«Առավոտին» է հանձնվել զոհված զինվորի` Թորգոմ Սարուխանյանի մոր` Լենա Սարուխանյանի նամակը: Այն տպագրում ենք առանց միջամտությունների:
«Ու՞ր է մեր գյումրեցու թասիբը , եթե գյումրեցու մեջ իրոք կա այդ թասիբը, ուրեմն բոլորը միասին մեկ մարդու նման պետք է պաշտպանեն մեր զոհված տղաների թասիբը. չէ՞ որ ինքնասպանություն հանելով վիրավորում են մեր գյումրեցու թասիբը, կպնում են մեր արժանապատվությանը, ի՞նչ է` մեր գյումրեցու որդիները այդքան թուլամո՞րթ են: Ես գիտեմ, որ միշտ էլ մեր գյումրեցին եղել է առաջին հերթին շատ պատվախնդիր մարդ, շատ խելացի, արվեստագետ ու արհեստագետ, մարդասեր, հյուրասեր, գիտի իր արժանիքները ամեն տեղ և ամեն ոլորտում, մի խոսքով աշխարհի ամենալավ խոսքերը գյումրեցու համար են ասված: Չնայած ամեն գյումրեցի գյումրեցի կոչվնելու իրավունք չունի, ինչպես նաև դատավոր Լեռնիկ Աթանյանը: Իսկ հիմա սպանում են գյումրեցու զավակին, ու դուք լռու՞մ եք գյումրեցիներ, ու՞ր է ձեր այդ թասիբ ասվածը:
Գյումրեցին իր զավակին լավ է դաստիարակում` գրագետ, խելացի, մի խոսքով խոսքեր չեմ գտնում, որ արտահայտվեմ մեր լավ սերնդի համար, որ մեծացնում է գյումրեցին, և թե ինչ գնով մեր պետության մեջ, ուր աշխատատեղ էլ չկա, դա մեր ղեկավարությանն ընդհանրապես հետաքրքիր չէ ու ի՞նչ տանում են ՀՀ քաղաքացուն մի այլ պետություն` ԼՂՀ ու սպանում են: Վերացրեք զինվորներին սպանելը ու աշխատատեղ ստեղծեք Գյումրիում, որ գյումրեցին էլ բարգավաճի: Որի որդին բանակից հետ է եկել կես մարդ դարձած, նրանք էլ պետք է բողոքեն, և որի որդին նոր է գնալու բանակ, նրանք առավելապես պետք է բարձրաձայնեն, քանի որ կան և շարունակվում են այսքան դաժան սպանությունները: Մեր բանակը դարձրել են իսկական ոստիկանատեղի:
Թորգոմի հայրը շատ լավ արհեստավոր է, որին չի գնահատում մեր պետությունը, նա իր ընտանքից հեռու, ընտանիքին կարոտ աշխատում է այլ պետության մեջ, որ հասցներ իր զավակներին պահել բանակում և ի՞նչ` երեխի դեպքն իմանալուց հետո ընկել է բարձրահասակ շենքի կտուրից և թևը ջարդվել է: Ներկա դրությամբ այդ նույն ջարդված, ինվալիդ թևով էլ աշխատում է, որ հասցնի իր երեխի գերեզմանն ու արարողությունները կատարի, ու էլի ինքը չէր կարողանում ներկա լիներ իր երեխի արարողություններին , մի անգամ գոնե լիներ իր երեխի սարքված գերեզմանին: Եվ սա էլ եղավ պետությու՞ն, ու մենք էլ պետք է ասենք, որ ունենք ղեկավարությու՞ն: Իսկ մյուս որդիս իմ վատառողջ լինելու պատճառով չի էլ կարողանում ինձ թողնել մենակ, որ գնա հոր հետ աշխատի: Քանի որ որդիս տեսնում է, թե ես ինչ վիճակի մեջ եմ ընկնում այս մեկ տարվա ընթացքում, այսինքն Թորգոմիս դեպքի օրվանից մինչև օրս, այսքան անարդարություններն էլ իր հերթին: Իսկ մեր պետության մեջ չկա մի աշխատանք, արժանի վարձավճար, որ երեխեդ իր հողի վրա աշխատի: Ինչու՞ մեր շինարար լավ մասնագետները ուրիշ պետության մեջ պետք է գտնեն իրենց արժանիքները, երբևիցէ դուք ձեզ այս հարցը տվել եք, մեր ղեկավարություն»:
Լենա Սարուխանյան, զոհված զինվոր Թորգոմ Սարուխանյանի մայր