Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի էր ունենում «Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարը: Առաջին նիստի ընդմիջումից հետո, երբ կուսակցության պատգամավորներն ու համագումարի մյուս մասնակիցները դուրս եկան Մելիք-Ադամյան փողոց, որտեղ հենց կառվարության նիստերի դահլիճին դեմ-դիմաց գտնվում է ՀՀԿ գրասենյակը, տեսան ՀՀԿ-ի դրոշով եւ «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» գրառմամբ զարդարված կայանված սպիտակ մի ավտոբուս: Պարզվեց կառավարության անդամները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, մեկնում էին Սյունիքի մարզ: Մինչ այս նրանք արդեն հասցրել էին լինել Արագածոտնի եւ Տավուշի մարզերում եւ հանդիպել այդ մարզերի բնակիչների հետ` ՀՀԿ-ականների ասելով` ներկայացնելու համար կառավարության անցած 4 տարիների արածն ու նաեւ առաջիկա ծրագրերը, ինչն առանց «դիվանագիտական« այլեւայլ ձեւակերպումների՝ այլ կերպ կոչվում է քարոզարշավ:
Բնականաբար, հենց փողոցի կենտրոնում, որն արդեն խցանվել էր այնտեղ կայանված մեծ թվով մեքենաների եւ ավտոբուսի պատճառով, տեղի ունեցավ վարչապետ-կառավարության անդամներ-«ժառանգականներ»՝ Արմեն Մարտիրոսյան, Ստեփան Սաֆարյան եւ Անահիտ Բախշյան, հանպատրաստից հանդիպում, որն անցավ անհամեմատ ավելի ջերմ մթնոլորտում, քան այն հանդիպումները, որոնք ԱԺ նիստերի դահլիճում են լինում: «Ժառանգության» պատգամավորներն, իհարկե, պահը չէին կորցրել հարցնելու՝ բա ո՞վ է աշխատելու, եթե կառավարությունն իր ողջ կազմով Սյունիք է մեկնում: Պատասխանը եղել էր՝ մենք գնում ենք ոչ աշխատանքային օրերին: Իսկ թե ինչո՞ւ ՀՀԿ-ականներից որեւէ մեկն այդպես էլ չմասնակցեց «Ժառանգության» համագումարին, թեեւ հրավիրված էին, վարչապետն արդարացել է, թե՝ տեղյակ չեն եղել: Այսպես մի քանի բառ փոխանակելուց հետո վարչապետն ու «Ժառանգության» ներկայացուցիչները փոխադարձաբար հաջողություններ ու բարի ճանապարհ մաղթելով իրար հրաժեշտ տվեցին: