵՄ լավագույն փորձի հաշվառմամբ մշակված քայքայիչ աղանդների դեմ պայքարի ռազմավարությանը՝ շեշտելով, որ խոսքը չի վերաբերում կրոնական ազատությանը կամ ազատ դավանանքին, այլ այն աղանդավորական շարժումներին, որոնք իրենց քայքայիչ գործունեությամբ վտանգ են ներկայացնում եւ ռեալ սպառնալիք են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար:

Անդրադառնալով քննարկված երկրորդ կարեւորագույն փաստաթղթին՝ ահաբեկչության եւ կիբեր ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությանը՝ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Ահաբեկչությունը մեծագույն սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, եւ Հայաստանը նույնպես բացառություն չէ: Մենք մեր երկրում ունենք վտանգավոր օբյեկտներ՝ ատոմակայան, տարբեր ռազմավարական նշանակության պետական այլ կարեւորագույն օբյեկտներ եւ պետք է պատրաստ լինենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում: Հայաստանի Հանրապետության ահաբեկչության եւ կիբեր ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը ենթադրում է առկա բոլոր վտանգների վերլուծություն, ահաբեկչական հնարավոր գործողությունների ժամանակ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացում եւ նման քայլերի դեպքում հակազդման արդյունավետ գործիքների կիրառում»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031