Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության 7-րդ համագումարի բանաձեւը

Մարտ 02,2012 20:31

Ելնելով կուսակցության` նախորդ համագումարներում ընդունած որոշումների եւ հռչակագրերի ոգուց, հավանության արժանացնելով վեցերորդ համագումարից հետո կուսակցության խորհրդի հաստատած փաստաթղթերը,

«Ժառանգություն» կուսակցության յոթերորդ համագումարն արձանագրում է.

 

Տարածաշրջանում Հայաստանն ու նրա ժողովուրդը շարունակում են ապրել ուժգնացող ներքին ու արտաքին մարտահրավերների պայմաններում: Արդյունքում`

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատությունը, իշխանության կազմավորման ու երկրի կառավարման գործընթացներին նրա մասնակցությունը սահմանափակված են: Անպաշտպանվածության զգացումից, իշխանական կամայականություններից, կոռումպացվածությունից, սոցիալական ու իրավական անարդարություններից հուսալքված` բազում մեր համերկրացիներ շարունակում են բռնել արտագաղթի ճանապարհը:

 Ժողովուրդն իրականում մինչ օրս իշխանության աղբյուր չի հանդիսացել, իսկ փաստացի ձեւավորված իշխանությունը հաշվետու չի եղել նրան: Ազգային հարստության ու երկրի պաշարամիջոցների բաշխումն իրականացվել է ոչ հասցեական` հազարավոր մարդկանց եւ ընտանիքների իրավունքների ու իսկական կենսավիճակի անտեսմամբ:

 Պետության լծակները ծառայեցվել են որպես գործիք քաղաքականության ու տնտեսության մեջ անհավասարությունը, ավատատիրությունն ու մենաշնորհը ընդլայնելու, առանձին խմբերի, կուսակցությունների ու իրենց պետերի, քրեածին եւ օլիգարխիկ տարրերի հետաքրքրությունները սպասարկելու համար, ինչը շատ հաճախ ուղեկցվել է հասարակության եւ շարքային քաղաքացու շահերի ոտնահարմամբ:

Ազգային շահի գիտակցումը, Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հայոց ինքնությունը պահպանելու, Հանրապետության քաղաքացու, ազգի արժանապատվությանն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին հակադարձելու, բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու հրամայականները պետք է ուղենշեն Հայաստանի արտաքին հարաբերությունները:

Թուրքիայի հետ կապերի կարգավորման կողմնակիցը լինելով` կուսակցությունն անթույլատրելի է նկատում որեւէ գործողությամբ կամ փաստաթղթով 1921թ. կնքված թուրք-բոլշեւիկյան անիրավակարգ պայմանագրերի ճանաչումը Հայաստանի կողմից` դրանցից բխող պարտավորությունների ստանձնումը, հայ-թուրքական արձանագրություններում ենթադրվող որեւէ նախապայմանի ընդունումը: Հայոց ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հիմնախնդրի միջազգայնացումը, արեւմտահայության շառավիղների հայրենադարձության իրավունքի ճանաչման ուղղությամբ քայլերի մշակումն ու Սփյուռքի հետ փոխգործակցումը այս հանձնառության անբաժանելի մասն են կազմում:

Բացառիկ հարգանքի արժանի Արցախի օրինավոր անկախության ու ամբողջականության անվերապահ ճանաչումը հանրապետական իշխանությունների անուղղակի կամ բացահայտ համաձայնությամբ վտանգաշատ պայմանականության մեջ է պահվում այլոց կամքից, հակամարտության էությունը նենգափոխող առաջարկներից եւ միակողմանի զիջումներից, առանց ԼՂՀ-ի մասնակցության բանակցություններից, աշխարհաքաղաքական զարգացումներից, նույնիսկ` հայ-թուրքական հարաբերություններից: Ադրբեջանի ռազմական սադրանքներին եւ ԼՂՀ հիմնախնդիրը խեղաթյուրող նախահարձակ քարոզչությանը ցուցաբերվող Հայաստանի հակազդեցությունը գնահատելով ոչ բավարար` կուսակցությունը մատնանշում է, որ իրավիճակի բեկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններում ԼՂՀ-ի լիիրավ մասնակցի կարգավիճակի անմիջական հաստատումն է:

Ռուսաստանի հետ հարաբերություններում բարեկամության ջատագով լինելով` կուսակցությունը չհիմնավորված է գնահատում Հայաստանում Դաշնության ռազմահենակետերի տեղակայման ժամկետավրեպ երկարաձգումը, անթույլատրելի է համարում Ռուսաստանի ուղեծրի շուրջ նախկին ԽՍՀՄ հանրապետություններ միավորելու որեւէ ձեռնարկի Հայաստանի մասնակցությունը` ի հաշիվ իր իսկ ինքնիշխանության:

Կարեւորելով Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը՝ կուսակցությունը գտնում է, որ լուծման կարոտ են մնում վիրահայության, հայոց մշակութային ժառանգության խնդիրները, իսկ հայրենի Ջավախքը դեռ չի դարձել երկու երկրները կամրջող կենսօղակ:

 Իրանի շուրջ մտահոգիչ միջազգային զարգացումներում կուսակցությունը կողմնակից է Իսլամական հանրապետության միջուկային ծրագրին առնչվող լարվածությունը բանակցությունների ճանապարհով հանգուցալուծելուն եւ ռազմական որեւէ դիպաշար գնահատում է պայթյունավտանգ:

 Դեպի Եվրոպական ժողովուրդների ընտանիք վերադարձը նկատելով Հայաստանի ռազմավարական նշանակության նպատակային հանգրվան` կուսակցությունը ողջունում է Ասոցացման համաձայնագրի շրջանակում ընթացող ԵՄ-ՀՀ բանակցությունները:

Ուստի` գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հանուն նոґր Հայաստանի ու սերնդափոխիչ նոր իրագործումների եւ լի քաղաքացիական ազգային իշխանություն ձեւավորելու վճռականությամբ,

 «Ժառանգություն» կուսակցության համագումարը որոշում է.

 

  • կոչով դիմել ազգային-ժողովրդավարական ուժերին ու քաղաքացիական ողջ հանրությանը՝ կատարելու համարձակ ու համատեղ քայլեր շոշափելի համախմբման ուղղությամբ` օգտագործելով հնարավոր բոլոր ուղիները` ընտրությունից մինչեւ հրապարակային միասնություն.

 

  • ողջունել «Ժառանգության» հեռանկարային համագործակցությունը քաղաքական ու քաղաքացիական գործընկերների հետ եւ քաջալերել սույն բանաձեւի գնահատականների ու լուծումների հիման վրա էական համերաշխության կենսակոչումը.

 

  • հրավիրել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստ ս.թ. մարտի 18-ին` նրան օժտելով առաջիկա ընտրությունների առնչությամբ որոշումներ ընդունելու իրավասությամբ.

 

  • լիազորել վարչության նախագահին` խորհրդարանական ընտրություններից հետո հրավիրելու կուսակցության հերթական համագումար` ղեկավար մարմինների ձեւավորման եւ օրախնդիր այլ հարցերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031