Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ-ն Սերժ Սարգսյանին աջակցելով՝ Վազգեն Սարգսյանի ճանապարհով է գնում

Մարտ 02,2012 20:52

ԵԿՄ-ի փետրվարի 18-ի հայտարարությունը, որ աջակցելու են Սերժ Սարգսյանին, ոչ միայն չի արատավորում երկրապահի պատիվը, այլեւ չի պղծում Վազգեն Սարգսյանի ժառանգության մասունքները: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսպես հակադարձեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթին՝ ասելով. «Ինչի՞ պիտի արատավորի: Իրենք նույն  ճանապարհն են անցել, միասին պատերազմել են, հաղթանակներն են միասին տարել: Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում այնտեղ, որ ԵԿՄ-ն սատարում է Սերժ Սարգսյանին»: Մեր հարցին՝ ձեր կարծիքով դա բոլո՞ր երկրապահների դիրքորոշումն էր, թե՞ Մանվել Գրիգորյանի որոշումը՝ նա պատասխանեց. «Տեղյակ չեմ, բայց կարծում եմ՝ իրենք խորհրդակցել են, որովհետեւ իրենք էլ են հավաքվում, ժողովներ անում, ընդհանուր կարծիք է դա»:

Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի ժառանգության մասունքները պղծելուն, Կարինե Աճեմյանը համոզված է, որ «Երկրապահն էլ է Վազգեն Սարգսյանի ճանապարհով գնում եւ հիշատակը հարգում, մենք էլ ենք հարգում, նախագահն էլ է հարգում»:

Մեր հարցին՝ ձեր կարծիքով, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, նորից ԵԿՄ-ն Սերժ Սարգսյանի՞ն կսատարեր՝ Կարինե Աճեմյաննը պատասխանեց, որ 99 թվականից շատ ժամանակ է անցել. «Այնքա՜ն բան կարող էր ուրիշ տեսակ լինել, բայց փաստ է, որ իրականությունն այսպիսին է, եւ ես երկրապահի ո՛չ հայտարարության, ո՛չ իրենց կեցվածքի մեջ արտառոց բան չեմ տեսնում: Ինչքան համախմբվենք մենք, այնքան ավելի շուտ մեր նպատակներին կհասնենք»:

Նիկոլ Փաշինյանի հրապարակած Մարտի 1-ի «պատասխանատուների» ցուցակը տիկին Աճեմյանի համար նույնպես արտառոց չէ. «Իրենք արդեն երկար ժամանակ է՝ այդպիսի ցուցակներ պարբերաբար հրապարակում են, այնպես չի, չէ՞ որ առաջին անգամ է: Չեմ կարող ասել՝ ՀՀԿ-ն այդ ցուցակին կարեւորություն տալի՞ս է առհասարակ, թե՞ ոչ, քանի որ մենք դա չենք քննարկել: Իմ կարծիքով, նա այդպիսի ցուցակների մասին էլի խոսել է, նորություն չէ: Ընդհանրապես միանշանակ այդ թեմայով խոսել, երբ գալիս են օրերը՝ այդպիսի հարցեր բարձրացնել, հետո գիտեք, հիմա ընտրություններ են, կարծում եմ, այս թեման ընդհանրապես պետք չէր շահարկել, բայց ցավոք, շահարկվում է»:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր Պետրոսյանի գնահատականներին, որ Ռոբերտ Քոչարյանը խորտակված նավ է, Սերժ Սարգսյանը՝ խորտակվող՝ տիկին Աճեմյանն ասաց, որ դա էլ է համարում նախընտրական շրջանում հնչեցրած հայտարարություն. «Ընդդիմություն են, պետք է այդպես էլ ասեին: Իրենք ընդհանրապես այդ ոճի մեջ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031